«ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6,75 տոկոս»,- մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա հայտնեց՝ Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի երեք տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար։
Խոսելով գնաճի տեմպերի մասին՝ Մարտին Գալստյանն ասաց․ «2024-ի չորրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվում է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ դեկտեմբերին կազմելով 1,5, 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվում է ցածր մակարդակով՝ կազմելով մեկ տոկոս»։
ԿԲ նախագահն ասաց, որ համաշխարհային կտրվածքով և ՀՀ-ի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են, գների աճն ընդլայնվել է․ «Արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ։ 2024-ի չորրորդ եռամսյակում ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը շարունակել է մոտենալ երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակին, տնտեսական ակտիվության աճին մեծապես նպաստել է ծառայությունների, շինարարության և առևտրի ճյուղի բարձր աճը»։
Կարդացեք նաև
Մարտին Գալստյանը նաև հայտնեց՝ մեծացել է անորոշությունը հարկաբյուջետային քաղաքականության պահանջարկի վրա հավանական ազդեցության ուղղությամբ և չափի շուրջ։
Այս անորոշության պայմաններում ԿԲ խորհուրդը գների կայունություն ապահովելու նպատակով քննարկել է մի քանի սցենարներ։ ԿԲ նախագահը մանրամասնեց․ «Մի կողմից խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները՝ այդ թվում համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրի հնարավոր ընդլայնման վերաբերյալ անորոշությունը պահանջում է ավելի կոշտ արձագանք գների կայունության ռիսկերը կառավարելու համար։ Մյուս կողմից՝ Բ տիպի սցենարներ են քննարկվում, որոնք ենթադրում են քաղաքականության տոկոսադրույքի շուկայի սպասումների համեմատ ավելի արագ և մեծ նվազման ուղի միջնաժամկետ հորիզոնում՝ պահպանելով կարգավիճակը և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար։ Երկու ուղղությամբ ռիսկերը համադրելով՝ Խորհուրդը որոշեց շարունակել համաֆինանսավորման տոկոսադրույքների՝ դանդաղ տեմպերով աստիճանական նվազումը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ