ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մադամ» գործարար կանանց միության անդամներին՝ նախագահ Տաթև Բեյբությանի գլխավորությամբ:
«Որևէ բնագավառում հաջողության հասած կանանց օրինակը ոգևորիչ է բազմաթիվ երիտասարդ աղջիկների համար՝ չվարանելու և գնալու իրենց նպատակների հետևից: Կրթական համակարգի կարևոր դերերից մեկն էլ երեխաների համար կանանց հաջողության պատմություններն ավելի տեսանելի դարձնելն է: ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և մենք հատուկ խրախուսում ենք պետություն-մասնավոր համագործակցությունը, որը նաև որակական փոփոխության նախապայման է»,- ողջունելով ներկաներին՝ նշել է Ժաննա Անդրեասյանը։
«Մադամ» գործարար կանանց միության անդամները հակիրճ ներկայացրել են իրենց գործունեությունը, մասնավորապես՝ շեշտելով առնչությունները կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների հետ:
Այս համատեքստում նախարարը կարևորել է հատկապես մասնավոր հատվածի հետ համագործակցությունը՝ Հանրակրթության նոր չափորոշչով պահանջվող մասնագիտական կողմնորոշման բաղադրիչի կիրառման տեսանկյունից․ «Բոլոր դպրոցներում գործում են մասնագիտական կողմնորոշման պարտադիր խմբակներ․ 8-րդ դասարանից սկսած՝ աշակերտները որոշակի պատկերացում պետք է ունենան տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների ու դրանց հնարավորությունների մասին: Ու այստեղ ձեր փորձառությունը ներկայացնելն արդյունավետ և ոգևորող կարող է լինել»:
Կարդացեք նաև
Կրթական ոլորտում մասնավոր հատվածի ներգրավվածության մասին խոսելիս անդրադարձ է եղել նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթությանը՝ կարևորելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգի ներդրումը, որը, ըստ նախարարի, պետական քաղաքականության առաջնահերթությունն է, այստեղ ևս գործարար կանանց փորձառությունը կարևոր է:
Մշակույթի ոլորտում համագործակցության համատեքստում նախարարն անդրադարձել է դրամաշնորհային ծրագրերին:
«Մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնցով խրախուսվում են երիտասարդ մասնագետները, հատկապես մարզերում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այստեղ ևս կարևոր է մասնավոր ընկերությունների աջակցությունը։
Անդրադարձ է եղել նաև սպորտի և առողջ ապրելակերպի ոլորտում համագործակցության հնարավորություններին։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ