«Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլախաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները։ Եթե 2010-ին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալը կազմում էր շուրջ 14 մլրդ դրամ, 2023-ին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրլն դրամի, մինչդեռ հավաքագրվող հարկերն ու տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ»,- ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի՝ իր հեղինակած օրենսդրական փաթեթի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Ըստ պատգամավորի՝ խաղային ոլորտի սահմանափակման և հարկային բեռի բարձրացման առումով ձեռնարկված քայլերը բավարար չեն, և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին ավելացնել։ Հայկ Սարգսյանը նշեց․ «Նախագծով առաջարկվում է առկա հարկերից և տուրքերից բացի՝ ոլորտի համար նախատեսել 10 տոկոս շրջանառության հարկ»։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այս առիթով նշեց․ «Թվերն ինքնին խոսուն են։ Ես խորապես համոզված եմ նաև, որ այդտեղ ունենք թաքնված շրջանառություն, քանի որ իրականում այս թվերը մոտավոր ներկայացված թվեր են՝ սուրճի բաժակի նման մի կանխատեսում։ Այս շրջանառությունները, որ սենց աճում են, ասում եք՝ գործիքակազմ չկա։ Պարոն Թունյանը չի կարողանում այս նախագծին բացահայտ հակադրվել, բայց ներսից ակնհայտ է, որ չի ուզում, որ այս նախագիծն ընդունվի։ Դուք՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, մեր երկրում պետական մարմիններ կան, որոնք նույնիսկ անհրաժեշտության դեպքում, վստահ եմ, լավ էլ կարող են շատ բան ճշտել, որ հարկային մարմնի համար հասանելի չեն։ Այս թվերը, որ ներկայացնում եք, սրանց ինչ որակավորում ասես, կարելի է բերել։ Սա մեր ազգային դժբախտությունն է։ Հետևաբար, ազգային անվտանգության սպառնալիք է, հետևաբար առաջնային խնդիր է։ Ուստի այդ մարմինները, որոնք՝ օրինակ, գաղտնալսում են ընդդիմադիր պատգամավորներին, պիտի նաև ժամանակ գտնեն, գնան, այն, ինչ հարկայինի համար պարզ չէ, բացահայտեն, բերեն դնեն և դարձնեն քննարկման առարկա։ Այսինքն՝ արձանագրում եմ, որ այստեղ կա համակարգային կոռուպցիոն ռիսկ»։
Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը երկրորդային, երրորդային նպատակին է վերաբերում․ «Չնայած ունեիք երեք այլ տարբերակներ, բայց բերել եք մի նախագիծ, որն ընդամենն ավելացնում է պետական բյուջե հարկային մուտքները։ Ո՞նց եք սրան վերաբերվում։ Ձեր նախագիծը լուծում չէ»։
Կարդացեք նաև
Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ խաբողը խաբելու է․ «Բայց խաբելու է այնքան, ինչքան իրեն օգնում են։ Որ ավելի հանրային ու պարզ, հաշված, թափանցիկ լինի, մենք ասում ենք՝ առնվազն խաղադրույքը մենք տեսնում ենք, ասում ենք՝ այդ խաղադրույքն արվեց, հաշվում եմ՝ 80 տոկոսը քո շահույթն է, կբերես, դրա հարկը կվճարես։ Ավտոներկրողին եթե կարողանում է երկրի կառավարությունն ասել, ու դա համարվում է, որ չի հակասում շուկայական կարգին, չնայած ես համաձայն չեմ, այս դեպքում, եթե ազգային անվտանգության խնդիր է, պետք է արվի։ Ոչ թե ավտոներկրողն է մեր երկրի թշնամին, այլ այս ոլորտներն են, որ պետք է լինեն վերահսկողության տակ։ Խաղադրույքը, որը տեսանելի է բոլորին՝ այդ թվում հարկային մարմնին, մտավ խաղադրույք մեկ դրամի, ութսուն լումայի, 18 տոկոսը պիտի վճարես հարկ՝ ուզում ես 300, թե 41000 աշխատող պահի։ Խաղադրույքները հարստանալու տարբերակ չեն։ Բայց աշխատող աղքատը, որ ուսանող երեխա ունի, նաև դա է դիտարկում, որ 5000 դրամ դնի, երկու կոպեկ շահի, որ էդ էրեխեն դուրս չմնա ուսման վարձի պատճառով։ Մարդիկ շատ բան կորցրել են՝ հենց այդ նպատակից ելնելով, ոչ թե բնույթով խաղամոլ են, այլ բնույթով աշխատող աղքատ են, և դա դիտարկում են՝ որպես եկամտի աղբյուր։ Պիտի բռնենք խնդրի գլխից, և այստեղ շատ կոշտ՝ ընդհուպ մինչև գործունեության առանձին տեսակների սահմանափակումներ պիտի դնենք։ Նաև հարկային կարգավորումներ են պետք․ սա կլինի ամբողջական լուծում։ Այսքան խաբողը ձեր հարկային ռեժիմի պարագայում էլ ձևը գտնելու է և խաբելու է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ