Aravot.am-ը օրեր առաջ արձագանքեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի» վերաբերյալ հայտարարությանը:
Այսօր արձագանքում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարի «Հնարավոր է, որ թատերահամերգային կազմակերպությունների կառավարման ոլորտում առկա են տարիների ընթացքում կուտակված հարցեր: Այս հարցերին պետք է անդրադառնանք համատեղ». Ժաննա Անդրեասյանի հայտարարությանը:
Ըստ ՀՀ ԿԳՄՍՆ տարածած հայտարարության՝ նշվում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ»: Ապա շեշտվում է. «Նա առանձնակի կարևորել է համատեղ աշխատանքը՝ շեշտելով, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել կազմակերպությունների կողմից իրականացվող նախագծերին»:
Քննարկված հարցերի շրջանակը չափազանց լայն է, որոնք վերաբերում են թատերահամերգային գործունեության բազմաթիվ գործոնների. «…կառավարման ոլորտում առկա են տարիների ընթացքում կուտակված հարցեր»:
Կարդացեք նաև
Իհարկե, ողջունելի են մշակույթի ոլորտում կատարվող ժամանակակից և ժամանակից ելնող օրենսդրական փոփոխությունները, այն համոզմամբ, որ ինչպես կյանքն է առաջ շարժվում, այնպես էլ մշակույթի կառավարման օրենքները պետք է կարողանան համընթաց լինել տվյալ ժամանակի մշակույթի պահանջներին, որը նշանակում է, որ երեկվա օրենքն այսօր արդեն կարող է հնացած լինել և նոր օրենքի ներդրումը դառնում է անհետաձգելի անհրաժեշտություն:
Հանդիպման ընթացքում արծարծված սկզբունքները ցանկալի փոփոխությունների ենթակա հարցեր են, որոնք սովորաբար հանդես են գալիս հարցախմբերով:
Դրանք բոլորն էլ կարևոր են այնպես, ինչպես ցանկացած համակարգի համար փոքր ու մեծ հարցեր գոյություն չունեն և մեկ չլուծված «փոքր» հարցը երբեմն հավասարազոր է լինում ամբողջ համակարգի փլուզմանը կամ չգոյությանը:
Կառավարման խնդիրների քննարկումը «մատը զարկերակի վրա պահել» է նշանակում, ինչը միշտ չէ, որ եղել է, թեև մշտապես եղել է կառավարման փոփոխություններ կատարելու պահանջը: Սակայն մշակույթի պատմության փորձը հուշում է, որ ավելի խիստ անհրաժեշտություն է դառնում խոսքի դաշտից իրականության դաշտ տեղափոխվելը, որի գործնականացումը ավելի մեծ ջանք կպահանջի, քանի որ, խոսքը դեռ գործ չէ, իսկ «հարցերը կուտակվել են տարիների ընթացքում»:
Լավ կլիներ, իհարկե, խոսքը վերաբերվեր ոչ միայն այն երեք կոլեկտիվներին, որոնց հետ քննարկվել է «հայտը», որոնք համեմատաբար մի կերպ ինքնուրույն լուծում են իրենց բարդագույն հարցերը, այլ շատ ավելի անհրաժեշտ է «գոյատևմանը» վերաբերող հարցերը քննարկել այն միավորների հետ, որոնք շատ ավելի մեծ օժանդակության կարիք ունեն և տասնապատիկ անգամ ավելի շատ են և երբեմն անելանելի վիճակում են գտնվում:
Հուսանք, որ դեռևս տեսական հնչողություն ունեցող նոր դրույթները կյանքի կոչելու ԿԳՄՍՆ նախաձեռնությունը մի նոր աստիճանի կբարձրացնի մշակութային օջախների ինքնուրույնությունը, նախաձեռնողականությունը, ծրագրերի ֆինանսավորման նորագույն հայտարարվող, սակայն դեռևս անհայտ ու չպարզաբանվող մեթոդները, մշակութային ինքնազբաղ` անհատ ու պետական` կոլեկտիվ միավորների ազատականակացումն ու ապակենտրոնացումը:
Միայն մի ցանկություն և մտավախություն ենք հայտնում, որ հայտարարությանը շուտափույթ հաջորդեն գործնական մեթոդական ուղղորդումները, կարգն ու կարգավորումները, քանի որ հայտնի է, որ բոլոր ժամանակների բոլոր հայտարարությունները թղթի վրա մնալու հատկություն ունեն, եթե դրանք նույն պահին չեն տեղափոխվում «կարգ ու կանոնի» տիրույթ:
Ինչ վերաբերում է ֆինանսավորման նոր մեթոդի մասին կարևորագույն հայտարարությանը, ապա հասկանալի է, որ վաղուց ինչ որ բան պիտի փոխվի, հասկանալի է նաև, որ հայտարարության մեջ կոնկրետ մեթոդ հնարավոր չէ ասել, բայց գոնե ռազմավարական ուղղորդման մասին պետք է երկու խոսք ասվի. օրինակ` ինքնուրույն որոշման ազատ դրամագլուխ կհատկացվի կամ նոր ծրագիր ի հայտ բերելու համար «չընդունված ծրագրերի համար վճարման ֆոնդ կտրամադրվի» և նմանատիպ մինչև օրս չեղած երևույթներ:
«Պտիչկա» ասած խորհրդային երևույթ կար, որ ցուցադրական ձևի համար մի երևացող փոքր խմբի հետ հավաք էին անում ու չափազանց կարևոր հարցերի մասին հրապարակավ, բավականին տպավորիչ ու սրտացավ խոսում էին և հենց այդքանով էլ բավարարվում էին: Բայց այն անտես ու անհայտ բազմաթիվ կոլեկտիվները այդպես էլ անտես ու անհետ էին մնում:
Անհրաժեշտ է ամեն ինչ անել հայտարարության արագ գործնականացման համար:
Մեկ անգամ ևս ողջունում ենք ՀՀ ԿԳՄՍՆ մշակույթի կառավարման համար խիստ անհրաժեշտ փոփոխություններին միտված հայտարարությունը և մեր համագործակից ուշադրության կենտրոնում ենք պահելու ցանկալի հայտարարության իրականացմանն ուղղված ԿԳՄՍՆ ուղղորդող կանոնադրական քայլերը, օրենսդրական ձևակերպումները:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ