«Հետք». Վարչական դատարանը 2025թ. հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) պարտավորեցրել է հասարակական կազմակերպությանը տրամադրել տեղեկություններ, թե 2024թ. հունիսի 12-ին՝ Երևան քաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած հավաքի շրջանակներում Ոստիկանության զորքերի քանի զինծառայող է զեկուցել կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ, յուրաքանչյուր զինծառայող քանի հատուկ միջոց է գործադրել և ինչ հատուկ միջոցներ են գործադրվել: Այս տեղեկությունները ՆԳՆ-ն չի տրամադրել՝ պատճառաբանելով, թե քրեական վարույթ է նախաձեռնված։
2024թ. հուլիսի 16-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը գրավոր հարցում է ուղարկել ՆԳՆ՝ խնդրելով տրամադրել վերը նշված տեղեկութունները: ՆԳՆ-ն պատասխան գրությամբ նշել է, որ մատնանշված դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ, ուստի համապատասխան տեղեկատվությունը ստանալու համար պետք է դիմել քննչական մարմին:
ՀԿ-ն նշված պատասխանը դիտարկել է որպես տեղեկատվության տրամադրման մերժում և դիմել Վարչական դատարան:
Դատարանում հիմնավորվել է, որ նախորդ տարիներին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հավաքների ժամանակ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը՝ այդ թվում կիրառված հատուկ միջոցի քանակի, տեսակի և այն գործադրած և զեկուցագիր ներկայացրած ոստիկանների թվի վերաբերյալ, անկախ քրեական վարույթ նախաձեռնված լինելու հանգամանքից, տրամադրվել է Ոստիկանության կողմից: Որպես ասվածի ապացույց ներկայացվել են մի շարք գրությունների պատճեններ, որոնք վերաբերել են 2016թ. հուլիսին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքների ընթացքում Ոստիկանության զորքերի կողմից կիրառված հատուկ միջոցների, դրանց վերաբերյալ զեկուցած ոստիկանների վերաբերյալ տեղեկություններին, նույն դեպքերի առթիվ քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշումների պատճենները: Հետևաբար, դիտարկվել է, որ ՆԳՆ-ն որևէ իրավաչափ հիմնավորում չի ներկայացրել հայցվող տեղեկությունը չտրամադրելու առնչությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում