Առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը, եթե խոսքը վերաբերում է հանրային ծառայողի վարքագծի կանոններին եւ անհամատեղելիության խախտումներին, վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացություն ընդունվելուց հետո այն կներկայացվի Կառավարությանը կամ վարչապետին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փոխնախարարը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Տիգրան Դադունցը տեղեկացրել է, որ Կառավարությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել: Մասնավորապես, առաջարկվել է հստակեցնել հանձնաժողովի՝ նման գործառույթ իրականացնելու իրավասությունը, նաեւ քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների ցանկում ներառել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին: Նշվել է, որ նման կարգավորումները չեն վերաբերելու այն դեպքերին, երբ Քննչական կոմիտեի ղեկավարը կամ նրա տեղակալը թույլ են տալիս վարքագծի կանոնների եւ շահերի բախման այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են նրանց՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին, այսինքն՝ մասնագիտական գործունեությանը:
Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների միասնական մոտեցման վերաբերյալ:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը կարեւորել է օրենսդրական փոփոխությունները, առաջարկել կողմ քվեարկել դրանց:
Կարդացեք նաև
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենսդրական փաթեթին: Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ փետրվարի 5-ի նիստում:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ նախագիծը, որը վերաբերում է սահմանափակ թվով անձանց, կմնա չկիրառված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարձրաստիճան հանրային ծառայողները չեն կատարի այնպիսի խախտումներ, որոնց արդյունքում կհայտնվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթում:
ԱԺ