Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են հեղինակազրկել այն մարդկանց ու կառույցներին, որոնք կարող են զանգվածներ դուրս բերել փողոց. Ձյունիկ Աղաջանյան

Փետրվար 05,2025 13:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այն, որ մեր գերիների ազատագրման համար պայքարը պետք է շարունակվի, միանշանակ է: Ռուբեն Վարդանյանի ընտանիքն իր անկոտրում կամքով ցույց է տալիս, որ այդ պայքարն ի վերջո արդյունք կտա, քանի որ Ադրբեջանի հանցագործ ղեկավարը շատ լավ գիտի, որ իր կողմից գործած քայլերը մարդկության դեմ հանցագործություններ են, պատերազմական հանցագործություններ են, Արցախի հանդեպ իրականացրածը ցեղասպանություն է, եւ ինքը միջազգային իրավունքի բոլոր նորմերով պատասխանատու է:

Դա է պատճառը, որ նա ցավագին է ընդունում Ռուբեն Վարդանյանի հետ կապված խնդիրը, որովհետեւ խնդիրը կոծկել, հարցը փակել, աղավաղել կամ ուշադրությունից հեռացնել հնարավոր չէ: Իրենց կեղծարարության եւ զեղծարարության ձեռագրով դա փաստացիորեն այլ կերպ ներկայացնել չի ստացվում» ,- «Հայելի» ակումբում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Ամենօրյա իրենց գործողությունները շինծու դատավարության ընթացքում ամեն անգամ եւս մեկ կաթիլ են ավելացնում պատերազմական հանցագործությունների ամբողջ փաթեթին, որով ադրբեջանական իշխանությունն իր հանցագործ գլխավորի ղեկավարությամբ ենթակա է պատժի: Ու այդ պատիժը կլինի, բայց դրա համար պետք է ունենալ նորմալ իշխանություն»,-ընդգծեց արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարություններին ու խոսույթին ընդհանրապես, դրա մասին էլ Ձյունիկ Աղաջանյանը նշեց. «Դա տեխնոլոգիա է, մարդկանց տարբեր շերտեր կան, որոնք տարբեր կերպ են արձագանքում քննադատությանը: Օրինակ, իմ խոսքը կարող է որոշակի շերտերի մարդկանց համար ընկալելի լինել, իսկ ուրիշ շերտերի համար ավելի ցածր, գռեհիկ մակարդակի խոսվածք պետք է լինի, որպեսզի նրանք ականջալուր լինեն նման խոսվածքի:

Քանի որ հանրային դաշտում դժգոհությունն օրեցօր ավելանում է, նմանատիպ երեւույթներ մեջտեղ բերելով՝ փորձում են դժգոհության ծավալվող զանգվածը պառակտել, մասնատել, որպեսզի միասնական ջանքերով հանդես գալու հնարավորություն չլինի: Մի կողմից փորձում են հեղինակազրկել այն մարդկանց եւ կառույցներին, որոնք իրենցից ուժ են ներկայացնում եւ կարող են զանգվածներ դուրս բերել փողոց, մյուս կողմից՝ փորձում են պառակտել այդ զանգվածներին, որպեսզի նրանք այդ մարդկանց առաջնորդությամբ կամ նրանց հետ միասին դուրս չգան պայքարի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728