ՀԿԴ-ում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ այսօր շարունակվեց էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի եւ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի քրեական գործով դատական նիստը:
Ըստ մեղադրանքի՝ նախկին նախարարը իր տեղակալի միջոցով գնման գործընթացում ապահովել է «Սիներջի» ընկերության հաղթանակը, որի հետ կապ է ունեցել ինչպես անձամբ, այնպես էլ՝ միջնորդավորված:
Քրեական գործով գրավոր ապացույցների փուլում այսօր մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը ներկայացնում էր գործին առնչվող անձանց հեռախոսային զրույցների սղագրությունները, որոնց պատասխանող տալիս էր իր մեկնաբանությունները:
Քանի որ նախապես համաձայնեցված էր, որ այսօրվա նիստը տեւելու է երկու ժամ, այն ընդհատվեց: Հաջորդ դատական նիստը, էլի ըստ նախնական պայմանավորվածության, կկայանա փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին:
Կարդացեք նաև
Նիստի ավարտին Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը 168.am-ի եւ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Դատելով դատախազության ընկալումներից եւ դատելով այն ապացույցներից, որոնք դատախազության տնօրինման տակ եղել են, մենք հասկացել ենք, որ ծայրաստիճան ոչ ադեկվատ է այդ ընկալումը եւ հետեւաբար ակնկալիք չունենք, որ այն ինչ-որ կետում ադեկվատ կդառնա, որովհետեւ այժմ, կարծում եմ, դատախազությունն այն փակուղում է, որտեղ ինքն իր դեմ չի կարող պայքարել: Եվ ստիպված է լինելու բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով նույնիսկ պարզ, շիտակ, սեւով՝ սպիտակի վրա գրվածը այլ կերպ մեկնաբանել: Այլընտրանք, կարծում եմ, չունի դատախազությունը, եթե չունենա բավարար քաջություն՝ դադարեցնելու այդ գործընթացը»:
Հարցին, թե այս գործում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Տիգրան Եգորյանը պատասխանեց. «Այն պնդումները, որոնք ես կատարել եմ իմ առաջին եւ երկրորդ ասուլիսներում, պահպանվում են: Ուղղակի քաղաքականը պետք է ճիշտ ընկալել: Ամենայն հարգանքով, բայց ոչ թե հասարակության մեջ տարածված ընկալման իմաստով, այլ ԵԽ եւ ԵԴ կողմից արտահայտված իմաստներով: Այսինքն, դրանք, անպայման չի, որ բարձրագույն իշխանության ինչ-որ մեկի հանձնարարությունը լինեն: Դրանք կարող են համակարգի ներսում ձեւավորվող մրցակցության եւ հակազդեցության բերումով լինել»:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ամեն դեպքում բարձրագույն իշխանության եւ դատախազության միջեւ փոխկապակցվածություն չի՞ տեսնում: Տիգրան Եգորյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ փոխկապակցվածությունը միշտ կարող է հանգել լիազորությունների եւ իշխանության արդյունավետ իրացման տեսանկյունից հարցին: Սա ընդհանուր առմամբ փոխկապակցվածություն է: Բայց դա կետային հարցերի բերելը միշտ չէ, որ հեշտ է: Իհարկե, միշտ պատասխանատու է քաղաքական իշխանությունը այս կամ այն ուղղությամբ զարգացող քաղաքականության: Գլխավոր դատախազության ամենամեծ խնդիրը, որը մինչ օրս ես դիտարկում եմ ու չգիտեմ, թե երբ կլուծվի, դա քրեական քաղաքականության իսպառ բացակայությունն է եւ ՀՀ-ում քրեական քաղաքականության նկատմամբ քաղաքական իշխանության գրեթե զրոյական ազդեցությունը: Գլխավոր դատախազության կողմից իրականացվող քրեական քաղաքականությունը ոչ կանխատեսելի է, ոչ որոշակի է, ոչ կայուն է եւ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչ ստանդարտների է համապատասխանում: Եվ որեւէ մեկը թող չփորձի ինձ բերել հակափաստարկ, որ իբր, օրենքի հիման վրա, որովհետեւ օրենքի շրջանակում հայեցողության տիրույթն այնպիսին է, որ դրա տատանումները հսկայական ազդեցություն կարող են ունենալ օրենքի այս կամ այն կերպ կիրառման վրա: Հենց քաղաքականությունը զարգանում է օրենքով սահմանված տիրույթում: Դատախազության քաղաքականությունը հասկանալի չէ, որոշակի չէ, կանխատեսելի չէ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ