Քաղտեխնոլոգները արձանագրել են հետևյալ իրողությունը. ընտրությունները շատ նման են վիճակախաղի: Վիճակախաղի տոմս գնելիս, մարդու գիտակցությունը նրան ասում է՝ «մեկ է, նույնն է լինելու, ես շահող չեմ…», իսկ ենթագիտակցությունը նույն պահին մեղմ շշնջում է՝ «ո՞վ գիտե, մեկ էլ տեսար, շահեցի…»: Այսպիսով, վիճակախաղի տոմսով մարդը ոչ թե շահումի տեր է դառնում, այլ հույսի: Նա այդ տոմսով, ասես, հույս է գնում կրպակից և մինչև խաղարկությունը, նա իր մտքում «ստանում է» շահումը, ծախսում փողը ուզածի պես:
Կյանքը բազմիցս է վկայել, որ ընտրվող իշխանությունները հիմնականում իրենց շահերի ջատագովներն են: Սխալվելու հեռանկարը էական չէ, կարևորը հույս կա, որ մի օր լավ է լինելու: Իզուր չի ասված՝ «Ցանկացած մարդ սխալվելու իրավունք ունի, իսկ որպեսզի նա կարողանա օգտվել այդ իրավունքից, անցկացվում են ընտրություններ»:
Ժողովրդավարության հիմնարար թերություններից մեկն էլ այն է, որ «մեծամասնությունը անպատասխանատու լինելու իրավունք ունի» – հեգնանքով նկատել է մի հայտնի գործիչ: Ամենուրեք աշխարհում, այդպես է, այդպես է եղել նաև մեզանում: Հանրային բարեկեցությունը և պետության զարգացումը իրականացվում են այլ օրենքներով՝ կառավարման համակարգի կատարելագործմամբ, լուրջ տնտեսություն ստեղծելով, երկրի անվտանգային հիմքերի անշեղ ամրապնդմամբ, արտաքին և ներքին ռազմավարությունների խելամիտ կիրառմամբ և այլն:
Բայց, միևնույն է, զանգվածների համար գնահատականը միշտ նույնն է՝ «Կառավարությունը չի մտածում ժողովրդի մասին»: Իշխանությունը ինչ էլ անի, պարզ է, զանգվածին չի բավարարելու: Ինչո՞ւ սա հատուկ շեշտեցինք, որովհետև դա այն կետն է, որից սկսվում են իշխանությունների խաբեությունները և իհարկե՝ զանգվածների ինքնախաբեությունը: Կառավարությունները լավ գիտեն, թե իրենք ինչ են անում, ինչու և ինչպես: Իշխանությունները միշտ էլ կարողանում են լինել և՛ առավել մարտունակ և՛, իհարկե, առավել կազմակերպված: Եթե չլինեն Սահմանադրական պահանջները, հազիվ թե հնարավոր լինի իշխողների ձեռքից վերցնել նրանց աթոռները: Նրանք շատ կոնկրետ սեփական շահերն են հետապնդում, իսկ անձնական շահեր հետապնդողները միշտ էլ ավելի ուժեղ են, քան գաղափարների հետևից վազողները: Դրա համար էլ կան մարդկանց պատրանքների տիրույթում պահելու լավ գործիքներ, ճոռոմ գաղափարներ:
Կարդացեք նաև
Ավելորդ չէ մտաբերել Բեռնարդ Շոուի սքանչելի խոսքը՝ «Ժողովրդավարությունը այն գույնզգույն օդապարիկն, որը կախված է մարդկանց գլխավերևում և որից նրանք չեք կարողանում կտրել իրենց հայացքը: Ու քանի դեռ նրանք զմայլված նայում են օդապարիկին, ուրիշները նույն պահին ժողովրդի գրպաններն են դատարկում»: Զանգվածը չի կարողանում պարզորոշ հասկանալ, իսկ ավելի ստույգ՝ չի փորձում ընդունել, որ այն կերը, որով իրեն կերակրում են, թույն է պարունակում: Անգամ, եթե այդ թույնը քաղցրահամ է…
Մանվել ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի 2025 թ․ առաջին համարում