ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպում է կազմակերպել ՊԵԿ նախագահի Էդուարդ Հակոբյանի հետ՝ համընդհանուր հայտարարագրման թեմայով։
ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ 2024 թվականի հայտարարագիրը ներկայացնելու համար վերջնաժամկետը 2025 թվականի նոյեմբերի 1-ն է։
«Վարձու աշխատողների համար եկամուտներն ինքնաշխատ ձեւով լրացվում են։ Ինքնաշխատ լրացվում են նաեւ այն վերադարձները, որոնք եկամտային հարկից տրվում են։ Մյուս մասը՝ մենք հիմա աշխատանք ենք տանում, որպեսզի կարողանանք ԿԲ-ից ստանալ ֆինանսական համակարգի տեղեկատվությունը՝ խոսքը ավանդների, վարկերի եւ փոխառությունների, ապահովագրական հատուցումների մասին է, որ այդ բոլոր հոսքերը կարողանանք ավտոմատացնել, որպեսզի քաղաքացիներն ավելորդ ժամանակ չծախսեն։ Նպաստները, կենսաթոշակները, սոցիալական առանձին գումարները նույնպես առաջիկայում ավտոմատացվելու են, այդ թվում՝ «Զինապահ» հիմնադրամից ստացվող հատուցումները։ Սրանք ներդնելու պարագայում բազմաթիվ հայրենակիցների եկամուտների մեծ մասն ավտոմատ կերպով լրացվելու է, իրեն մնում է մտնել ու հաստատել տեղեկատվությունը»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահը նշեց, որ 2024 թվականին մոտ 59 հազար քաղաքացի արդեն հայտարարագիր ներկայացրել է։ Այս տարի արդեն 4451 քաղաքացի ներկայացրել են։ Առողջապահության ու կրթության գծով սոցիալական կրեդիտներ կամ սոցիալական ծախս 2024-ին ստացել է 3732 քաղաքացի, այս տարի՝ արդեն 825 քաղաքացի։
Կարդացեք նաև
«Աշխատանք ենք տարել նաեւ փողերի լվացման ու ահաբեկչության իրական շահառուների հետ։ Շատերը քննադատում են, որ այս մարդիկ չեն հայտարարագրի, բայց անցած տարի արդեն իսկ հայտարարագրել են։ 24 477 իրական շահառու արդեն հայտարարագրել է, իհարկե, 23 000-ն էլ չեն ներկայացրել, որոնց հետ աշխատանքը շարունակում ենք»,- հավելեց նա։
ՊԵԿ նախագահն ասաց, թե ինչ վարչարարություն է կիրառվելու՝ հայտարարագիր չներկայացնելու համար։ «Առաջինը, մենք շտկման հնարավորություն ենք տալիս։ Քաղաքացին, մեկ անգամ հայտարարագիր ներկայացնելով, ունի հնարավորություն երկրորդ անգամ ներկայացնելու՝ շտկելով իր հայտարարագիրը։ Մյուս քայլը, եթե մենք ինքներս տեսնում ենք ինչ-որ խնդիր, նորից շտկման հնարավորություն ենք տալիս։ Երրորդ քայլը, նախազգուշացում ենք տալիս, չորրորդ քայլը նոր արդեն գալիս է տուգանքի հարցը։ Վարձու աշխատողների ու քաղիրավական պայմանագրով աշխատողների համար 5000 դրամ է տուգանքը, բայց սեփականատերերի համար ավելի բարձր է՝ 50 հազար դրամ։ Եվ հաջորդ քայլը դրա կրկնապատկումն է»։
Նա ներկայացրեց նաեւ քայլերի հաջորդականությունը, թե ինչպես պետք է հայտարարագիր ներկայացնել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ