Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայում գործարկվել է 3-րդ Թումո կենտրոնը, ևս երեքի բացումը՝ շուտով

Փետրվար 05,2025 14:36

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը շարունակում է ընդլայնվել Գերմանիայում` տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում նորարար կրթական մոդելը հասանելի դարձնելով ավելի շատ պատանիների համար: Գերմանիայի պետական ներդրումային և զարգացման KfW բանկի, ինչպես նաև պետական ու տեղական այլ կազմակերպությունների աջակցությամբ արդեն գործող Բեռլինի ու Մանհայմի կենտրոններին օրեր առաջ պաշտոնապես միացավ Թումո Հիրշայդը: Նոր կենտրոններ նախատեսվում են նաև Գերմանիայի Լյուդենշայդ, Զաարբրյուքեն և Էսսեն քաղաքներում։

Թումո Հիրշայդ նորարարության կենտրոն

Թումո Հիրշայդը պաշտոնապես բացեց իր դռները հունվարի 31-ին: Կենտրոն ամեն շաբաթ կարող են հաճախել 500 ուսանող, որոնցից 200‑ը հենց առաջին օրվանից արդեն միացել են ծրագրավորման, անիմացիայի, նկարչության, ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման, խաղերի ստեղծման, լուսանկարչության և ֆիլմերի ստեղծման ոլորտներն առաջարկող ծրագրին։

Կենտրոնը ֆինանսավորվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարության և KfW բանկի կողմից։ Այն գտնվում է MINT-Zentrum Hirschaid կենտրոնի տարածքում և, շարունակելով յուրահատուկ ինտերիերի թումոյական ավանդույթը, ներառում է հայտնի ավստրիացի ճարտարապետ Թոմաս Հերցիգի դիզայնով փչովի նստարաններ և առաստաղներ։

Թումո Բեռլին առաջին Թումո կենտրոնը Գերմանիայում

Թումոյի տարածումը Գերմանիայում սկսվեց Թումո Բեռլինից, որը բացվել է 2020 թվականի հոկտեմբերին։ Այսօր այն դարձել է Թումոյի ամենախոշոր միջազգային կենտրոններից մեկը, ուր շաբաթական հաճախում են 1000-ից ավելի ուսանողներ և ուսումնասիրում նորարական 10 ոլորտներ։ Պատմական Շառլոտենբուրգ թաղամասում գտնվող և KfW բանկի կողմից ֆինանսավորվող 2000 քառակուսի մետր զբաղեցնող Թումո Բեռլինը դինամիկ կրթական միջավայր է, որը խթանում է նորարարությունն ու ստեղծարարությունը։ Թումո Բեռլինն արդեն իսկ ունի հմուտ ուսանողների և շրջանավարտների համայնք՝ երիտասարդ մրցունակ մասնագետներից կազմված։

Թումո Մանհայմ որտեղ երաժշտությունը հանդիպում է տեխնոլոգիային

Թումո Մանհայմը 2024 թվականի մարտի բացումից հետո հյուրընկալում է շաբաթական 1000 ուսանողի՝ առաջարկելով 8 կրթական ոլորտներ. ծրագրավորում, երաժշտություն, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում, ֆիլմերի ստեղծում, խաղերի ստեղծում, գրաֆիկական դիզայն և լուսանկարչություն։

Կենտրոնի առանձնահատկությունը երաժշտական և ձայնագրման նորագույն ստուդիան է, որն արտացոլում է քաղաքի խոր արմատներով երաժշտական ժառանգությունը։

Թումո Մանհայմը հնարավոր է դարձել առանցքային գործընկերների՝ Dietmar Hopp հիմնադրամի, Մանհայմի քաղաքապետարանի, Starkmacher-ի, KfW բանկի և Next Mannheim-ի աջակցության շնորհիվ։

Սպասվող կենտրոններ Լյուդենշայդում, Զաարբրյուքեն և Էսսենում

Թումոյի ընդլայնումը Գերմանիայում շարունակվում է 3 նոր կենտրոնների առաջիկա բացումով Լյուդենշայդ, Զաարբրյուքեն և Էսսեն քաղաքներում։ Այս տարածումն ընդգծում է Թումոյի` պատանիների համար կյանքեր վերափոխող ուսումնական փորձառություններ ստեղծելու առաքելությունը, ինչպես նաև ամրապնդում է Հայաստանում ստեղծված ծրագրի հեղինակությունը միջազգային կրթական ասպարեզում։

Թումոյի մասին

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագիր է, որը պատանիներին հնարավորություն է տալիս անվճար ուսումնասիրել տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներ: Հիմնադրվելով Հայաստանում և ընդլայնվելով ամբողջ աշխարհում՝ Թումոյի կրթական մոդելը համատեղում է ինքնուսուցումը գործնական դասընթացների հետ և նախապատրաստում է պատանիներին արագ զարգացող աշխարհի մարտահրավերներին:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728