Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի գաղտնի առաջարկը Ալիեւին, Թեհրան-Բաքու «թյուրըմբռնումները»

Փետրվար 05,2025 12:00

Պաշտոնական Թեհրանի համար հարեւանների հետ հարաբերությունների ամրապնդումն առաջնահերթություն է: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շեշտել է, որ հետամուտ են լինելու այդ նպատակի իրագործմանը

Տարածարջանային խմորումներում ակտիվ դերակատարություն է ստանձնել Իրանը, որի հետ հարեւան երկրներն էլ, ըստ ամենայնի, փորձում են որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել:

Միջազգային կազմակերպություններում եւ տարածաշրջանային «3+3» ձեւաչափի շրջանակներում համագործակցությունը քննարկել էին Թեհրանում այցով գտնվող Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը, Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանային եւ արտգործնախարար Աբբաս Արաղչին: Այս մասին X-ում գրառում էր արել Հաջիեւը՝ նշելով, որ մտքեր են փոխանակվել խաղաղ համակեցության, «ներքին գործերին չմիջամտելու եւ բարիդրացիության սկզբունքների հիման վրա ադրբեջանա-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման շուրջ»: Այս այցն իրականացվել էր Իրանի նախագահի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնական հրավերով։

«3+3» ձեւաչափը, հիշեցնենք, ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած եւ Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձեւաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով: Այս ձեւաչափի մասին վերջին շրջանում խոսում էր միայն Մոսկվան:

Իրանի նախագահի խորհրդականն ու Ադրբեջանի նախագահի օգնականը ընդգծել են, որ պետք է շարժվել` «որոշ թյուրըմբռնումների» վերացման, բազմոլորտ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Թե որոնք են «որոշ թյուրըմբռնումները», կողմերը գերադասել են չհրապարակայնացնել:

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը եւս հանդիպել է Հիքմաթ Հաջիեւի հետ: Իրանական Mehr-ի հաղորդմամբ՝ Ադմադիանը հայտնել է, որ Հաջիեւի հետ խոսել են երկու հարեւան երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ եւ ընդգծել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարեւորությունը:

Աղբանդ-Նախիջեւան եւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքներն ընդգծվել են որպես կարեւոր տարածաշրջանային եւ անդրտարածաշրջանային նախագծեր, որոնք համապատասխանում են երկու երկրների փոխադարձ շահերին, նշվել էր Հաջիեւի գրառման մեջ: 2023-ին Զանգելանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի էր ունեցել Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։ Այս նախագիծն իրականացվել է երկու երկրների պետական միջոցներով։ Հաղորդվում էր, որ կամրջի կառուցմանը զուգահեռ կստեղծվեն սահմանային եւ մաքսային ենթակառուցվածքներ։

Հիմնարկեքի արարողությանը մասնակցել էին երկու երկրների .պաշտոնյաներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի, Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորությամբ։ Նրանք իրենց ելույթներում նշել էին, որ ստեղծված ավտոմոբիլային եւ սահմանային-մաքսային ենթակառուցվածքները կծառայեն բեռնափոխադրումների ավելացմանը եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն մուտքն ու ելքը դյուրացնելուն»։

Հունվար 31-ին հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսում էր հաղորդակցության ուղիների մասին, եւ շեշտեց, թե դեմ չի անխոչընդոտ հաղորդակցությանը, սակայն անխոչընդոտ չի նշանակում ՀՀ իրավազորության շրջանցումով:

«Այն բովանդակությունը, որը առաջարկել ենք, մեզ համար բացարձակապես ընդունելի որեւէ բան չկա եւ լիարժեք համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում բարձրաձայնված սկզբունքներին, բայց համապատասխանում է նաեւ այն ակնկալիքներին, որոնք Ադրբեջանն է բարձրացնում։ Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանցումով», – նշել էր Փաշինյանը։

Հատկանշական է սակայն, որ իր չորս ու կես ժամ տեւած ասուլիսում, չնայած մի քանի անգամ հնչած հարցին, այդպես էլ չհստակեցրեց, թե հայկական կողմը Սյունիքով դեպի Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւան անցման կոնկրետ ի՞նչ ռեժիմ է առաջարկել, որն, ինչպես ձեւակերպել էր, համապատասխանում է նաեւ Բաքվի ակնկալիքներին։ Միայն ասաց, թե հայկական կողմը պատրաստ է որոշ պարզեցումների։

«Ադրբեջանը Իրանի տարածքով համարում է, որ խոչընդոտով է անցնո՞ւմ, չի համարում, չէ՞, հակառակ դեպքում չէր անցնի: Մենք ասում ենք՝ էն նույն պայմանները, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է առաջարկում, նույն պայմաններով մենք պատրաստ ենք: Ավելին՝ հաշվի առնելով, որ տվյալ դեպքում Հայաստանն էլ պետք է անցումներ…. մենք պատրաստ ենք նաեւ որոշակի պարզեցումների», – ասել էր Փաշինյանը, հավելելով, որ Հայաստանի օրենսդրությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը տարանցման համար չեն կարող խոչընդոտ համարվել։

Ադրբեջանի նախագահը, սակայն, բազմիցս պնդել է, նույնիսկ սպառնացել է Սյունիքով անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհի բացում դեպի Նախիջեւան։ Ալիեւը օրերս էլ հայտարարեց, թե Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ։

Նկատենք, որ անցյալ ամիս պաշտոնական Թեհրանը նշել էր, որ հարեւանների հետ հարաբերությունների ամրապնդումը երկրի իշխանությունների առաջնահերթություններից է:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շեշտել էր, որ հետամուտ են լինելու այդ նպատակի իրագործմանը։ Ընդգծելով, որ Մոսկվայում համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրվի գիտության, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ, Իրանի նախագահը հայտնել էր, որ աշխատանքներ են տարվում հարեւան այլ երկրների հետ եւս համապարփակ համագործակցության փաստաթղթերի ստորագրման ուղղությամբ։

Փեզեշքիանի խոսքով՝ նման փաստաթուղթ կստորագրվի նաեւ Իրաքի հետ՝ «հարաբերությունների բարելավման, փորձի փոխանակման, տարածաշրջանի երկրների միջեւ համակարգումն ու համագործակցությունը մեծացնելու նպատակով»։ «Եթե տարածաշրջանում շարունակվի տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի, գիտության եւ արդյունաբերության ոլորտներում հարաբերությունների ընդլայնումը, մենք կկարողանանք ինքներս լուծել մեր խնդիրները, իսկ ճնշումը, որ ԱՄՆ-ը փորձում է գործադրել տարածաշրջանում երկրների դեմ, ինքնաբերաբար կչեզոքացվի», – ասել էր Իրանի նախագահը՝ չհստակեցնելով, թե ինչ ճնշումների մասին է խոսքը։

Այս հայտարարության ֆոնին հրապարակվեցին Մոսկվա-Թեհրան գործընկերության համաձայնագրի որոշ մանրամասներ: Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ռազմավարական համապարփակ համագործակցության մասին համաձայնագրում ներառված է 47 հոդված եւ ընդգրկում է բոլոր ոլորտները, հայտնել էր Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հավելելով. «Համաձայնագրի ստորագրմամբ եւ իրագործմամբ մենք ականատես կլինենք երկու երկրների միջեւ բոլոր ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացմանը»։

Ռուսաստանի եւ Իրանի միջեւ Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը գալիս էր փոխարինելու 2001-ին ստորագրված համագործակցության սկզբունքների մասին համաձայնագրին։ Նոր փաստաթղթի շուրջ աշխատանքներն ընթանում էին դեռեւս 2022 թվականից, անցյալ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են եկել դրա տեքստի շուրջ, սակայն տեքստից մանրամասներ չեն հրապարակվում։

Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ համաձայնագիրը նախատեսված էր ստորագրել 2024-ի հոկտեմբերին Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովի ժամանակ, սակայն այնուհետեւ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի եւ Իրանի ղեկավարները պայմանավորվել են, որ այն կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքյանի՝ Մոսկվա առանձին այցի ժամանակ, որն էլ կայացավ հունվարի 17-ին։

Շարունակությունը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 04.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728