Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության հնարավորությունները թույլ են տալիս գլխատել կրիմինոգեն երեւույթները․ Անդրանիկ Քոչարյանը՝ Փարաքարի կրակոցների մասին

Փետրվար 05,2025 16:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Քաղաքական դիսկուրսը դնենք մի կողմ։ Հայաստանում կան կրիմինոգեն օջախներ, Երեւանում էլ կան՝ տարբեր շրջաններում։ Տարբեր խմբավորումներ եղել են, որոնք օրենքի հետ խնդիրներ են ունեցել եւ ունեցել են լիցենզիաներ։ Այդպես հայտնի է եղել Էրեբունու շրջանը, նախկինում՝ սովետական տարիներից, Արտաշատի շրջանն է հայտնի եղել, Էջմիածինը, բայց պետության իրավասությունները հնարավորություն են տալիս հավասարաչափ այս երեւույթը ոչ միայն նկատել, այլեւ գլխատել»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր Փարաքար խոշորացված համայնքում հնչած կրակոցներին, որոնց արդյունքում կան զոհեր։

Անդրանիկ Քոչարյանը նաեւ հայտարարեց, որ առաջիկայում նախաձեռնելու է քննարկում՝ ակնկալելով ՆԳՆ-ից ստանալ Հայաստանում ապօրինի զենք-զինամթերքի դեմ տարվող պայքարի հետ կապված տեղեկություններ։

Նրա գնահատմամբ, պատերազմից հետո չհաշվառված զենք-զինամթերք է հայտնվել մարդկանց ձեռքին եւ ՆԳՆ-ն հստակ պետք է տվյալներ ունենա՝ որքա՞ն զենք է տրամադրվել, որքա՞նն է ոչնչացվել, որքա՞նն է ապօրինի շրջանառվում, որ ամեն անգամ նման «մի կաթիլ մեղրի» պատմություններ են լինում եւ ամեն անհամաձայնության դեպքում՝ կրակում են միմյանց վրա։ Իր գնահատմամբ՝ եւ թմրամիջոցները, եւ ապօրինի զենքի շրջանառությունը պետք է լինեն քրեական ոստիկանության ամենօրյա հսկողության տակ։

«Մեկ էլ ասում են՝ քարի տակ տեսանք երեք հատ ինքնաձիգ էր․․․ չէ, այլեւս քարի տակ պետք չի, այդ պայմանավորվածություններն արդեն մի քիչ ի վնաս են աշխատում, արդեն մենք պետք է հայտնաբերենք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ աշխատանքային քննարկման ժամանակ այս հարցերին ավելի լուրջ կմոտենան։

Հանձնաժողովի ընդդիմադիր անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ կիսելով Անդրանիկ Քոչարյանի մտահոգությունները, միաժամանակ նկատեց, որ Փարաքար խոշորացված համայնքը ամեն անգամ նման մի պատմության մեջ հայտնվում է։ Հիշեցրեց՝ նման մի պատմությունից հետո համայնքի ղեկավարը հրաժարական տվեց, բայց հիմա ՔՊ-ն նորից նրան ընտրել է, որպես իր թեկնածու՝ առաջիկա ընտրություններում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննում էր ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին փաթեթը։

Այս նախաձեռնությամբ ոստիկանությանն իրավասություն է տրվում ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից եւ պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728