Գործարար կառավարման մագիստրոս, կառավարման փորձագետ Բաբկեն Մկրտչյանն ահազանգել էր, որ չնայած Շիրակի մարզի սպանդանոցները չեն գործում, սակայն տուգանելու հերթը հասել է ռեստորանասրճարանատերերին ։
Մասնավորապես ՍԱՏՄ-ն 2024 թ․-ի դեկտեմբերին 300 հազար դրամով տուգանել էր Գյումրու՝ ոչ մեծ շրջանառություն ունեցող սրճարաններից մեկի տիրոջը՝ ոչ սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու պատճառաբանությամբ։ Նկատենք սակայն, տնտեսվարողը միսը ձեռք էր բերել քաղաքի կենտրոնական խանութներից մեկից, ոչ անօրինական գործող մսավաճառատնից։
Մեր զրուցակիցը հարցրել էր՝ այն մսավաճառատները, որոնք լեգալ գործում են, գուցե չպիտի՞ գործեն, որ տնտեսվարողն էլ այնտեղից գնումներ չկատարի ու չտուգանվի։
Բաբկեն Մկրտչյանը նշել էր՝ սպանդանոցներն աշխատեցնելու հարցով կառավարության կամ պատկան մարմինների փոխարեն ինչո՞ւ պիտի զբաղվի տնտեսավարողը՝ անվերջ տուգանվելով, և ո՞ւր են հասնելու՝ տուգանվելով։
Կարդացեք նաև
Նա նաև ասել էր, որ սպանդանոցային ձև N 5-ը առ ոչինչ փաստաթուղթ է, որովհետև նույնականացնել հնարավոր չէ։
Բաբկեն Մկրտչյանը նաև քննադատել էր, որ վերահսկող մարմնի ներկայացուցիչները տուգանքն են դարձրել աշխատաոճ, չեն հետաքրքրվում տնտեսվարողների խնդիրներով, կատարողներ են, որոնք գալիս են օրենքների մի խումբ անգիր արած՝ բյուջեն լցնելու նպատակադրությամբ։ Նրանք տնտեսվարողների հետ հետադարձ կապ չեն պահում խնդիրների կարգավորման համար, այլ խորհուրդ են տալիս բողոքարկել, դիմել դատարան։
Մենք պարզաբանումներ ստանալու խնդրանքով դիմել էինք ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմին․ փոխանցել էինք Բաբկեն Մկրտչյանի ահազանգը ու նաև հետարքրքվել, թե ՀՀ ո՞ր օրենքի կամ կառավարության ո՞ր որոշման համաձայն ու ի՞նչ ընթացակարգով պիտի խանութը կամ մսավաճառատունը փաստաթուղթ տրամադրի տնտեսվարողին առ այն, որ իր վաճառքի միսը սպանդանոցային ծագման է։
Հարցրել էինք՝ Շիրակ մարզում սպանդանոցներ չեն գործում, ինչո՞ւ են նման արհեստական խոչընդոտներ ստեղծում տնտեսվարողների համար, հատկապես երբ միսը ձեռք են բերել կենտրոնական խանութներից մեկից։
Մեզ ուղարկել են հետևյալ պարզաբանումը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Դա օրենքի պարտադիր պահանջ է. Անասնաբուժության մասին օրենք 22-րդ հոդված 1-ին մասով՝ սննդի շղթայում տնտեսավարողը պարտավոր է «…սննդի շղթայի փուլերում մշակել, վերամշակել, բաշխել, պահել, պահպանել, փոխադրել, ներմուծել, հանրային սննդի ծառայություններում օգտագործել, մատակարարել և իրացնել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք»:
Ինչ վերաբերում է, թե ինչպե՞ս պետք է ապացուցել, որ միսն ունի սպանդանոցային ծագում, ապա, կառավարության 29 հունիսի 2006 թվականի N 993-Ն որոշմամբ, կենդանական ծագման մթերքը պետք է դրոշմվի, որը կատարվում է հետևյալ կերպ. խոշոր եղջերավոր կենդանու, մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի և ջորու մսեղիքի կամ կիսամսեղիքի վրա դրվում է միայն N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով դրոշմից մեկական՝ թիակի, կողոսկրի և ազդրի հատվածում:
Հիշեցնենք նաև, որ կառավարության 21 հոկտեմբերի 2010 թվականի N 1499-Ն որոշման համաձայն՝ N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրամադրվում է սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման, վերամշակման (մշակման) և (կամ) իրացման (վաճառքի) համար՝ սպանդանոցային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:
N 5 ձևի անասնաբուժական վկայականն ունի պիտակ, որը տրամադրվում է, երբ N 5 ձևի անասնաբուժական վկայականով իրացվող կենդանական ծագման մթերքը կամ հումքն իրացվելու է տարբեր խմբաքանակներով: Պիտակը նույնականացվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի հերթական համարակալման հետ, յուրաքանչյուր պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով և արագ արձագանքման կոդի (Quick Response (QR) code) միջոցով:
Այս մանրամասն մեջբերումները իրավական ակտերից արվել են, որպեսզի իրացման ցանցից տարբեր խմբաքանակներ գնող տնտեսավարողները պահանջեն և ունենան N 5 ձևի պիտակը: Ձեզ դիմող իրացման ցանցի ներկայացուցիչը պետք է ունենար N 5 ձևի պիտակը:
Այսինքն, եթե հանրային սննդի կետում իրացվող միս-մսեղիքը չունի սպանդանոցային մորթը վկայող 5-րդ ձևը կամ դրա պիտակը, ապա ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։
Այս պահին Շիրակի մարզում կա 5 գրանցված սպանդանոց, որոնցից 2-ն են ծառայություն մատուցող (փաստացի չեն գործում):
Սակայն այլ մարզերում, նաև Շիրակի մարզին հարակից, կան գործող սպանդանոցներ, որոնցից Շիրակի մարզում գործող իրացման ցանցերը պատվիրում և ստանում են անվտանգ միս-մսեղիք:
Ի պատասխան այն մարդկանց, որոնք պնդում են, թե զանգում են տարբեր սպանդանոցներ և որևէ արձագանք չեն ստանում, առաջարկում ենք կապվել Կոտայքի մարզում Ջրառատ գյուղում գտնվող սպանդանոցի սեփականատեր Հովհաննես և Արման Աբելյանների (հեռ. (093 46-36-89 կամ 077 81-80-00), որոնք պատրաստ են հանրապետության ցանկացած վայրից, նաև Շիրակի մարզի ցանկացած բնակավայրից, անվճար տեղափոխել կենդանիներին իրենց սպանդանոց և կազմակերպել մորթը: Ցանկության դեպում, յուրաքանչյուր կենդանատեր կարող է դիմել և տվյալ ընկերություն և ստանալ մորթի որակյալ ծառայություն:
Հիշեցնում ենք, որ կառավարության որոշմամբ սահմանվել է հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որտեղ հնարավոր է կառուցել սպանդանոցային կետեր:
Տեղեկացնում ենք նաև Շիրակի մարզում սպանդանոցային կետ կառուցելու նպատակով ՍԱՏՄ արդեն դիմել է 1 քաղաքացի:
ՍԱՏՄ տեսուչներն իրացնում են օրենքով սահմանված իրենց գործառույթը՝ թույլ չտալ, որ իրացման ցանցից քաղաքացու սեղանին հայտնվի ոչ սպանդանոցային ծագման միս և մսեղիք»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ