Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն խստացնում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը

Փետրվար 04,2025 17:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարժական հավաքներից խուսափելու համար խստացնել պատժամիջոցները և հստակեցնել զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության դերակատարումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում։

Ներկայիս օրենսդրությունը հստակ չի սահմանում վարժական հավաքից խուսափելու տարբեր ձևերը, ինչի հետևանքով հնարավոր չի լինում ամբողջությամբ գնահատել քաղաքացիների կողմից այս գործընթացից խուսափելու դեպքերը։

Օրենքի բացերի պատճառով որոշ քաղաքացիներ օգտագործում են ձևական պատճառաբանություններ՝ վարժական հավաքներից խուսափելու համար։ Հատկապես տարածված են ինքնախեղման դեպքերը, հիվանդությունների սիմուլյացիան, փաստաթղթերի կեղծումը կամ այլ խաբեության մեթոդներ։

Գործող օրենսդրությամբ պատասխանատվությունը համեմատաբար մեղմ է, ինչը հնարավորություն է տալիս խուսափել պատժից՝ օգտագործելով վերոնշյալ մեթոդները։

Ռազմական ոստիկանության ներկայիս լիազորությունները հստակեցման կարիք ունեն՝ կապված զորահավաքային գործընթացում նրանց ներգրավվածության հետ։

Այս փոփոխությունների ընդունումը թույլ կտա խստացնել օրենսդրական կարգավորումները, բարձրացնել պատասխանատվության մակարդակը և ապահովել զորահավաքային գործընթացի ամբողջական իրականացումը։

Հստակեցվում են վարժական հավաքներից խուսափելու ձևերը՝ հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ չներկայանալը, առողջական վիճակի հետազոտումից կամ բժշկական փորձաքննությունից խուսափելը, վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով հրաժարվելը, մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով հավաքներից խուսափելը, փաստաթղթերի կեղծման կամ խաբեության այլ ձևերով խուսափելը։

Ընդհանուր խուսափման դեպքերում նախատեսվում է տուգանք, կարճաժամկետ ազատազրկում (մինչև 2 ամիս) կամ ազատազրկում (մինչև 2 տարի)։
Եթե խուսափումն իրականացվել է մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթղթեր կեղծելու միջոցով, ապա պատիժը կարող է հասնել 2-5 տարվա ազատազրկման։ Այս փոփոխությունները թույլ կտան խստացնել պատասխանատվությունը և նվազեցնել զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերը։

Նախագծով առաջարկվում է զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության ներգրավվածության ավելացում՝ ապահովելով արդյունավետ վերահսկողություն զորակոչի և վարժական հավաքների կազմակերպման նկատմամբ։

Ռազմական ոստիկանությունը լիազորվում է օժանդակել զինվորական կոմիսարիատներին զինապարտ քաղաքացիներին ծանուցագրեր հանձնելու գործընթացում, պարտավորեցնել զորակոչիկներին ներկայացնել զինվորական կոմիսարիատ կամ բժշկական փորձաքննության կենտրոն, հայտնաբերել ու վերահսկել զորակոչից խուսափողների տեղաշարժը, աջակցել զորահավաքի կազմակերպմանը և զինապարտ քաղաքացիների հաշվառմանը։

Օրենքով ամրագրվում է, որ ռազմական ոստիկանությունը իրավունք կունենա հետախուզել զորահավաքային զորակոչից խուսափող անձանց, իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ զորակոչիկների տեղորոշման և զորակոչի ապահովման նպատակով, իրավապահ մարմինների պահանջով պարտադիր զինծառայողների տեղափոխում և ուղեկցում ապահովել։

Այս փոփոխությունները թույլ կտան ռազմական ոստիկանությանը ավելի արդյունավետ ներգրավվել զորահավաքային համակարգի գործընթացներում և ապահովել զորակոչի ամբողջական իրականացումը։

Ակնկալվում է, որ այս փոփոխությունների արդյունքում կբարձրացվի զորահավաքային համակարգի արդյունավետությունը՝ խուսափող քաղաքացիների թվի նվազեցման հաշվին, կխստացվի պատժամիջոցները, ինչը կստիպի զորակոչից խուսափողների զգալի մասին վերանայել իրենց մոտեցումը։ Գործընթացին կներգրավի ռազմական ոստիկանությունը, որը կուժեղացնի վերահսկողությունը և կխթանի օրենքի կիրառելիությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728