Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետն իր բաջանաղի ընտանիքի բոլոր անդամներին աշխատանքով ապահովելուց զատ, որոշել է նաեւ մարզ եկած ծրագրերն էլ բաջանաղով անել. «Հրապարակ»

Փետրվար 05,2025 11:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Հունվարի 17-ին Իջեւանի քաղաքապետ Արթուր Ճաղարյանն ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել: Քննարկվող հարցերից երկուսը վերաբերում էին «Օկոն» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությանը.

«Հաշվի առնելով «Օկոն» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպության դիմումը՝ տալ հավանություն, Տավուշի մարզ, Իջեւան համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, 394.0546 հա մակերեսով արոտավայրեր եւ 0.3264 հա մակերեսով այլ հողատեսքեր գործառնական նշանակության հողամասերը, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) ութ տարի ժամկետով տրամադրել «Օկոն» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը՝ Հարավային Կովկասի էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով»:

Մյուս օրակարգային հարցով՝ «Իջեւան համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության եւս 490.7811հա մակերեսով արոտավայրեր եւ 15.5182 հա մակերեսով այլ հողատեսքեր գործառնական նշանակության հողամասերը, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) ութ տարի ժամկետով տրամադրել»:

Երկու որոշմամբ էլ տրամադրման տարեկան վարձավճար սահմանվել է 4 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ մեկ հեկտարի համար:

«Օկոն» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2023 թվականին, հասցեն՝ Հայաստան, Տավուշ, Իջեւան, Երիտասարդական փողոց, շենք 14, բնակարան 5: Այս նույն հասցեում է բնակվում Իջեւանի քաղաքապետի խորհրդական, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի բաջանաղը՝ Դավիթ Վիրաբյանը, որն «Օկոն» ՀԿ-ի նախագահն է: Հիշեցնենք, որ մամուլում քանիցս գրվել է, որ Տավուշի մարզպետ Ղալումյանը հոգացել է, որ իր ազգականներն անգործ չմնան` բոլորին տեղավորել է։

Մարզպետն իր բաջանաղի ընտանիքի բոլոր անդամներին աշխատանքով ապահովելուց զատ, որոշել է նաեւ մարզ եկած ծրագրերն էլ բաջանաղով անել: 2024թ. նոյեմբերի 6-ին կնքվել է եռակողմ բնապահպանական համաձայնագիր՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի, Իջեւան համայնքի եւ «Օկոն» սոցիալ-բնապահպանական ՀԿ-ի միջեւ, «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II (ECF) եւ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» LILA ծրագրերի ազգային խորհրդատվական խմբի միջեւ: Համաձայնագիրը ստորագրել են WWF-Հայաստանի տնօրեն Լեւոն Աղասյանը, Իջեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հրանտ Ներսեսյանն ու «Օկոն» սոցիալ-բնապահպանական ՀԿ նախագահ Դավիթ Վիրաբյանը:

Նելլի Կարապետյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728