Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն հարցն ենք լուծում, որ համակարգի ներսում որևէ խոչընդոտ չլինի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց կարգապահական խախտման հարցը բարձրացնելու համար»․ Տիգրան Դադունց

Փետրվար 05,2025 16:36

«Առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը, եթե խոսքը վերաբերում է հանրային ծառայողի վարքագծի կանոններին եւ շահերի բախմանը, վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Համապատասխան եզրակացություն ընդունելուց հետո կներկայացվի ՀՀ կառավարությանը և վարչապետին, որպեսզի նրանց նկատմամբ քննարկեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը՝ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։

Տիգրան Դադունց

Նա մանրամասնեց․ «Այս փաթեթով այն խնդիրն ենք ուզում լուծել, որ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց համակարգի ներսում որևէ խոչընդոտ չլինի իրենց կարգապահական խախտման հարցը բարձրացնելու համար։ Եթե մի դեպքում քննչական կոմիտեի դեպքում նախագահի տեղակալն է ղեկավարում հանձնաժողովը, հնարավոր է լինի կաշկանդվածություն իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, ապա փաթեթով լուծում ենք ընթացակարգային հնարավոր փակուղիների հարցը»։

Վլադիմիր Վարդանյան

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց․ «Մենք ասում ենք, որ մենք և քննչական մարմիններն ու դատախազությունն ունենք չակերտավոր կարգապահական օրենսգիրք, որի բովանդակության և ձևակերպումների հետ կապված կասկածներ չեն առաջանում, բայց ունենում ենք պատշաճ չակերտավոր «անաչառ դատարանի» խնդիր։ Որպեսզի «անաչառ դատարանը» անաչառ որոշումներ կայացնի, մենք պետք է գործառույթը այդ մարմնից տեղափոխենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Բայց արդյոք միևնույն արարքի համար նույն մարմնի նույն գործառույթները իրականացնող ներկայացուցչին պե՞տք է պատասխանատվության կանչեն, թեև նույնաբովանդակ, բայց տարբեր իրավական փաստաթղթերի հիման վրա»։

Տիգրան Դադունցը պատասխանեց․ «Այստեղ ավելի շատ քննարկում ենք հանրային ծառայողների վարքագծի կանոնների խախտման դեպքում վարույթների իրականացումն ու պատասխանատվության կիրառումը։ Փաթեթով ֆիքսվում է դա։ Եթե խոսքը գնա իրենց ներքին մասնագիտական վարքագծի կանոններին կամ իրենց լիազորությունների իրականացումից բխող վարքագծային կանոնների խախտումներին, և′ ղեկավարները, և′ քննիչները կամ դատախազներն արդեն պատասխանատվության են ենթարկվում իրենց ոլորտային օրենքներով»։

Վլադիմիր Վարդանյանն ասաց․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստանում է լիազորություն կարգապահական հարցերով որոշում կայացնելու։ Կամ մենք պետք է ունենանք բոլոր հանրային ծառայողների համար նախատեսված միասնական վարքագծի կանոնակարգ, կամ պետք է ունենանք առանձին փաստաթղթեր, որ յուրաքանչյուր մարմին այդ պարագայում ինքը որոշում կայացնի։ Քննիչի պարագայում, որը հանրային ծառայողի վերաբերյալ վարքագծի կանոններ է խախտել, իր նկատմամբ կիրառվում է դատախազության կողմից ընդունված վարքագծի համապատասխան կանոնագիրքը, իսկ երբ խոսքը Քննչական կոմիտեի նախագահի կամ տեղակալին է վերաբերում, նրանց նկատմամբ կիրառվում է տիպային մոտեցում։ Կխնդրեի, որ ոչ թե ատյանին անդրադառնայինք այլ այս խնդրի լուծմանը»։

Նախարարի տեղակալն ասաց․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ այս նախագծով նախատեսված դեպքերում իրենք կարգապահական պատասխանատվության չեն ենթարկելու սուբյեկտին, քննելու են գործը, տեսնեն՝ հանրային ծառայողների վարքագծային կանոնների տիպային խախտում կա, թե՝ ոչ և տրամադրելու են եզրակացություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր որոշմամբ կարգապահական պատասխանատվության չի ենթարկելու քննչական կոմիտեի նախագահին կամ տեղակալին։ Մասնագիտական եզրակացություն է տրամադրելու և ուղարկելու է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմնին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդես է գալիս էթիկայի չակերտավոր խորհրդատվական հանձնաժողով, որը մասնագիտական կողմից է քննարկում հարցը, և վերջնական որոշումը պետք է կայացնի այդ պաշտոնում նշանակող մարմինը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728