Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուքմեյքերականները գերշահույթ են ստանում, ասում եմ՝ ավել հարկենք, ասում են` քննարկենք, հետ քաշեք նախագիծը, հետ չեմ քաշելու, ձայնագրությունները կուղարկեմ»․ Հայկ Սարգսյանը վրդովվեց

Փետրվար 05,2025 14:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ընկերությունների կողմից ներկայացվող տվյալները ՊԵԿ-ի կամ այլ գերատեսչությունների կողմից չեն ստուգվել, և ըստ ՊԵԿ-ի կամ Ֆինանսների նախարարության՝ ստուգել հնարավոր չէ։ ՊԵԿ-ն ընդունում է ընկերությունների ներկայացրած տվյալները՝ որպես փաստ և հարկում՝ ըստ այդմ։ Սա անընդունելի և ապապետական է»,- ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նա նշեց՝ տարեկան ընդունվում է մոտ 6,3 տրիլիոն խաղադրույք, իսկ ըստ ընկերությունների՝ համախառն մուտքն ընդամենը 180 միլիարդ է, որը 35 անգամ պակաս է խաղադրույքների ծավալից․ «Իսկ ընկերությունների զուտ շահույթը 31 միլիարդ է կազմում կամ 203 անգամ պակաս խաղադրույքների ընդհանուր ծավալից՝ ըստ իրենց ներկայացրած թվերի, ինչը ես արժանահավատ չեմ համարում։ Ըստ ՊԵԿ-ի ներկայացրած տվյալների՝ նույն գործունեությամբ զբաղվող ընկերություններն իրարից հինգ անգամ տարբերվող շահութաբերություն են ցույց տալիս։ Մասնավորապես «Աջարաբեթը» 52 միլիարդ դրամ համախառն եկամտից ունեցել է 18 միլիարդ շահույթ՝ ծավալի 35 տոկոսը, «Տոտո» ընկերությունը 65 միլիարդ դրամ համախառն եկամտից ունեցել է 4 միլիարդ շահույթ՝ կամ ծավալի 7 տոկոսը։ Այսինքն՝ «Տոտո» ընկերության համախառն եկամուտը 13 միլիարդով ավելի է, քան «Աջարաբեթինը», բայց վճարած հարկերը հինգ անգամ ավելի պակաս են, այսինքն՝ հինգ անգամ պակաս է շահութահարկը ցույց տվել, ինչն արժանահավատ չէ»։

Հայկ Սարգսյանը վստահեցրեց՝ այս վերլուծությունն էլ հիմնավորում է, որ պետք է ոլորտը հարկել՝ ըստ շրջանառության։ Նա նշեց, որ կառավարությունը այս նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն։

ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց․ «Դեռ կառավարության կողմից պաշտոնական եզրակացություն չունենք՝ չնայած պարոն Սարգսյանը, ենթադրում եմ, քննարկումներ ունեցել է»։

Հայկ Սարգսյանին բազմաթիվ հարցեր տվեցին՝ այդ թվում նաև հենց ՔՊ խմբակցության պատգամավորներ։ Բաբկեն Թունյանը նախ կասկածի տակ դրեց ներկայացված թվերի մեկնաբանությունը, հարցրեց՝ եթե մենք իրականում տեղեկատվություն, բավարար գործիքակազմ չունենք հասկանալու՝ իրական ի՞նչ շահույթ կա, կարո՞ղ է լրացուցիչ հարկային բեռով այս ընկերություններին ծանրացնելով բերենք նրան, որ քաղաքացիներն իրականում ավելի շատ պարտվեն, այսինքն՝ հարկը տեղափոխեն խաղացողների վրա։ Կամ կարո՞ղ է լրացուցիչ հարկելու նպատակահարմարությունն այս պահին չկա։

Հայկ Սարգսյանն ի պատասխան ասաց․ «Մենք մեր քաղաքացիներին պիտի հորդորենք աշխատելով հարստանալ և իրենց աշխատած գումարները չվատնեն այս ընկերություններում և չտարվեն մոլախաղերով»։

Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց՝ ինչո՞ւ տասը տոկոս, հաշվարկի հիմքեր ունե՞նք և առաջարկեց հարկային բեռ սահմանել 20 տոկոսը։

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Նարեկ Ղահրամանյանն ասաց․ «Ես այս ոլորտին երբեք չեմ նայել՝ որպես բիզնես ոլորտ։ Եթե, օրինակ, ՀՀ-ում գործող այս ընկերությունները սնանկանան և փակվեն և ոչ մի հարկ չտան, կհամարեմ իմ անձնական հաջողությունը և հաղթանակը»։

Քննարկման ընթացքում Հայկ Սարգսյանը, որին բազմաթիվ հարցեր էին տալիս, վրդովվեց․ «Բոլորին հարկում եք, բուքմեյքերականներին բերել եմ, որ գերշահույթ են ստանում, ասում եմ՝ ավել հարկենք, ասում են՝ ավել քննարկեք, հետ քաշենք։ Հետ չեմ քաշելու նախագիծը, սա բխում է ժողովրդի շահերից, ու մենք պետք է հիմա քվեարկենք։ Ամեն պատգամավոր ընտրվելուց երդվում է, որ պետք է աշխատի իր խղճի մտոք, ու դուք պետք է քվեարկեք ձեր խղճի մտոք։ Կողմ կքվեարկեք, էս ընկերություններին ավել կհարկենք, այդ փողերը կբերենք պետբյուջե, դեմ կքվեարկեք, ուրեմն ուղղակի սատարում եք այս ընկերությունների շահերին»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը փորձեց ընդհատել, Հայկ Սարգսյանն ասաց՝ լսի՝ ինչ եմ ասում ու շարունակեց․ «Ես օրենքի նախագիծ եմ բերել, դուք ձեր կարծիքն եք ասում, ես իմ կարծիքն եմ ասում։ Հարցը քննարկվել է նախարարների կոմիտեի նիստում, որոշում է կայացվել նախագծին տալ դրական եզրակացություն, և ասվել, որ կառավարությունը կողմ է նախագծին։ Մեր ֆինանսների նախարարությունը չի հասցրել այս ժամկետում իր առաջարկը բերել, հիմա ասում եմ՝ կառավարության առաջարկը կա, կոմիտեի նիստի ձայնագրությունը, արձանագրությունները կհանեմ, ձեզ կուղարկեմ, կտեսնեք, որ կառավարությունը կողմ է․ քաղվածքով ու ձայնագրություններով կա»։

Ի վերջո, Հայկ Սարգսյանի նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց։ Սերգեյ Բագրատյանի առաջարկն էլ 20 տոկոսի հետ կապված չընդունվեց։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728