Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին հարցաքննվեց գործով վկա Ռուբեն Եգանյանը: Նա 2015-ին աշխատել է բժշկական համալսարանում որպես գնումների բաժնի ղեկավար, ասաց՝ ճանաչում է մեղադրյալներին որպես գործընկեր:
Նրա խոսքով, 2016թ ի սկզբից ազատվել է աշխատանքից, տարեվերջին նորից ընդունվել աշխատանքի:
Մեղադրող դատախազը հարցեր ուղղեց գնումների գործընթացի վերաբերյալ, մասնավորապես՝ ինչ ընթացակարգերով է տեղի ունենում:
Ըստ վկայի՝ բուհի ռեկտորի հանձնարարականի հիման վրա է գնումների կազմակերպումը տեղի ունենում:
Կարդացեք նաև
Հարց հնչեց, արդյոք եղել է դեպք, որ համալսարանի համար գույքի ձեռքբերման գործարքին մասնակցի ոչ գնումների բաժնի աշխատակից: Վկան պատասխանեց՝ եթե Սեւանի տարածքների մասին է խոսքը, ապա ինքը դեռ նախաքննության փուլում է հայտնել, որ դրա մասին իմացել է 2018-ին: Վկայի խոսքով, գնումների բաժնին չմակագրված այլ տեղեկության մասին իրեն ոչինչ հայտնի չէ:
Հաջորդ հարցին, թե եթե գնման անհրաժեշտություն է առաջանում, անկախ նրանից, թե ինչ ձեռքբերում է, այդ հարցը մինչեւ գնման գործընթացի մեկնարկը որեւէ տեղ քննարկման առարկա դառնում է, թե ոչ՝ վկան պատասխանեց՝ ամեն տարի հոգաբարձուների խորհուրդը հաջորդ տարվա համար հաստատում է ֆինանսական բյուջեն, օրինակ` սահմանվում է տնտեսական ապրանքների ցանկը, հետո բուհի ռեկտորի անմիջական որոշման ներքո են կատարվում գնումները: Եթե ընթացքում բյուջեի փոփոխման անհրաժեշտություն է լինում, բուհը դիմում է հոգաբարձուներին՝ բյուջեն փոխելու հիմնավորմամբ:
Նա ասաց, որ շատ հազվադեպ է մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստին որպես հրավիրյալ: Իսկ հարցին՝ եղե՞լ է դեպք, որ մասնակցի նիստին, որտեղ քննարկվեր հիմնադրամի համար հանգստյան գոտիներ, տարածքներ ձեռք բերելու հարցը, վկան պատասխանեց՝ ոչ:
Ինչ վերաբերում է ՊՎԾ ստուգումներին՝ 2015-ին բուհի կողմից տարածքներ գնելու դրվագին, ասաց՝ դրա մասին տեղեկացել է 2018-ին: Հնարավո՞ր էր առանց գնումների պլանում ընդգրկելու ձեռքբերել տարածքներ, վկան պատասխանեց՝ այո:
Հիշեցնենք, որ Աշոտյանը մեղադրվում է կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացում և հափշտակություն կազմակերպելու և պաշտոնեական դիրքի չարաշահման դրդելու համար։ Փողերի լվացման մասով, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը դեռ 2023-ին հաստատել էր հիմնավոր կասկածի բացակայությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ