Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնիշխանությունը նվաճվում է հաղթանակներով. ոչ թե պարտություններով

Փետրվար 05,2025 10:00

Արդյոք որեւէ խնդիր կա՞ հավաքել մի սենյակում 50 կամ 100 հոգի եւ պատմել նրանց, որ Երկրագունդը տափակ է: Ինձ թվում է, դա բացառապես խնդիր չէ, եւ եթե ճիշտ «մաղով» անցկացնես ներկաներին, նրանք վերջում կծափահարեն:

Ամերիկահայերի կամ գուցե «ամերիկահայեր» ձեւացողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի հնչեցրած թեզն այն մասին, որ մեր պարտությունները նպաստում են մեր երկրի անկախությանն ու ինքնիշխանությանը, այդ շարքից են: Դա հակասում է թե՛ պատմական փորձին (չկա որեւէ պետություն, որը ռազմական պարտությունների շնորհիվ դարձել է ավելի ինքնուրույն), թե՛ պարզ կենցաղային տրամաբանությանը. քեզ հարեւանդ ծեծել է, ամեն անգամ տեսնելիս ասում է՝ «հըլը մի հատ թռի՝ սիգարետ առ» եւ դու, բնականաբար, թռնում ես, բայց բակում, երբ հարեւանդ չի երեւում, բոլորին պատմում ես, թե ինչ հզոր տղա ես դու, եւ ինչպես ես օրեցօր հզորանում:

Պարզ է, թե ինչի համար է դա ասվում: Իբր Արցախը հայկական պահելու պատճառով մենք կախված էինք ռուսներից, իսկ հիմա, երբ այն հանձնեցինք, այլեւս կախված չենք: Բայց դա նույնպես ակնհայտորեն հակասում է իրողություններին՝ ԵԱՏՄ անդամակցությանը, գազի մատակարարմանը, ռեէքսպորտին եւ այլն: Հռետորաբանության (ամբախ-զամբախ խոսելու) առումով, այո, զգալիորեն ավելի անկաշկանդ ենք, իսկ էությամբ, զուտ նյութական մակարդակով, նույնքան կախյալ ենք:

«Նահատակ չլինելու» մասին (նույն հանդիպման ժամանակ) խոսակցությունը նույնպես որոշ շրջանակներին լսեցնելու համար է: Եթե ակնարկները վերածենք ուղիղ խոսքի, ապա իմաստը հետեւյալն է՝ մենք նահատակ ենք դարձել ռուսների պատճառով, եւ հիմա նրանք ցանկանում են, որ մենք մեզ նահատակ զգանք, բայց մենք ուզում ենք պարզապես ապրել:

Չգիտեմ, ով՝ ինչպես, բայց ես եւ, հուսով եմ, շատ հայեր, 1994-2020 թվականներին ինձ նահատակ ազգի ներկայացուցիչ չէի զգում, հակառակը՝ ինձ մաս էի համարում հաղթանակած ազգի: 1988 թվականի շարժումն էլ, իմ կարծիքով, սկսվեց՝ որպեսզի մենք մեզ այդպիսի ազգ չզգանք:

Այժմ, Փաշինյանի արկածախնդրության պատճառով, հին վերքերը բացվեցին: Եվ ոչ մի «ցավազրկող» խոսակցություն մեր օրեցօր իբր ամրապնդվող ինքնիշխանության եւ «պարզապես ապրելու» մասին մեզ չեն օգնի: Նահատակ չզգալու համար պետք են հաղթանակներ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728