Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարությունը քաղաքականության մեջ դեր չի խաղում

Փետրվար 05,2025 13:30

Ինչ դասեր կարելի է քաղել Բոբ Վուդվորտի «Պատերազմ» գրքից

«Ով, մարդկային արդարություն, թող ես թքնե՛մ քու ճակատիդ», Սիամանթոյի այս տողը կրկնվել է հազարավոր անգամներ՝ սկսած ապրիլի 24-ին նվիրված դպրոցական պատի թերթերից ու ցերեկույթներից՝ վերջացրած հրապարակախոսական հոդվածներով: Պոետի ցասումը հասկանալի է, բնական է. ինքս եմ ամեն առավոտ արթնանում նման զգացողությամբ: Մտածում եմ այն մասին, թե որքան անարդար են վարվել տերությունները հայերիս նկատմամբ: Ինձ նույնքան զայրացուցիչ են թվում Հայաստանում պաշտոնական քարոզչության պատմությունները այսօրվա «դրախտի» մասին, ինչպես նաեւ նիկոլապաշտների հիացմունքն այդ «դրախտով»: Որ «ժողովուրդը» (հերթական վարկաբեկված բառը) չի հասկանում, թե ինչ աղետ է մեր պետության գլխին բերել Փաշինյանը, դա նույնպես, իմ կարծիքով, անարդար է:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ թե՛ անհատները եւ թե՛ ազգերը արդարությունը հասկանում են տարբեր ձեւերով: Դա դեռ քիչ է՝ այդ բառի մեջ ներդրվում են տարբեր իմաստներ: Թվարկեմ դրանցից մի քանիսը. 1/ օրենք, 2/ մարդասիրություն, բարեգթություն, 3/ փոխհատուցում, պատիժ, հավասարություն, կամ ճիշտ հակառակը` 4/ անհավասարություն` «լավերին», «մերոնց», «տուժածներին» ավելի շատ, քան «վատերին», «օտարներին» եւ «բարգավաճներին»:  Այսպիսով, արդարություն պահանջելու մեր՝ միանգամայն բացատրելի ցանկությունը հանդիպում է նույնքան բնական հոգեբանական, պատմական եւ քաղաքական խոչընդոտների:

Հատկապես միջազգային հարաբերություններում արդարության ձգտումը չափազանց սուբյեկտիվ է եւ հարցերի լուծման մեջ գործոն չի հանդիսանում: Անարդար է, իհարկե, որ մենք կորցրեցինք Արցախը, որ այնտեղ այլեւս ոչ մի հայ չի ապրում, որ թշնամին զավթել է ՀՀ ինքնիշխան տարածքը, որ այդ ամենին նպաստել է մեր իբր «դաշնակից» Ռուսաստանը եւ դրան չեն խոչընդոտել մեր իբր «բարեկամ» ԱՄՆ-ը եւ ԵՄ երկրները: Բայց հիմա նստել եւ բոլորից արդարություն պահանջել՝ առնվազն անիմաստ է: Պետք է հասկանալ, թե որն էր այստեղ մեր մեղավորությունը, եւ ինչ պետք է անել, որ 5, 10 կամ 30 տարի հետո անարդարությունից սկսի բողոքել Ադրբեջանը:

Այդ առիթով խորհուրդ կտայի ծանոթանալ Բոբ Վուդվորտի (լուսանկարում) «Պատերազմ» գրքին: Վուդվորտը ամերիկացի հայտնի լրագրող է, դեմոկրատական կուսակցության համակիր, լավ կապեր ուներ Բայդենի վարչակազմի հետ եւ տիրապետում էր որոշ ինսայդերական տեղեկատվության, որի աղբյուրն էր, մասնավորապես, ԱՄՆ նախագահի անվտանգության գծով նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը: Գիրքն, ի դեպ, լույս է տեսել անցած տարվա հոկտեմբերի 15-ին, այսինքն՝ ընտրություններից 20 օր առաջ եւ կոչված էր կողմնորոշելու ամերիկացի ընտրողներին՝ հօգուտ Քամալա Հարիսի:

Չնայած այդ՝ ակնհայտ քարոզչական ուղղվածությանը, գիրքը պարունակում է հետաքրքիր փաստեր, որոնք առնչվում են մեր՝ արդարության թեմային: Անդրադառնամ միայն մեկ դրվագի՝ զրույցի, որը տեղի է ունեցել բրիտանացի հայտնի քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Պուտինի միջեւ՝ այնպես, ինչպես որ այն ներկայացնում է Վուդվորտը: Զրույցը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերին, երբ Ջոնսոնը դեռ պաշտոնավարում էր:

Ազատ շարադրանքով խոսակցության իմաստը հետեւյալն է: Ջոնսոն. «Ինչո՞ւ եք դուք անհանգստանում, մի՞թե չգիտեք, որ մոտ ապագայում Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա»: Պուտին. «Ի՞նչ է նշանակում «մոտ ապագայում»: Ջոնսոն. «Տեսանելի ապագայում (in the foreseeable future)»: Պուտին. «Այդ դեպքում հայտարարեք դրա մասին պաշտոնապես»: Ջոնսոն. «Չենք կարող՝ դա հղի է իմիջային կորուստներով»:

Խոսքը նրա մասին չէ, որ պատերազմ սկսելու մեղավորությունը պետք է գցել Ջոնսոնի կամ ընդհանրապես Արեւմուտքի վրա. մեղավոր է, իհարկե, Պուտինը, որը 2014 թվականին բռնազավթել էր Ղրիմը, իսկ 7 տարի անց ագրեսիվ պատերազմ սկսեց հարեւան երկրի դեմ:

Մեղավոր է, անշուշտ, ռուսական կողմը: Բայց պատասխանատու են շատերը: Այդ թվում նրանք, ովքեր խոստանում էին Ուկրաինային՝ ընդունել ՆԱՏՕ, շատ լավ իմանալով, որ դա տեղի չի ունենա: Միայն վերջերս Թրամփը դրա մասին խոսեց բաց տեքստով: Իսկ արդյոք պատասխանատու չե՞ն Ուկրաինայի լիդերները, որոնք հավատում էին այդ խոստումներին: Եվ արդյոք այստեղ դաս չկա՞ հայաստանյան լիդերների համար:

Ուկրաինայի ժողովրդի հանդեպ անարդար են վարվել՝ այդ ժողովուրդը հիմա տառապում է, զրկանքներ է կրում ռուսական ագրեսիայի պատճառով: Բայց քաղաքականության մեջ դա ոչ ոք հաշվի չի առնում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728