Անցյալ տարի «Հրապարակ»-ն ուսումնասիրել էր Վեդու համայնքապետ Սարգսյան Գարիկի (որը մի ժամանակ փորձում էր կոկորդիլոսներ բուծել) հայտարարագիրը և պարզել, որ վերջինս ստացել է 43 միլիոն դրամի նվեր: Ավելի ուշ պարզվել էր, որ դա իր «հորքուրի տղայից» էր: Հիշողությունից ոչ զուրկ մարդիկ կարող են վկայել, որ նախկինները ևս պաշտոն ստանալուց հետո սկսում էին նվերներ ստանալ հորքուրից, մորքուրից, քեռուց կամ հոպարից:
Զարմանալի է, որ նախորդ տարի, եթե չեմ սխալվում, հետաքննող լրագրողները պարզել էին, որ մեր հակահերոսը, որպես համայնքապետ, 2023-2024 թթ.-ին մի շարք պայմանագրեր էր կնքել իր մորեղբորը պատկանող ընկերության հետ: Որի որդին, ի դեպ, իր օգնականն է եղել այն ժամանակ, երբ ինքը Արարատի մարզպետն էր: Իսկ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել էր շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն, իհարկե, տեղյակ չի եղել այդ պայմանագրերից, որպեսզի արձանագրեր շահերի բախում ու վարչական պատասխանատվության ենթարկեր «կոկորդիլոսագետ» համայնքապետին: Սակայն դատախազությունը պահպանել է ձևական կողմն ու անցյալ տարեվերջին հրապարակումներից մեկն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե` ստուգման:
Ինչ մնում է «բարոյակա՞ն է, արդյոք, համայնքապետի կողմից ինքն իրեն պարգևավճար հատկացնելու» վերաբերյալ հարցին, ապա դրան ՊՎԾ պետը խիստ ինքնատիպ պատասխան է տվել: Ինքը Սարգսյան Գարիկին կտար ընդամենը մեկ հարց. «Կեցցե՛ս, Գարիկ ջան, որ քեզ պարգևավճար չես տվել, բայց 200 000 դրամով ո՞նց ես ապրում»: Ի դեպ, ասեմ, որ 200 000 դրամով «ոնց ապրելն», իսկապես, խիստ օրակարգային հարց է: Որովհետև Հայաստանում քիչ չեն միայնակ ապրող թոշակառու զույգերը, որոնք ստանում են նշված գումարից առնվազն կրկնակի պակաս: Դա, իհարկե, ՊՎԾ պետին չի հետաքրքրում: Եթե հետաքրքրեր, ինքը տեղյակ կլիներ հայտարարագրերից, որ 300 պաշտոնատար անձ 2 միլիարդ դրամի նվիրատվություններ է ստացել, ու դա իրեն գոնե անսովոր կթվար: Եւ հետամուտ կլիներ պետական ու համայնքային միջոցների վատնման բոլոր դեպքերին, որպեսզի տարեկան գոնե մի քանի հազար դրամով բարձրացվեին այն անձանց թոշակները, ովքեր ողջ կյանքը նվիրել են խորհրդային, իսկ այնուհետև` անկախ Հայաստանին:
Կարդացեք նաև
Հ.Գ. Պարզվում է, որ ՊՎԾ պետը խնդիր ունի տեղեկատվության տիրապետելու առումով. Վեդու ավագանու՝ 2022 թվականի տարեվերջյան որոշմամբ, երբ Սարգսյանն արդեն համայնքապետ էր, նրան նշանակվել է շուրջ 600 հազար դրամի աշխատավարձ: Այնպես որ վերջինս հանգիստ կարող է յոլա գնալ առանց ինքն իրեն պարգևավճար տրամադրելու:
Վախթանգ Սիրադեղյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: