Ի՞նչն է ավելի խելամիտ այսօր. գնալ Եվրոպա, թե՞ այն գտնել մեր մեջ
«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը.
Մաս 1
Արդյո՞ք կարելի է առարկել այնպիսի մի կառույցի դեմ, ինչպիսին Եվրոպական միությունն է։ Մարդկային առումով դժվար է խոսել մի բանի դեմ, որը մարմնավորում է բարեկեցություն, անվտանգություն և արդարություն։ Առավել ևս՝ այնպիսի հասարակությունում, որը վերջին 34 տարիների ընթացքում ձգտում է նույն իդեալներին, բայց չի կարողանում հասնել դրանց։ Սակայն գոյություն ունի իրականություն, որը պահանջում է բանականություն մեր գնահատականներում և պատասխանատվություն մեր գործողություններում։
Կարդացեք նաև
Համաշխարհային հիմնակարգը և խաղի կանոնները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սահմանվել են Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի միջև Յալթայի կոնֆերանսի ժամանակ։ Խորհրդային Միության փլուզումից հետո թվում էր, թե նոր Յալթայի անհրաժեշտություն այլևս չի լինի, քանի որ ԱՄՆ-ի հեգեմոնիան անժխտելի և անկոտրում էր։ Բայց վերջին տասնամյակը միջազգային հարաբերություններն անընդհատ պահում է սրման վիճակում։ Այն կենտրոնները, որոնք թվում էին սպառված իրենց ազդեցության և հավակնությունների մեջ, նորովի վերածնվում են և փոխում իրավիճակը։
Խելամիտ ու բանական մոտեցումը Հայաստանի համար այս պայմաններում ենթադրում է խուսափել կտրուկ քայլերից, հատկապես այնպիսիներից, որոնց հեռանկարային ձեռքբերումները ակնհայտ չեն, բայց դրանց գործարկման հետևանքները կարող են կործանարար լինել։ Կա զգացողություն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, հատկապես վերջին երկու-երեք տարիներին, առաջնորդվում են անբացատրելի ներքին համոզմամբ, որ Ռուսաստանի տիրապետության դարաշրջանը տարածաշրջանում ավարտվում է, որ այլևս կարելի է հաշվի չնստել նրա հետ, քանի որ նա կորցնում է իր գործոնայնությունը և փուլ առ փուլ կփլուզվի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով։ Սա միամտություն է, որը սահմանակից է անպատասխանատվությանը։
Ինչու՞ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում և ուժեղ գլոբալ տուրբուլենտության պայմաններում քննարկել ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը, եթե՝
⁃ ԵՄ-ի ընդլայնման իսկ հեռանկարներն անորոշ են (9 երկիր սպասում է անդամակցության արդեն երկար տարիներ և տասնամյակներ),
⁃ ԵՄ-ի ինստիտուտներն իրենք կարիք ունեն նոր վերաիմաստավորման և ակնհայտ վերափոխման,
⁃ Աշխարհում ընթացող իրադարձությունները հանգեցնելու են Յալթա-2-ի՝ նոր գլոբալ կարգի սահմանման համար, և դեռևս անհասկանալի է, թե մեր տարածաշրջանին և Հայաստանին ինչ տեղ է վերապահվելու այդ կառուցվածքում։
Եվրոպայի սեփական դժվարությունները
Արդեն այժմ ԵՄ-ի ներսում ակնհայտ է անդամ պետությունների միջև զգալի տարբերությունը «քաշային կարգերում»։ Ներքին դիֆերենցիացիան էլ ավելի է խորանալու ԵՄ նոր անդամների միացմամբ, ինչը լրացուցիչ տնտեսական բեռ է դնելու հին անդամների վրա։ Այդ իսկ պատճառով, ԵՄ-ի ընդլայնման բանական օրակարգը ձեռք է բերում երկակի նշանակություն, որտեղ առաջնային հարցը դառնում է ոչ թե այն, թե նոր անդամները ինչ կստանան ԵՄ-ից, այլ՝ ինչ կտա ԵՄ-ն իր քաղաքացիներին նոր անդամների միանալուց հետո։ Սա լուրջ մարտահրավեր է Միության ֆինանսատնտեսական կայունության և միասնական ու համախմբված մնալու հեռանկարի համար։ Այդ մարտահրավերը հատկապես սրվում է, երբ Թրամփի վարչակազմը ձգտում է վերանայել իր պարտավորություններն ու մոտեցումները եվրոպական մայրցամաքի նկատմամբ։
Եվրոպայի նեո-լիբերալ օրակարգը դարձնում է ժամանակակից ժողովրդավարական կենսակերպի մոդելը ավելի վիճարկելի այն երկրների համար, որոնք պահպանողական հասարակական կարգի կողմնակից են։ Այդ երկրներում ավանդական արժեքները, ինչպիսիք են հայրենասիրությունը, ընտանիքը և կրոնը, արևմտյան աշխարհում արագորեն կորցնում են իրենց արդիականությունը և նախկին նշանակությունը։ Ցավոք, հենց այս իմաստով լիբերալ ժողովրդավարությունը, որն «մերժում» է այդ արժեքները, այլևս այն բրենդը չէ, որը կարելի է «արտահանել», այն իդեալը չէ, որին ձգտելու են ոչ եվրոպական երկրները, և այն մեխանիզմը չէ, որը Եվրոպայից դուրս ապահովում է խաղաղություն և կայունություն։
Եվրոպայում միգրացիոն իրավիճակը ստեղծում է կյանքի երկրորդ հարթությունը, որտեղ ի հայտ են գալիս երկրորդականության կանոնները, հանրային խիստ բևեռացումը և ներհասարակական կոնֆլիկտայնության բարձր ռիսկերը։ Երկու զուգահեռ իրականություններ՝ ավանդական և միգրանտական, դառնում են երկարաժամկետ բարեկեցության, անվտանգության և ժողովրդավարական կենսակերպի լուրջ մարտահրավեր։ Հենց այստեղ է ժողովրդավարական Եվրոպայի գոյաբանական (էքզիստենցիալ) մարտահրավերը՝ ով ում։ Կհաջողվի՞ Եվրոպային ձուլել (ասիմիլացնել) միգրանտներին և նրանց դարձնել նոր, վստահելի քաղաքացիներ, թե՞ նրանք կփոխեն Եվրոպայի ավանդական կենսակերպը։
Եվրոպական Միության համար մանևրելու և իր արժեքների անաղարտությունը պահպանելու հնարավորությունները նեղանում են, ինչպես նաև սահմանափակվում են նրա գործունեության սկզբունքներն ու մեխանիզմները։ Ժամանակակից միջազգային հարաբերությունների անկայունության պայմաններում ավանդական միջազգային կառույցների դերը վերագնահատվելու է, և ԵՄ-ն չի կարող մնալ այդ գործընթացներից դուրս։ Իր ներգրավվածությունը հասկանալու համար ԵՄ-ին անհրաժեշտ է ինքնա-ռեֆլեքսիա՝ վերագնահատելով որոշումների նախապատրաստման ու ընդունման արդյունավետությունը, այդ թվում՝ հիմնարար կոնսենսուսի սկզբունքը պահպանելու կամ նրանից հրաժարվելու տեսանկյունից։
Սեղանի շուրջ՝ առանց Եվրոպայի
Յալթա-2-ի ժամանակ, անկասկած, կքննարկվեն հիմնականում Եվրասիական մայրցամաքի հարցերը, և շատ հավանական է՝ առանց Եվրոպայի։ Կան բոլոր հիմքերը կարծելու, որ Հարավային Կովկասը կմնա Ռուսաստանի ռազմավարական ազդեցության գոտում։ Ի՞նչ կլինի մեզ համար այդ դեպքում։ Սեղանի շուրջ կրկին կլինեն երեք հսկաները, բայց այս անգամ՝ ԱՄՆ, Ռուսաստանը և Չինաստանը։ Եվրոպան բացակայելու է ոչ թե այն պատճառով, որ նա արժանի չէ, այլ մի շարք այլ պատճառներով։
Առաջին, Եվրոպայում չկա այն առաջնորդը, ով կարող էր խորհրդանշել նրա ուժն ու համախմբվածությունը, ով կխոսեր Եվրոպայի անունից և Եվրոպայի համար։ Եվրոպան չունի իր դեմքը։
Երկրորդ, աշխարհը աստիճանաբար ականատես է լինում եվրոպական ինքնության անբիծ կերպարի քայքայմանը։ Եվրոպայի պատմական նշանակությունը և արժեքը՝ որպես սոցիալական կյանքի բարձրագույն ստանդարտների օրրան, մարում է։ Այս միտումներն առաջիկայում միայն կխորանան։
Երրորդ, Եվրոպան լիովին կախված է դարձել նոր Յալթայի երեք մասնակիցներից՝ սեփական անվտանգության ապահովման, ապրանքների շուկայի և բնական ռեսուրսների ձեռքբերման առումներով։ Նա աստիճանաբար կորցնում է երբևէ անժխտելի մրցակցային առավելությունները։
Չորրորդ, նույնիսկ որոշ եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) միջուկային զենքի առկայությունը այլևս նրանց չի դարձնում գլոբալ ազդեցության գործոն, քանի որ միջուկային պետությունների ակումբը վերջին տարիներին համալրվել է, և այս գործընթացը շարունակվելու է։
Հինգերորդ, սեղանի շուրջ լինելու են նրանք, ովքեր ունեն հավակնություններ և ձգտում են գերիշխել։ ԱՄՆ-ի ծրագրերը Գրենլանդիայի, Կանադայի և Պանամայի ուղղությամբ, Ռուսաստանի և Չինաստանի ինտենսիվ առաջխաղացումը Արկտիկայում, նրանց էքսպանսիան զարգացող աշխարհում՝ ԲՐԻԿՍ-ի միջոցով, անհամադրելի են ԵՄ-ի անորոշ ընդլայնման ու ներքին համախմբման ծրագրերի հետ։
Արմեն Գևորգյան
Շարունակելի