ՀԿԴ-ում նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով այսօրվա դատական նիստում ելույթ ունեցավ նաեւ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը, որը նիստի ավարտից հետո զրուցեց նաեւ լրագրողների հետ:
«Ես Էրիկ Ալեքսանյանի փաստաբանը չեմ, ես նրա ընկերն եմ: Էրիկ Ալեքսանյանը պաշտպանության կարիք չունի: Ես դա դատավորին էլ ասացի: Նախ, այն պատճառով, որ իմ ճանաչած ամենապրոֆեսիոնալ մասնագետն է եւ այն առումով, որ մեղադրանք այստեղ չկա, որից կարելի է եւ արժե պաշտպանվել:
Այո, պարոն Ալեքսանյանը եզրափակիչ ելույթում հայտնեց դրդապատճառների մասին, թե ինչու է հայտնվել քրեական հետապնդման թիրախում: Բայց պարոն Ալեքսանյանը մի փոքր համեստ գտնվեց, չխոսեց այն բոլոր երեւույթների մասին, որոնք եղել են դատավարությունից դուրս: Մասնավորապես, այսօր շատ բարձր պաշտոն զբաղեցնող անձանցից այն մեկի «հորդորների», որ ինքը ցուցմունք տա Արուսյակ Ալեքսանյանի դեմ եւ դրա փոխարեն ազատություն ստանա եւ նմանատիպ այլ երեւույթների մասին:
Փաստը մեկն է: Այստեղ Արուսյակ Ալեքսանյանն իր որեւէ լիազորություն չի չարաշահել: Որեւէ դատական ակտ, որը կլիներ խնդրահարույց, բացարկի հետ կապված խնդիրներ թույլ չի տվել, որին կարող էր օժանդակել Էրիկ Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
Համենայն դեպս, սա Էրիկ Ալեքսանյանին ճնշելու միջոց էր, որովհետեւ այդ օրերին ծայրահեղ հնչեղ եւ քաղաքական զգայունություն ունեցող գործերով մեկը՝ մյուսի հետեւից ազատ արձակվեցին չափազանց կարեւոր դերակատարներ, որոնք իշխանության համար նախընտրելի էր, որ մնային անազատության մեջ:
Փաստացի, պարոն Ալեքսանյանին չներվեցին իր իսկ հաջողությունները եւ սրա միջոցով նրան մեկուսացնելու խնդիր էր դրված: Մենք դատական նիստի ընթացքում խոսեցինք, որ այս գործը քննել կարող էր բացառապես Հակակոռուպցիոն կոմիտեն, բայց թողել են ԱԱԾ վարույթում, որպեսզի պրոցեսը դարձնեն կանխատեսելի: Խախտվել է օպերատիվ-հետախուզական՝ գաղտնալսման եւ տեսախցիկներով հետեւելու ամբողջ գործընթացը: Տպավորություն է, որ Արուսյակ Ալեքսանյանին հընթացս թիրախավորել են ինչ-որ գործողությունների համար: Որպես քրեական վարույթ ընթերցող մասնագետ, իրավաբան, ես տեսնում եմ, որ այստեղ արտաիրավական ինչ-որ երեւույթներ կան:
Էրիկ Ալեքսանյանի մեղադրանքը ապօրինի է, հիմնավորված չէ: Այն գործողությունը, որն իրեն վերագրվում է, ինքը դա անելու հասցեատերը չէր»,-ասաց Ալեքսանդր Կոչուբայեւը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ