«Մենք պիտի հասկանանք ի վերջո, որ կային ուժեր, որոնց առանցքային գործիքը մեզ կառավարելու հետեւյալն է՝ անհնար դարձնել մեր ինքնուրույն ապրելը, մեր միջավայրը, որպեսզի մենք լինենք կառավարելի»,- ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով հայոց ցեղասպանության մասին իր արած հայտարարությանը՝ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ափսոսանք հայտնեց, որ շատ կուզեր այդ ամենն հասկանար ավելի վաղ՝ հետեւություն աներ իր կարդացած գրքերից, իր սովորածից։
«Ցավոք սրտի, ես այնքան խելոք չեմ, որ այդ ինֆորմացիան գլխի ընկնեի ինքնուրույն: Ես դա գլխի եմ ընկել վարչապետ լինելու ընթացքում տարբեր հանդիպումների ընթացքում՝ ամենատարբեր գործնական խնդիրներ լուծելու եւ ամենատարբեր իրավիճակներ եւ խոսակցություններ եւ նախադասություններ լսելու ընթացքում, որոնք արտահայտում են մտածողության ձեւեր»,- հայտարարեց նա։
Վարչապետի խոսքով ՝ ամենատարբեր ղեկավարների հետ ինքը զրուցում է այդ մասին։
Կարդացեք նաև
«Իսկ իրենց ասածը հետեւյալն է, որ՝ գիտեք ինչ. այս աշխարհում ամեն մեկն իր դերն ունի, ձեր դերը նահատակն է: Հասկանում ենք, որ մենք նահատակվել ենք, որ շատ դեպքերում դուք եք մեզ օգնել, որ մենք նահատակվենք, բայց մենք էլ չենք ուզում նահատակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ: Մենք ուզում ենք՝ ՀՀ-ում սովորական մարդն ապրի սովորական ձեւով, եւ իր դերը չլինի, որ ինքը պետք է նահատակ ժողովրդի ներկայացուցիչ լինի»,-հանդիպման վերջում հայտարարեց Փաշինյանը։
«Ես չեմ ուզում՝ դա լինի մեր պատմական առաքելությունը, մեր դերը, տեղն այս աշխարհում: Ինչքան հնարավորություն ունենք, մենք նահատակ լինելու դեմ պայքարելու ենք: Սա է այն հրապարակախոսական փոփոխությունը, որը տեղի է ունենում եւ այս հրապարակախոսությունն իրականությունը դարձնելը համարում եմ պատմական առաքելություն: Մենք պայքարելու ենք ՝ այս առաքելությունն իրականացնելու համար»,- ասաց Փաշինյանը:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ