Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այսօր եզրափակիչ ելույթով հանդես եկավ Էրիկ Ալեքսանյանը:
«Վերջապես ավարտվեց իմ քրեական վարույթը: Դատարանը արդարացման կամ մեղադրական վերդիկտ կայացնելու համար հիմք ընդունելով քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածը, ըստ էության պետք է պատասխանի չորս հարցի:
Արդյոք ապացուցվա՞ծ են մեղադրյալներին վերագրվող փաստական հանգամանքները:
Կարդացեք նաև
Արդյոք ապացուցվա՞ծ է մեղադրյալներին վերագրվող արարքի հակաիրավականությունը:
Արդյոք ապացուցվա՞ծ է մեղադրյալների կողմից արարք կատարելը:
Արդյոք ապացուցվա՞ծ է մեղադրյալների մեղավորությունը վերագրվող արարքների կատարման մեջ, թե՞ ոչ:
Նույն հոդվածի 2-րդ մասը հստակ նախատեսում է, որ առաջին մասով սահմանված հարցերից որեւէ մեկին ժխտողական պատասխան տալու դեպքում դատարանը պետք է կայացնի միայն ու միայն արդարացման վերդիկտ: Միեւնույն ժամանակ, գաղտնիք չեմ բացահայտի, եթե նշեմ, որ, ըստ էության, դատարանն այդ հարցերին պատասխանելու ժամանակ պետք է հիմնվի բացառապես միջդատական վարույթում ձեռք բերված եւ հիմնական դատալսումների ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված հենց թույլատրելի ապացույցների վրա: Դրանով է պայմանավորված, որ դատարանի որեւէ հետեւություն կարող է լինել իրավաչափ այն դեպքում, երբ որ հիմնված կլինի հենց թույլատրելի ապացույցների հիմքի վրա: Դրա մասին վկայում է հենց օրինականության սկզբունքը»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը եւ իր ելույթում մեկ առ մեկ ներկայացրեց եւ հիմնավորեց միջդատական վարույթի շրջանակներում թույլ տրված օրենքի խախտումները, ներկայացված մեղադրանքի հիմնավորված չլինելը:
«Ընդամենը մի բան եմ ցանկանում նշել: Մենք այս 2,5 տարիները շատ պատվով ենք անցել: Միայն ես ու Արուսյակ Ալեքսանյանը գիտենք, թե ինչի միջով ենք անցել, ինչ ենք ստիպված եղել տեսնել, թե որքան թանկ է դա մեզ նստել: Ոչ ոք չի պատկերացնում եւ ոչ ոք չգիտի, թե ինչեր ենք մենք զոհաբերել՝ այս ամեն ինչով պայմանավորված: Մենք չենք կոտրվել:
Պատվարժան դատարան, ես խնդրում եմ կայացնել արդար դատական ակտ: Իսկ դրա համար պետք է բացել դասագիրքը, որին, ես վստահ եմ՝ մեզանից շատ ավելի լավ եք տիրապետում, եւ այս հանցակազմի ու այս գործով փաստական տվյալների համադրության պայմաններում տեսնել՝ կա՞ լիազորությունների անցում, թե՞ ոչ: Ես խնդրում եմ առաջնորդվել բացառապես իրավաբանության կանոններով: Ինչ թելադրում է Տիրոջ կամքը, թող այդպես էլ լինի: Իմ համար արդար ու ազնիվ է Տիրոջ կամքը: Մնացյալը ածանցյալ նշանակություն ունի»,- եզրափակեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ