ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին փաթեթին։
Այս նախաձեռնությամբ ոստիկանությանն իրավասություն է տրվում ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից եւ պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
Ինչպես ներկայացրեց հեղինակը՝ նման կարգավորման անհրաժեշտություն առաջացել է թմրամիջոցների՝ ահռելի չափերի հասած ապօրինի շրջանառությունը եւ հանցագործությունների թվի աճը։ Նրա համոզմամբ, նախագիծը հնարավորություն կտա կանխել հանցագործությունները՝ խնայելով եւ ժամանակը, եւ ոստիկանության մարդկային ու ֆինանսական ռեսուրսները։
Նախագիծը մի քանի ամիս առաջ ներկայացվել էր ՆԳՆ-ի կողմից, բայց հետո ետ կանչվեց՝ հանրային կոնսենսուս ապահովելու պատճառաբանությամբ, քանի որ նաեւ մասնավոր հատվածն էր ներգրավված նախագծում։ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ իր առաջարկած նախագծով մասնավոր հատվածը նախատեսված չէ, միայն պետական մարմիններն են ներառված։
Կարդացեք նաև
Իսկ օդանավակայանի մասով ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը պարզաբանեց՝ փաթեթում փոփոխություններ են նախատեսված ավիացիայի մասին օրենսդրության մեջ, որոնք հնարավորություն կտան տեսագրությունները ստանալ։ Սահմանային անցման կետերի մասով էլ հայտարարեց, որ դրանք հանրային տարածք են եւ գործ չունենք անձնական տվյալների հետ։
Նա նաեւ ներկայացրեց կառավարության առաջարկները՝ գործառնական մակարդակում տվյալների անվտանգությունն ապահովելու մասով։ Դրանք միջազգային պրակտիկայից վերցրած ստանդարտներ են։ Հեղինակը միանգամից ընդունեց դրանք։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մտահոգություններ ունի՝ անձնական տվյալների պաշտպանության մասով․ «Գաղտնիք չէ, որ այսօր ոստիկանությունից տոննաներով տեսանյութեր են հայտնվում լրատվամիջոցներում։ Մինչ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածում, արդեն մամուլում այդ տեսանյութերը հայտնվել են։ Օդանավակայանի վիպ-սրահից տեսանյութ-լուսանկարը հայտնվել է իշխանական սունկ-լրատվամիջոցում․ ամբողջ համակարգով՝ քաղավիացիա, Զվարթնոց օդանավակայան, ԱԱԾ, հարցումներով փորձում էի հասկանալ՝ ո՞նց կարող է այդ տեսանյութը հայտնվել այդ կայքում՝ երեք ժամ հետո։ Մինչեւ հիմա չեմ հասկացել»։
Նա վստահ է, որ քաղաքական, տնտեսական եւ այլ նկատառումներից ելնելով՝ տարբեր արտահոսքեր կարող են լինել՝ ոտնատակ տալով մարդու անձնական տվյալների պաշտպանության համակարգը, ուստի «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի։ Նա հիշեցրեց, որ 1,5 տարի առաջ, կառավարության շենքի մոտ սեւ կամ կարմիր բերետավորն իրեն հարվածել էր, բայց այդ տեսագրությունը չի գտնվել, որովհետեւ չեն ցանկացել։
Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանն էլ փարատեց ընդդիմադիր գործընկերոջ մտահոգությունները՝ ծրագրային խնդիր է դրվելու, այդ տեսանյութերը մակնիշավորվելու են, դրանց վրա պարտադիր գրված է լինելու՝ polici եւ եթե արտահոսք եղավ, միանգամից հասկանալի կդառնա աղբյուրը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ