Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող էր անգամ արյունալի միջադեպ լինել սադրանքի արդյունքում. իրավապաշտպանը՝ Ղարիբ Բաբայանի գործի եւ հայտնի տեսանյութի մասին

Փետրվար 04,2025 14:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի դասախոս, «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ղարիբ Բաբայանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ատելություն, թշնամանք հրահրելու նպատակով նյութեր տարածելու հոդվածով: Ղարիբ Բաբայանը ձերբակալվել էր իրանաբնակ ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութի տարածումից մեկ օր անց։ Քննչական կոմիտեն նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Դատարանը մերժեց միջնորդությունը։ Թեեւ Ղարիբ Բաբայանն ազատության մեջ է, սակայն նրա նկատմամբ իրականացվում է վարչական հսկողություն, եւ սահմանափակվել է հրապարակային խոսքով հանդես գալը:

Տեսանյութում մի խումբ տղամարդիկ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ջան, Ղարաբաղ» են երգում ու զվարճանում: Տեսանյութի տարածումից մոտ 12 ժամ անց ԱԱԾ-ն հայտնեց, որ զվարճացող տղամարդիկ Իրանի քաղաքացիներ են, Երեւանում են եղել Ամանորին:

Աշոտ Մելիքյան

«Անկեղծ ասած, ես ինքս իրավապահ մարմիններին կարող էի հարցնել, թե ինչու դա ատելության խոսք որակվեց, որովհետեւ այդ գնահատականի մեջ որեւէ մասնագիտական մոտեցում չկա, որեւէ իրավական հիմք չկա, եւ իսկապես նաեւ դա է պատճառը, որ դատարանը մերժել է Ղարիբ Բաբայանի կալանավորումը:

Առհասարակ այս պատմության մեջ իրավապահ մարմինները փոխանակ բուն հիվանդությանը, բուն խնդիրն անդրադառնան, հետեւանքներին են անդրադարձել»,-Մեդիա կենտրոնում կայացած «Խոսքի ազատությունը Հայաստանում. ի՞նչ է բացահայտում Ղարիբ Բաբայանի գործը» թեմայով քննարկման ժամանակ նշեց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա ձեւակերպմամբ. «Հրապարակված տեսանյութը հանրային նշանակություն ունեցող կարեւոր նյութ է, եւ պատահական չէ, որ հարց էր բարձրացվում, թե ինչպես կարող է Երեւանի կենտրոնում նման խրախճանք տեղի ունենալ մի հարցի թեմայով, որ մեր ամբողջ ազգի համար ողբերգություն էր: Իրավապահ մարմինները պետք է զբաղվեին հենց այդ խնդրով, թե ինչպես էր դա հնարավոր:

Արդյոք դա կազմակերպված եւ ֆինանսավորված էր այլ պետությա՞ն կողմից: Օրինակ, կարելի է, չէ, այսպիսի վարկած առաջ քաշել, որ Ադրբեջանը Իրանի ադրբեջանցիների միջոցով նման տեղեկատվական ճնշում է գործադրում Հայաստանի վրա: Այդ մարդկանց պատվիրել, ֆինանսավորել է, նրանք էլ բարեհաջող հանձնարարությունը կատարել են Երեւանի կենտրոնում եւ հեռացել:

Նաեւ կարեւոր էր պարզել, թե ինչպես է այդ տեսանյութը հայտնվել տարածողի մոտ, ի՞նքն է տեսագրել, թե՞ ուրիշ աղբյուրից է վերցրել, եթե ուրիշ աղբյուրից է, ապա արժի իմանալ, թե որն է այդ աղբյուրը: Մի խոսքով, ԱԱԾ-ն լուրջ աշխատանք պիտի տաներ, լուրջ հետաքննություն անցկացներ եւ առնվազն միջոցներ ձեռնարկեր, որ նույն անձինք այլեւս երկրորդ անգամ չկարողանային չհատել Հայաստանի սահմանը»:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի խոսքով. «Տվյալ հրապարակման մեջ հնչել է հարցադրում՝ ուղղված իրավապահ մարմիններին, որոնք պատշաճ չեն կատարել իրենց աշխատանքը»: Նրա խոսքով, հանրությունը պետք է իրավապահ մարմիններից հաշվետվողականություն պահանջի, թե ինչպես է պաշտպանվում իր անվտանգությունը: «Մենք փաստորեն գործ ունենք մի միջոցառման հետ, որի ընթացքում հնչել է շատ զգայուն թեմա՝ Արցախի թեման: Զգայուն թեմայի վերաբերյալ տեղի է ունեցել պրովոկացիա, որը նկարահանվել եւ տարածվել է տարբեր՝ այլ երկրների ալիքներով: Իսկ հայտնվել է տվյալ անձի ձեռքում՝ միտումնավոր, թե ոչ միտումնավոր, դա հարցի 15-րդական կողմն է: Ի վերջո, ցանկացած անցորդ կարող էր անցնել եւ նկարահանել, բոլորիս ձեռքին հեռախոսներ կան: Կարող էր ավելի վատ բան լինել՝ որեւէ անցորդ անցներ ու ծեծկռտուք սկսվեր, քանի որ ոստիկանությունը. կամ այլ ծառայություններ իրենց տեղում չեն եղել եւ չեն կանխել պրովոկացիան: Կարող էր անգամ Հանրապետության հրապարակում լինել նաեւ արյունալի միջադեպ՝ նման պրովոկացիայի արդյունքում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728