«Ամերիկայի ձայն». Վաշինգտոնում կայանալիք Կրոնական ազատությունների միջազգային տարեկան գագաթնաժողովի շրջանակում փետրվարի 3-ին ԱՄՆ Կոնգրեսում կայացան մի շարք քննարկումներ կրոնական հալածանքների ու ազատությունների թեմայի վերաբերյալ ամերիկացի կոնգրեսականների, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստների և հանրային դեմքերի մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկաներին ողջունեցին Կրոնական ազատությունների միջազգային տարեկան գագաթնաժողովի համանախագահներ Սեմ Բրաունբեքն ու Քաթրինա Լանտոս Սվեթը, իսկ քննարկումներին մասնակցած հանրապետական կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսն ու Քրիս Սմիթը ընդգծեցին մարդու կրոնական ազատությունների հարգման և պաշտպանության անհրաժեշտությունը:
Քննարկումներից մեկը նվիրված էր Հայաստանում, Նիգերիայում և Սիրիայում կրոնական ազատությունների խնդրին, որի ընթացքում ելույթներ ունեցան նաև ամերիկացի կոնգրեսականները:
Կոնգրեսական Բիլիրակիսն իր խոսքում շեշտեց՝ կրոնական հալածանքներն անընդունելի են: Ըստ հանրապետական կոնգրեսականի՝ այս հավաքն արտացոլում է այն միասնականությունը, որը հիշեցնում է մարդասիրության և միասնաբար պայքարելու կարևորության մասին՝ հանուն յուրաքանչյուր անհատի իրավունքների՝ անկախ նրա համոզմունքներից:
Կարդացեք նաև
«Մեր հավաքական պարտականությունն է բարձրաձայնել նրանց անունից, ովքեր լռում են վախի և ճնշումների պատճառով: Այսօր մեզ բախտ է վիճակվել, որ մեզ են միացել անհատներից, ակտիվիստներից, կրոնական առաջնորդներից, քաղաքական փորձագետներից և բարեխիղճ քաղաքացիներից բաղկացած մեծ մի խումբ: Ձեզանից յուրաքանչյուրն իր հետ բերում է արժեքավոր հեռանկարներ և փորձառություն»,- հայտարարեց Գաս Բիլիրակիսը:
Իր հերթին, կոնգրեսական Քրիս Սմիթը կարևորեց գագաթնաժողովն՝ ընդգծելով, որ այս միջոցով հնարավորություն է ընձեռվում ԱՄՆ օրենսդիր և գործադիր իշխանություններին տեղեկանալ իրավիճակին գետնի վրա:
Խոսելով հայկական հիմնախնդիրների մասին՝ նա քննադատության ենթարկեց նախորդ վարչակազմի վարած քաղաքականությունը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հայության հարցում, դատապարտեց Թուրքիային Հայոց ցեղասպանության ժխտման, իսկ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար: Ադրբեջանը կալանքի տակ է պահում անմեղ մարդկանց և օգտագործում սնունդը որպես ճնշման միջոց Լեռնային Ղարաբաղում, շեշտում է կոնգրեսական Սմիթը:
«Ես երկու անգամ հանդիպել եմ Ալիևի հետ՝ դեմ առ դեմ իր աշխատասենյակում, և բանավիճել նրա հետ՝ հայ ժողովրդի նկատմամբ նրա վարած քաղաքականության և մարդու իրավունքների հարցում որդեգրած մոտեցումների համար, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում: Կարծում եմ, որ մենք պետք է խորացնենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը Հայաստանի ժողովրդի հետ և դա միանգամայն պարզ դարձնենք»,- ասել է կոնգրեսական Սմիթը:
Հայաստանին վերաբերող քննարկման ընթացքում բանախոսները բարձրաձայնեցին Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու կալանավորվածների, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքների մասին՝ կոչ անելով ամերիկյան գործող վարչակազմին միջոցներ ձեռնարկել այս հարցերի շուրջ:
Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված ամերիկահայ կառույցներն այն դիտարկում են որպես լավ հնարավորություն բարձրաձայնելու հայությանը հուզող խնդիրների մասին:
Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիրն տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ Թրամփի վարչակազմի առաջին օրերին տեղի ունեցող այս գագաթնաժողովը հնարավորություն է փոխել նախորդ վարչակազմի որդեգրած քաղաքականությունը՝ այն դարձնելով ավելի պատասխանատու: Նա հույս ունի, որ գործող վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի Ադրբեջանի դեմ, կկիրառի Բաքվին ռազմականն օգնությունն արգելող 907 բանաձևը, ջանքեր կգործադրի Ադրբեջանում պահվող հայ կալանավորված անձանց ազատ արձակելու և Լեռնային Ղարաբաղ հայ ազգաբնակչության արժանապատիվ վերադարձի ուղղությամբ:
«Այս գագաթնաժողովը լավ հնարավորություն է ստանալու կոալիցիոն գործընկերների ու քրիստոնյա բարեկամների աջակցությունը և նրանց ներգրավել հայ ազգին մտահոգող խնդիրներում: Բայց դա նաև մեզ համար հնարավորություն է քրտնաջան աշխատել, որպեսզի օգնել Նիգերիայում, Սիրիայում, Չինաստանում կամ աշխարհի այլ հատվածներում մարտահրավերներին առերեսվող քրիստոնյաներին»,- ասել է Համբարյանը:
Իր հերթին, Կրոնական ազատությունների գագաթնաժողովի շրջանակում քննարկումներից մեկի հովանավոր՝ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանն ընդգծում է՝ գագաթնաժողովը լավ հնարավորություն է երկխոսել այլ համայնքների ու խմբերի հետ՝ մեծացնելով իրազեկությունը միմյանց հուզող հարցերի նկատմամբ:
«Մենք բարձրացնում ենք իրազեկությունն Արցախում վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցող էթնիկական զտումների և զարգացումների մասին և շեշտում, որ Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականությունը հայկական ժառանգության և մշակութային, կրոնական հուշարձանների հանդեպ»,- ասում է Խալոյանը:
Գագաթնաժողովի աշխատանքները կմեկնարկեն փետրվարի 4-ից, որի ընթացքում նախատեսվում են բազմաթիվ քննարկումներ և իրավապաշտպաների, ակտիվիստների, հոգևորականների, առաջնորդների ելույթներ:
Հայտնի է, որ գագաթնաժողովին ելույթով հանդես կգա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում: Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ դի Վենսի ելույթը:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ