Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը մի շարք մարմիններից տեսագրություններ ստանալու, դրանց շինությունների դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին հասանելիության հնարավորություն կունենա

Փետրվար 05,2025 16:40

Նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորը նշել է, որ նախաձեռնության համար հիմք են հանդիսացել ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները եւ մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների աճը: Վերոնշյալից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին եւ մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու, դրանք կանխարգելելու նախականխելու, կանխելու, հայտնաբերելու եւ բացահայտելու համար:

Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ Կառավարությունը ներկայացրել է մի խումբ առաջարկներ, որոնք իր համար ընդունելի են: Մինչեւ երկրորդ ընթերցում դրանք ամբողջությամբ կներառվեն օրենսդրական փաթեթում:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է առաջարկները:

Հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել:

Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենդրական փաթեթով: Այն ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Օրենսդրական փաթեթով աշխարհազորի համակարգը փոխարինվում է տեղական պաշտպանության ուժերով, սահմանվում են այդ ուժերի խնդիրները, դրանց ստեղծման, ղեկավարման, պատրաստության եւ կիրառման հետ կապված հարաբերությունները: ՀՀ պաշտպանության պլանում ներառվում է ՀՀ տարածքային պաշտպանության պլանը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը բովանդակային փոփոխության չի ենթարկվել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Դրական եզրակացություն ստացած նախագծերը նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի սկզբում անդրադարձել է Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում այսօր տեղի ունեցած սպանության դեպքին: Կրակոցների հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս մեկը՝ վիրավորվել: «Մոտ ժամանակներս ես կնախաձեռնեմ աշխատանքային քննարկում, եւ Քրեական ոստիկանության պետը պետք է կարողանա մեզ շատ համապարփակ զեկույցով ներկայացնել ապօրինի զենք-զինամթերքի հետ տարվող պայքարի վիճակը»,- մասնավորապես ասել է նա:

Հանձնաժողովի նիստը կայացել է փետրվարի 5-ին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728