2024 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին վերաբերող 16 վճիռ է կայացրել։
Այս մասին նշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վիճակագրության տարեկան զեկույցում։
Ըստ հրապարակված փաստաթղթի՝ 16 հայցերից միայն մեկի դեպքում Հայաստանի Հանրապետությունը որեւէ խախտում թույլ չի տվել։
15 դեպքում՝ պետությունը խախտել է մարդու իրավունքները։
Կարդացեք նաև
15 վճիռներից վեցում ՄԻԵԴ-ը հայտնաբերել է՝ Հայաստանը խախտել է մարդու ազատության եւ անվտանգության իրավունքը։
Երեքական դեպքով ՀՀ-ն խախտել է մարդու ազատ արտահայտման իրավունքը։
Դատարանի տվյալներով՝ 2024-ին ՀՀ յուրաքանչյուր 10,000 բնակչից 0,6-ը հայց է ներկայացրել ՄԻԵԴ։ Այսպիսով՝ Հայաստանը գերազանցում է յուրաքանչյուր 10,000 բնակչի թվով 0,34 հայցի եվրոպական միջինը։
Անցնող տարվա ընթացքում Դատարանը Հայաստանի հետ կապված 52 հայց մերժել է։
ՀՀ ներգրավվմամբ չվճռված է մնում 949 հայց։
Հայաստանի ներգրավվմամբ մի շարք միջպետական հայցեր առայժմ մնում են չհանգուցալուծված։ Մասնավորապես՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի՝ չորս հայց, Հայաստանն ընդդեմ Թուրքիայի՝ մեկ հայց, Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի՝ երկու հայց։
Միջպետական մյուս հինգ հայցերն են՝ Ուկրաինան եւ Նիդեռլանդներն ընդդեմ Ռուսաստանի (1), Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի (3), Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (1):
Դատարանի հրապարակմամբ հայտնի է դարձել նաեւ հայցերում ամենահաճախ հանդիպող հինգ պետությունները։ Դրանք են՝ Թուրքիան (21.600), Ռուսաստանը (8.150), Ուկրաինան (7.700), Ռումինիան (3.850)։ Հնգյակը եզրափակում է Հունաստանը (2.600)։
Ընդ որում՝ քննվող հայցերի գրեթե 75%-ը վերաբերում են հենց այս պետություններին։
Ռուսաստանի դեմ քննվող 302 հայցերից 302-ում էլ հայտնաբերվել է մարդու առնվազն մեկ իրավունքի խախտում։ Ռուսաստանին երկրորդում է Ուկրաինան։ 158 հայցից 153-ում է խախտում հայտնաբերվել։
Առնվազն մեկ խախտմամբ վճռված հայցերի հնգյակը եզրափակում են Թուրքիան (67/73), Իտալիան (51/58) եւ Ռումինիան (49/58)։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ