Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ձմեռային զորակոչի ընթացքում. պարզաբանում է ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը

Փետրվար 04,2025 15:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավապաշտպաններն ահազանգում են, որ զորակոչերի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները շարունակվում են, առողջական խնդիր ունեցող երիտասարդներին զորակոչում են բանակ։ 2024-ի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը նոր որոշում ընդունեց ու խստացրեց զինծառայությունից տարկետում վերցնելու կամ ազատվելու կարգը։

«Նոյեմբերի 25-ից մինչեւ հունվարի 31-ը ամբողջ զորակոչը եղել է մեր հատուկ ուշադրության ներքո: Ես չեմ զարմացնի այսօր որեւէ մեկին որեւէ բանով, եթե ասեմ, որ հիմնական բողոքների ուղղվածությունը գրեթե նույնությամբ մնացել է, եւ խնդիրները վերաբերվում են հետեւյալին՝ բժշկական հետազոտություններին եւ փորձաքննություններին, կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացություններին:

Բողոքների հաջորդ խումբը վերաբերվում է ուղեգրերի տրամադրմանը: Զորակոչիկները, նրանց ծնողները երբեմն բողոքներն են ներկայացնում, որ առողջական կոնկրետ խնդիրների համար զորակոչիկներին ուղեգրեր չեն տրամադրում, կամ դրանք տրամադրվում են խնդիրների մի մասով»,-Մեդիա կենտրոնում կայացած «Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ձմեռային զորակոչի ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը:

 

 

Անդրանիկ Եղոյանը հավելեց, որ ի թիվս այլնի, իրենք դիմումներ են ստացել այլընտրանքային զինվորական ծառայությունների, եղբայրների՝ միեւնույն զորամասում ծառայելու հետ կապված հարցերով:

«Ընթացիկ զորակոչին մենք ստացել ենք 5 տասնյակից ավելի գրավոր եւ բանավոր բողոքներ, դրանց մի մասում ներառված են քաղաքացիներին տրվող խորհրդատվությունները: Հաճախ պետական իրավասու մարմիններն ունեն բժշկական եզրակացությունը քաղաքացիներին ճիշտ մատուցելու խնդիր, այդ առումով երկխոսությունը պետական մարմիների եւ քաղաքացիների միջեւ երբեմն խզվում է: Խնդիրները ծագում են, երբ քաղաքացիները տեղեկացված չեն լինում կամ պատշաճ տեղեկացված չեն լինում, թե կոնկրետ բժշկական եզրակացությունն ինչ է ենթադրում:

Կենտրոնական բժշկական հանձնաժողովին ներկայացվում է զորակոչիկը, ճանաչվում է պիտանի կամ սահմանափակումով պիտանի՝ զինվորական ծառայության համար, բայց նա եւ իր ծնողը պնդում են, որ ունի առողջական խնդիրներ, այն պարագայում, երբ զինկոմիսարիատը, կենտրոնական բժշկական հանձնաժողովը պատշաճ տեղեկացնում են, որ կա առողջական խնդիր, բայց ենթադրում է սահմանափակումով պիտանիություն:

Եթե ամեն ինչ պատշաճ պարզաբանվի, բողոքների մեծամասնությունը միգուցե պակասի կամ անհիմն բողոքարկումներ չլինեն»,-ընդգծեց ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը:

Նա անդրադարձավ նաեւ կենտրոնական բժշկական հանձնաժողովին սպասելու հերթերին՝ մարդիկ առավոտից երեկո սպասում են, մինչեւ իրենց հերթը հասնի եւ փորձաքննվեն:

Մանրամասն՝ տեսանյութում 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728