Սահմանադրական դատարան դիմած Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը (ով Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր) նշել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավոր Վահե Միսակյանի վերաբերյալ կայացված որոշմամբ վերջինիս վերագրվել է «տուժողի անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունքի» խախտում, ինչպես նաեւ «դատական իշխանությունը հեղինակազրկելը»: Ա. Դանիբեկյանի պնդմամբ՝ որպես «հասարակ» որակված կարգապահական խախտման պարագայում ուղղակիորեն արձանագրվել են «էական» կարգապահական խախտման հատկանիշներ հանդիսացող՝ օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում նկարագրված հետեւանքները, այլ կերպ՝ բոլոր այն հանգամանքները, որոնք տվյալ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված կարգապահական խախտումների տարբերակման հիմք են: Ըստ նրա՝ իր գործով նույնպես ԲԴԽ որոշմամբ արձանագրված նույն հանգամանքները (գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խախտումը եւ դատական իշխանության հեղինակազրկումը) հանդիսացել են կարգապահական խախտումը «էական» որակելու եւ ամենախիստ կարգապահական տույժ կիրառելու հիմք:
Աննա Դանիբեկյանի դիմումը Սահմանադրական դատարանում էր 2025 թվականի հունվարի 20-ին: Նա խնդրել էր իր դիմումը բավարարել: Դատավորը նշել էր, որ ԲԴԽ կողմից իր նկատմամբ կիրառված՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը, 146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ 153-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով նաեւ ԲԴԽ կողմից դրանց տրված մեկնաբանությունը եւ կամ դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը, չարդարացված միջամտություն են գործում իր՝ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասով, 49-րդ հոդվածով, 61-րդ հոդվածի 1-ին մասով եւ 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված հիմնական իրավունքներին:
Դիմումում վկայակոչվել էր հայտնի տեսանյութը, որի կապակցությամբ նա գրել էր. «Խորհրդի աշխատակազմի պատրաստած եւ իր պաշտոնական հաշիվներում հրապարակված տեսանյութն արհեստականորեն հարմարեցվել է Դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, որով որպես կարգապահական վարույթ հարուցելու առիթ նախատեսված է մամուլում հրապարակված նյութը:
Միաժամանակ ուշագրավ է, որ այդպիսի առիթների ցանկում ներառված չէ պետական իշխանության մարմնի պաշտոնական աղբյուրում հրապարակված նյութը, ինչից հետեւում է, որ կարգապահական վարույթ հարուցելու օրինական առիթ առկա չի եղել։ Վարույթին իրավաչափ տեսք հաղորդելու նպատակով տեսանյութի սկզբնաղբյուրը քողարկվել է մամուլում կատարված վերահրապարակմամբ»:
Կարդացեք նաև
Նա խնդրել էր «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը եւ/կամ այդ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը եւ/կամ օրենսդրական բացը ճանաչել Սահմանադրությանը հակասող եւ անվավեր:
Երեկ տեղեկացանք, որ ՍԴ դատական կազմը հունվարի 31-ին Ա. Դանիբեկյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.02.2025