Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջեք ՌԴ խաղաղապահների վերադարձն ու անվտանգության ապահովումը Արցախում, պահանջեք Լաչինի միջանցքը այնպես, ինչպես կար մինչև բլոկադան. Մարուքյան

Փետրվար 04,2025 12:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Արդեն 1 տարուց ավելի է` մեսրոպատառ հայերենով բացատրում եմ, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ ձևաչափին և պահանջել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձը Արցախ։

Ասում եմ՝ պահանջեք ՌԴ խաղաղապահների վերադարձն ու անվտանգության ապահովումը Արցախում, պահանջեք Լաչինի միջանցքը այնպես, ինչպես կար մինչև դրա բլոկադան ու պաշտոնապես հայտարարեք, որ ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից այս կետերի կատարումը պարտավորվելու դեպքում մենք կապահովենք 9-րդ կետը այնպես, ինչպես գրված է եռակողմ հայտարարության մեջ:

Կխուսափե՞ն նոյեմբերի 9-ի բանակցային պրոցեսի վերականգնումից, ուրեմն նույնը կլինի մեր վերաբերմունքը 9-րդ կետի պարտավորությանը:

Պետք է հստակ արձանագրել, որ «Անարգել ճանապարհի» պարտավորությունը ծնվել է Լեռնային Ղարաբաղի լինելով և, եթե չկա ԼՂ-ն վերը նշված դրույթներով, ուրեմն չկա նաև դրանից բխող պարտավորությունը:

Հասկանո՞ւմ եք, որ չկա «անարգել կամ անխոչընդոտ ճանապարհ» կամ «միջանցք» տալու այդպիսի առանձին պարտավորություն, եթե չկա Լեռնային Ղարաբաղը։

Իշխանությունը հետևողականորեն հայտարարում է, որ պատրաստ է տալ «անխոչընդոտ» ճանապարհ։ Հարցնում եմ՝ ինչի՞ դիմաց, կրկի՞ն միակողմանի, կրկի՞ն առանց մեր շահը պահանջելո՞ւ։ Ինչպե՞ս անվանես այս երևույթը, երբ քե՛զ հասանելիքը խլել են, քե՛զ համարում են պարտապան և դու անգամ մտադրված չես պնդելու և պահանջելու քե՛զ հասանելիքը։

Ահա սա եմ ես 1 տարի պահանջում ու բացատրում, բայց ակնհայտորեն սրա դեմ պայքարող թուրք – ադրբեջանական ագենտուրան այն նենգափոխում է, որ ոչ ոք չհասկանա, թե ի՞նչ կարող ենք դեռ անել, ինչպե՞ս կարող ենք մենք դեռ բանակցել և խաղաղ բանակցային ճանապարհով փրկել մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և վերջապես խուսափենք նոր պատերազմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728