Այսօր վաղ առավոտից քաղաքացիները շարունակում են տրանսպորտի ուղեվարձի նոր սակագների, մասնավորապես՝ մեկանգամյա ուղեւորափոխադրման համար սահմանված 150 դրամի բոյկոտը:
Ավտոբուսներում կան ինչպես նոր սակագներից դժգոհ քաղաքացիներ, այնպես էլ նոր սակագները եւ տրանսպորտային նոր միջոցները գովերգող քաղաքացիներ: Այդ է պատճառը, որ ավտոբուսներում ուղեւորափոխադրումն ընթանում է վեճերով:
Այսօր մի ուղեւոր, որը գովերգում էր նոր ավտոբուսների հարմարավետությունը, պնդում էր, որ այդ հարմարավետության համար արժե 150 դրամը վճարել: Նա վստահ է, որ գրեթե չկան քաղաքացիներ, ում համար այդ հիսուն դրամի ավելացումը կարող է մեծ բեռ դառնալ:
Այսպես նա իր փաստարկներն էր բերում ավտոբուսում գտնվող ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին, որը կոչ էր անում քաղաքացիներին չամաչել ու չվճարել 150 դրամ, շարունակել ճնշումը, մինչեւ քաղաքային իշխանությունները վերանայեն թանկացումը:
Կարդացեք նաև
Հենց այդ բանավեճում խառնվեց մի այլ քաղաքացի՝ մեղադրելով ընդդիմությանը, թե ինչու ոչ մի բանի համար չպայքարեցին:
-Դուք մեզ ճանաչո՞ւմ եք, ար ասում եք՝ ոչ մի բանի համար չպայքարեցիք, ախր դուք ի՞նչ գիտեք՝ ինչի համար եմ պայքարել,- հակադարձեց Մանուկ Սուքիասյանը:
-Հա, ինչի՞ չգիտեմ, – պատասխանեց կինը:
-Ուրեմն նախորդ իշխանությունների ժամանակ էլ եմ պայքարել, հիմա էլ եմ պայքարում,- շարունակեց Սուքիասյանը:
-Ինչի՞ ոչ մի բանի չեք հասնում,- հարցրեց քաղաքացին:
-Որովհետեւ ձեր նման մտածող քաղաքացիները, որ կողքից ասում եք դուք, բա դուք, պետք է միանաք, որ միասին մի բանի հասնենք,- պատասխանեց Սուքիասյանը:
Տիկինը սկսեց մեծ ոգեւորությամբ քարոզել սակագնային փաթեթը, որից օգտվում է, թվարկեց դրա առավելությունները՝ չլսելով կողքի քաղաքացիներին, որոնք բացատրում էին, որ իրենք չունեն նրա հնարավորությունները մի քանի հազար դրամ տալ ու գնել փաթեթ կամ պարզապես իրենց հարկավոր չէ փաթեթ, որովհետեւ իրենք ամեն օր չէ, որ օգտվում են տրանսպորտից:
-Աղբի հարկը թանկացել է, գույքահարկը թանկացել է, շրջանառության հարկը թանկացել է: Դուք ուզում եք նստել ձեր տեղում, ուրիշները գնան, պայքարե՞ն, բա՞ն փոխեն: Դուք ունեք հնարավորություն վճարում եք, ուրիշները չունեն,- իրավիճակից գոհ քաղաքացուն պատասխանեց Մանուկ Սուքիասյանը:
Այլ քաղաքացիներ հետաքրքրվեցին այդ կնոջից՝ ինքը երեկոյան տրանսպորտին սպասող քաղաքացիների հերթը տեսե՞լ է: Նա էլ պատասխանեց, թե միշտ է այդպես եղել:
-Ախր այդպես չպետք է լինի,- արձագանքեցին նրա գոհունակությանը:
-Իսկ միգուցե 500 դրամ վճարե՞ք,- հեգնեցին այդ քաղաքացուն:
Կինն էլ ոգեւորված շարունակեց, թե քաղաքացիները հիմար չեն, ամեն ինչ տեսել ու տեսնում են՝ սկսած 90-ականներից, թե ով ինչ է տարել, ով ինչ է գռփել, ով ինչ կերավ:
Ի դեպ, Aravot.am-ի տեղեկություններով, Նոր-Նորք վարչական շրջանի աշխատակիցների համար բացվել է Viber հավելվածում հատուկ խումբ, որտեղ ներգրավված են բոլոր աշխատակիցները: Վարչական շրջանի ղեկավարը, մեր տեղեկություններով, այդ խմբում է տեղադրել Տիգրան Ավինյանի հորդորը՝ այս օրերին ակտիվ քարոզ տանել տրանսպորտում՝ գովերգելով ներդրված փաթեթային համակարգը: Նույնիսկ այն աշխատակիցները, որոնք երթեւեկում էին իրենց սեփական մեքենաներով, այս օրերին, ստիպված են կատարել քաղաքապետի հրահանգը եւ երթեւեկել տրանսպորտով, որ կարողանան իրականացնել անհրաժեշտ քարոզը:
Նոր-Նորք վարչական շրջանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գեւորգ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե աշխատակիցներին հրահանգվել է տրանսպորտով երթեւեկել ու ճնշել տրանսպորտի սակագների թանկացման վերաբերյալ բողոքը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ