Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուդիկ Մկրտչյան. «Եթե համաձայնել եմ ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը, ուրեմն պատրաստ եմ»

Փետրվար 05,2025 00:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեռ հունվարի առաջին օրերին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նիստում ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը փոփոխություններ էր կատարել հավաքականների մարզչական  կազմում: Մասնավորապես, ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել էր Ռուդիկ Մկրտչյանին:

Այսօր «Դինամո» մարզադահլիճում անցկացված Հայաստանի տղամարդկանց առաջնության եզրափակիչ մենամարտերի ընթացքում Aravot.am-ը խոսել է նորանշանակ գլխավոր մարզչի հետ:

-Շնորհավորում ենք ազգային հավաքականի գլխավոր մարզչի պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով: Մի քանի օր է, ինչ արդեն նոր կարգավիճակով հետեւում եք մենամարտերին: Ի՞նչ կասեք:

-Շնորհակալություն շնորհավորանքի համար: Տղաները թեժ մենամարտեր են անցկացնում չեմպիոնության համար: Նրանք պատրաստվել են անձնական մարզիչների ղեկավարությամբ:

Եվ ինչպես տեսնում ենք, լավ են մարզվել: Եզրափակիչները հետաքրքիր են ընթանում, չոր են: Այդպես էլ պիտի լիներ: Դա կարեւոր է: Փորձառու բռնցքամարտիկները կրկին բարձունքում են:

-Երիտասարդներ կա՞ն, որոնց անունները նշել եք ձեր մոտ:

-Անշուշտ: Երկու-երեք անուն առանձնացրել եմ ու կարծում եմ, որ նրանք տեղ կգտնեն ազգային հավաքականում: Իսկ ընդհանուր առմամբ, երիտասարդների մեջ առաջխաղացում կա որակական առումով, որովհետեւ նրանք արդեն իսկ հասցրել են փորձառություն կուտակել՝ դառնալով իրենց տարիքային խմբերում աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ:

-Երիտասարդական առաջնություններում հաղթանակներ տանելը դեռ մեծահասակների մեջ եւս  հաջողություններ արձանագրելու երաշխիք չեն:

-Այո: Եվ Հայաստանի առաջնությունը նրանց համար առաջին փորձությունն է հաղթելու կամ մեդալ նվաճելու առումով: Կարծում եմ, խոստումնալից երիտասարդներին պետք է վստահել եւ իրենց դրսեւորելու հնարավորություն տալ:

-Ի՞նչ խնդիրներ եք դրել ձեր առջեւ 2025 մրցաշրջանում:

-Առաջին հերթին պատրաստվելու ենք  ապրիլին Երեւանում կայանալիք միջազգային մրցաշարին, հետո՝ աշխարհի առաջնությանը, որի անցկացման վայրը դեռ որոշված չէ: Դրան կհաջորդի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Երեւանում: Դա լրացուցիչ պարտականություն եւ պատասխանատվություն է մեր երկրում մեդալներ նվաճելու առումով:

-Եվ վերջին հարցը: Ձեզ պատրաստ տեսնո՞ւմ եք ազգային հավաքականի գլխավոր մարզչի ծանր ու պատասխանատու պաշտոնում:

-Ես երկար ժամանակ աշխատել եմ հավաքականների մարզիչների եւ տղաների հետ եւ եթե համաձայնել եմ, ուրեմն կարող եմ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728