Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մրցումային երրորդ օրը 2x3x1,2 կմ դասական ոճում թիմային սպրինտ մրցաձևով փետրվարի 4-ին ավարտվել են դահուկավազքի մրցումները։
Առաջին տեղը գրավել են Սոչիի ու Վանաձորի ներկայացուցիչները` Վասելինա Խաչատրյանն ու Էրիկ Ավետիսյանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Աշոցքի թիմերը` Թադևոս Պողոսյան-Կատյա Գալստյան և Միքայել Միքայելյան-Անահիտ Մարգարյան:
Հատկանշական է՝ այս մարզաձևի եռօրյա մրցումներում խաղարկված մեդալների գերակշիռ մասը՝ 12 մեդալ, նվաճել են Աշոցքը ներկայացնող դահուկորդները (3 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ)։
Փետրվարի 3-ին կայացել են դահուկավազքի դասական ոճի մրցումները. տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը, երկրորդ տեղում Սպարտակ Ոսկանյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Թադևոս Պողոսյանը: Երեքն էլ ներկայացնում են Աշոցքը: Կանանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Վասելինա Խաչատրյանը, երկրորդ տեղում Կատյա Գալստյանն է, եռյակը եզրափակել է Գյումրիի ներկայացուցիչ Ռոզա Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Ավարտվել է նաև ձնամարտի մրցաշարը, որին 18 թիմեր են մասնակցել: Առաջին անգամ խաղերի ծրագրում ընդգրկված ձնամարտի մրցաշարում հաղթող է ճանաչվել Թեհրանի թիմը:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շրջանակում Երևանում երեկ՝ փետրվարի 3-ին, մեկնարկել է հոկեյի մրցաշարը, որն անցկացվում է շրջանաձև մրցակարգով: Մրցաշարին մասնակցում է 4 թիմ՝ Վոլգոգրադից, Մոնրեալից, Դոնի Նախիջևանից ու Երևանից:
Խաղերի շրջանակում շարունակվում են նաև շախմատի մրցումները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն