Մոսկվայի Ավիացիոննայա փողոցում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրում պայթյունը, որի հետևանքով զոհվել է «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, կարող էր մահապարտ ահաբեկիչն իրականացրած լինել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմիններից։
Ըստ Mash-ի (ռուսական առցանց լրատվական միջոց` News Media մեդիա հոլդինգի կազմում)՝ «Ալ առագաստներում» սպանված երկրորդ մարդը մահապարտ-ահաբեկիչ էր։ Խոսքը մոտ 45 տարեկան ՀՀ քաղաքացու մասին է. կարճ մուգ մազերով, շագանակագույն աչքերով, ոտքի վրա թրի տեսքով դաջվածք ուներ:
Նա Արմեն Սարգսյանին սպասել է բնակելի համալիրի նախասրահում և ակտիվացրել իր մարմնին ամրացված ինքնաշեն պայթուցիկ սարքը: Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչի խոսքով՝ դրա հզորությունը կազմել է մոտավորապես 300 գրամ՝ տրոտիլային համարժեքով։
Հիշեցնենք՝ Սարգսյանի նկատմամբ Ուկրաինայում հետախուզում էր հայտարարվել: