Լրահոս
Օրվա լրահոսը

Ղաշղայիները թուրք-ադրբեջանական անջատողական շարժումների թիրախում

Փետրվար 04,2025 15:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գեղարդ հիմնադրամ». Իրանական տելեգրամյան ալիքներն ահազանգում, իսկ փորձագետներն արդարացված մտավախություն են հայտնում այն մասին, որ Անկարայի և Բաքվի հովանավորությունը վայելող անջատողական խմբերն ու, մասնավորապես, Թուրքիայում հիմնված «Ղայի» (Kayı Partisi) կուսակցությունը կեղծ ինքնության, պատմության և մշակութային գաղափարներ են տարածում Իրանի ղաշղայիների շրջանում՝ նպատակ ունենալով սերմանել անջատողական տրամադրություններ։

Այս կուսակցությունը հիմնադրվել է 2021 թվականին և կոչվում է թյուրքական ղայի ցեղի անունով, որը հիմնականում նույնացվում է Օսմանյան պետության հիմնադիր Օսմանի տոհմի հետ։ Կուսակցությունն ազգայնական գաղափարներ է տարածում թյուրքական ծագում ունեցող ժողովուրդների շրջանում։ Իրանի ղաշղայիները ևս հայտնվել են նրանց տեսադաշտում և փորձում են իրանական մշակութային և քաղաքական ինքնություն ունեցող թյուրքական այս ցեղի շրջանում տարածել հակաիրանական գաղափարներ։

Ո՞վքեր են ղաշղայիները։

Ղաշղայիներն այսօր Իրանի ամենամեծ թվաքանակ ունեցող թյուրքական ցեղն են՝ բաղկացած վեց կլաններից։ Նրանք, թերևս, ամենակազմակերպված, պահպանողական շիայական ցեղերից են, որոնք խստագույնս կապված են իրենց սովորույթներին, ավանդույթներին և մշակույթին։ Ղաշղայիները վարում են կիսաքոչվոր կյանք, կենտրոնացած են Իրանի Ֆարս նահանգում։

Իրանցիների շրջանում նրանք առանձնանում են նաև իրենց ուրախ, գեղեցիկ և խայտաբղետ տոնախմբություններով։ Ղաշղայիները խոսում են արևմտաօղուզական թյուրքական բարբառով, որն իրենք անվանում են «թուրքի»: Ղաշղայիների մոտ տարածված է այն կարծիքը, որ իրենց նախնիներն Իրան են եկել Թուրքեստանից՝ Հուլավու խանի կամ Լենկ Թեմուրի բանակների առաջապահ զորքերի հետ։

Սակայն, ընդունելի է, որ նրանք Իրան են եկել 11-րդ դարում՝ օղուզ-թյուրքական ցեղերի տեղաշարժի ժամանակ։ Ամենայն հավանականությամբ՝ սկզբում բնակություն են հաստատել Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում, այնուհետև աստիճանաբար գաղթել են դեպի Իրանի Ֆարս նահանգը։ Մինչև վերջերս նրանց մեջ կար Մողանլու կլանը, որի անունն առաջացել է Արդաբիլից հյուսիս գտնվող Մուղանի տափաստանի անունից: Ավելին՝ ղաշղայիները հաճախ Արդաբիլն անվանում են իրենց «նախնյաց տունը»: Ղաշղայիների շրջանում տարածված մեկ այլ ավանդության համաձայն՝ իրենց նախնիներին Ֆարս է գաղթեցրել Սեֆյան շահ Իսմայիլը (1501-1524 թթ․)՝ նահանգը պորտուգալացիներից պաշտպանելու համար։ Իսկ պատմական աղբյուրներում առաջին անգամ ղաշղայիները հիշատակվել են 18-րդ դարի «Ֆարսի քալանթար Մուհամմադի օրագիրը» երկում։

Տեսության մակարդակում է նաև ղաշղայի անվան ստուգաբանությունը։ Հայտնի արևելագետ, ակադեմիկոս Վ․ Վ․ Բարտոլդը ցեղանունը բացատրում է թյուրքերեն qašqā «ճակատին սպիտակ խալ ունեցող ձի» նշանակությամբ, իսկ մեկ այլ տեսության համաձայն, որն առաջարկել է իրանցի հեղինակ Հասան Ֆասային, ցեղանունը ծագում է թյուրքերեն qāčmaq «փախչել» բայից։

Սեփական թյուրքական ծագումը գիտակցելով հանդերձ՝ ղաշղայիները, փաստացի, իրենց համարում են Իրանի էթնիկ քարտեզի բաղկացուցիչ և անբաժանելի մասը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728