Լրահոս
Օրվա լրահոսը

Մսավաճառներից բացի տուգանում են նաև Գյումրու ռեստորանասրճարանատերերին․ սպանդանոցների չգործելը կրակն է գցել բոլորին

Փետրվար 04,2025 21:15

Գործարար կառավարման մագիստրոս, կառավարման փորձագետ Բաբկեն Մկրտչյանն ահազանգում է, որ չնայած Շիրակի մարզի սպանդանոցները չեն գործում, սակայն տուգանելու հերթը հասել է ռեստորանասրճարանատերերին։

Դեռ 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՍԱՏՄ-ն տուգանել է Գյումրիի տնտեսվարողներից մեկին 300 հազար դրամի չափով՝ այն պատճառաբանությամբ, թե խանութից ձեռք է բերել ոչ սպանդանոցային ծագման միս։

Ընդ որում,  ըստ Բաբկեն Մկրտչյանի, միսը ձեռք է բերվել քաղաքի կենտրոնական խանութներից մեկից, ոչ թե նկուղներից, որոնք ասենք անլեգալ գործունեություն են ծավալում։ Տնտեսվարողի մտքով երբևէ չի էլ անցել, որ մսավաճառատնից գնված մսի համար մի օր ինքն է  պատասխանատվության ենթարկվելու։

«Մսավաճառատները, որոնք այդպես լեգալ գործում են, միգուցե չպիտի՞ գործեն, որ տնտեսվարողն էլ այնտեղից գնում չկատարի»,-հարցնում է մեր զրուցակիցը։

Բաբկեն Մկրտչյանն ասում է՝ շատ դեպքերում վերահսկող մարմնի ներկայացուցիչները տնտեսավորողների մոտ մտնում են իրենց գերմարդու տեղ դրած, օրենքների մի խումբ անգիր արած՝ բացարձակ չհետաքրքրվելով տնտեսվարողների խնդիրներով, հետադարձ կապ չեն պահում այդ խնդիրների կարգավորման համար, ընդամենը հանդես են գալիս որպես կատարողներ՝ խորհուրդ տալով բողոքարկել, դիմել դատարան։

«Ինձ է դիմել մի տնտեսվարող՝ ասելով Սննդի անվտանգության տեսչական մարմինը պահանջում է մի փաստաթուղթ, որը սպանդանոցային ծագման մսամթերքին է առնչվում, իսկ այն, ըստ էության, Գյումրիում խնդիր է։ Խոսքը վերաբերում է 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ժամանակահատվածին, տնտեսվարողին այդ մասով տուգանք է առաջադրվել՝ 300 հազար դրամի չափով, որը բավական մեծ գումար է փոքր սրճարան, ռեստորանի համար, որ տնտեսվարողը կարողանա վճարել այն։

Հարցն ավելի խորքային է, եթե նույնիսկ տնտեսվարողն այդ 300 հազարը հայթայթի, ճարի,  բանկին դիմի, վարկ վերցնի, հարազատներից խնդրի, պարտք անի, այդ հարցը ավելի լուրջ է․ ինչո՞ւ, որովհետև Շիրակի մարզում, ըստ էության, սպանդանոց չի գործում։

Կառավարության այն որոշումը, որը թվում է՝ լավ որոշում է, դրական որոշում է․ մսավաճառատներում պետք է լինի սպանդանոցային ստուգված միս, Շիրակի մարզում խնդիր է, և դրանից տեղյակ են տուգանող և վերահսկող մարմինները։

Իսկ իրենք գիտենալով, որ դա խնդիր է, այնուամենայնիվ գալիս և տուգանում են տնտեսվարողին, սա ոչ այլ ինչ է, քան ոչ թե վերահսկում իրականացնել, այլ միգուցե պլանային ցուցանիշներ ապահովել՝ այլ նպատակների համար։

Որքանով ես տեղյակ եմ Շիրակի մարզի Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, որը պատասխանատու է Շիրակի մարզում նման վերահսկողական գործառույթների համար, արդեն փոխմարզպետ է։ Այսինքն՝ թե՛ տնտեսվարողի և թե՛ իմ մոտ կասկածներ կան, որ այս ամենը ոչ թե արվել է նրա համար, որ իրոք  վերահսկողություն լինի, այլ արվել է նրա համար, որ տվյալ պաշտոնյան դառնա Շիրակի փոխմարզպետ։

Սա լուրջ հարց է, եթե բոլոր պաշտոնյաները իրենց առաջխաղացման համար զբաղվեն նման հարցերով, բնականաբար և՛ պետությունը չի կառուցվի, և՛ տնտեսությունը չի զարգանա»,-ասում է Բաբկեն Մկրտչյանը։

Նա հարցնում է՝ ինչո՞ւ պատասխանատուները չեն զբաղվում սպանդանոցների չգործելու հարցով, լուծումներ չեն գտնում, որ դրանք աշխատեն և այդ պարտականությունը դնում են տնտեսվարողի ուսերին։

«Ստացվում է, որ տնտեսվարողները պետք  է ամեն ինչ անեն, պայքարեն, որ Շիրակի մարզի այդ սպանդանոցները գործեն, իսկ դա ո՞նց պետք է անեն, հերթով տուգանվելո՞վ։ Սա  է փաստացի պետծառայողի առաքելությունը։ Այսինքն՝ չեղած բանի համար տուգանվեն։

Երկրորդը՝ նույնիսկ եթե կա սպանդանոցային ձև N 5-ը, դա առ ոչինչ փաստաթուղթ է, բացատրեմ ինչու, տնտեսվարողը  իր գնած մսամթերքը նույնիսկ  այդ ձև N 5  ունեցող մսավաճառատնից երբ բերում է, դա ընդհանրապես նույնացնել հնարավոր չէ։ Այդ ձև N  5-ը, որը մսավաճառատունն ունի ենթադրենք 100 կիլոգրամ մսի համար, արդյոք առնչվո՞ւմ է այն 3 կիլոգրամ մսի հետ, որը տնտեսվարողը, հանրային սննդի օպերատորը գնել է տվյալ մսավաճառատնից։ Այսինքն այնտեղ որևէ կերպ նույնացնել հնարավոր չէ։ Այսինքն, կարող է տնտեսվարողի մոտ միս լինի, որը գնել է մսավաճառատնից, բայց դա որևէ կերպ ձև N 5-ը չի կարող նույնականացնել։ Իսկ եթե հնարավոր չէ նույնականացնել X, Y, Z գործընթացներ, դրա համար տնտեսվարողին ենթարկել վարչական պատասխանատվության, դա ուղղակի չարաշահում է սեփական լիազորությունների»,-ասում է Բաբկեն Մկրտչյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ ո՞ւր են հասնելու տուգանելով, երբ սպանդանոցների խնդիրը չի լուծվում։

«Այսինքն՝ իմաստը ո՞րն է խնդիրը լուծել տուգանքի միջոցով։ Դրա փոխարեն իրենք պետք է հասկանան՝ ինչ կարելի է անել, որ Շիրակի մարզում մսամթերքի մորթը գյուղացուց, ֆերմերից անցի Շիրակի մարզում գործող սպանդանոցի միջոցով»,- ասում է Բաբկեն Մկրտչյանը։

Վերջինիս ասելով՝ այս խնդիրը չպիտի բարդել մսավաճառի կամ տնտեսվարողի ուսերին։

«Մի օրինակ բերեմ, պատկերացրեք հանրային սննդի տնտեսվարողի մոտ, ենթադրենք ռեստորան է, սրճարան է,  ճաշարան է, արագ սննդի կետ է, հաճախորդը, որը պետք է գնի ասենք սենդվիչ կամ խորոված, պետք է մատուցողին կամ մենեջերին հարցնի՝ կներեք, իսկ ձեր մսամթերքը դուք գնել եք սպանդանոցային մորթի մսավաճառատանի՞ց, թե՞ ոչ։ Եվ լսելով պատասխան՝ պետք է հրաժարվի, ասի, քանի որ դուք չունեք այդ փաստաթուղթը, ես չեմ գնի ձեր խորովածը կամ  կամ ձեր սենդվիչը։

Ասածս ինչ է՝ եթե հանրային սննդի տնտեսվարողը ձեռք է բերում մսամթերք լեգալ մսավաճառատնից, որն աշխատում է թափանցիկ կենտրոնական փողոցի վրա, ոչ թե նկուղներում թաքնված, ենթադրելի է, որ այնտեղ առողջ մսամթերք է, իսկ եթե մշտապես պետք է կասկածել, որ առողջ մսամթերք չէ, ապա այս պարագայում որևէ բան որևէ մեկը ձեռք չպետք է բերի այս պարագայում։

Պետության, վերահսկող մարմնի դերն այն է, որ ինքը հասկանա, որ այդ մսավաճառատանը վաճառվում է առողջ մսամթերք, իսկ խնդիրները, որ ասենք սպանդանոցները չեն գործում, չբարդի տնտեսվարողի ուսերին։ Նույն մսավաճառատունը պարտավոր չէ գնալ, հետևել սպանդանոցների աշխատանքին, որ սպանդանոցներն աշխատեն։

Կառավարությունը կայացրել է որոշում, ուրեմն ինքը պետք է ունենա այն գործիքները, թե սպանդանոցներն ինչպես պետք է աշխատեն, եթե չեն աշխատում, թող զբաղվեն դրանցով»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Aravot.am-ը դիմել է նաև ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնին, առաջիկայում կներկայացնենք այս կառույցի պարզաբանումները ևս։

Իսկ Շիրակի փոխմարզպետ, ՍԱՏՄ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը չցանկացավ արձագանքել իրեն վերագրվող քննադատությանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728