«Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն, ընդ որում՝ այդ գաղափարախոսության փոփոխությունը տեղի է ունենում մեր մեջ, նկատի ունեմ Հայաստանը կառավարող թիմի մեջ»,-ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Շարունակելով միտքը՝ Փաշինյանը նշել է, որ թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում այն ընկալումն է եղել, որ Հայաստանը «մի հենման կետ է՝ ավելի բարձր ազգային նպատակներին հասնելու համար»։
«Իմ կարծիքով եւ համոզմամբ` դրանք կապված են մեր պատմական անցյալի հետ»,-ասել է վարչապետն ու շարունակել, որ գաղափարախոսությունը պիտի փոխվի այն համատեքստում, որ ՀՀ-ն ինքն է բարձրագույն ազգային նպատակ։ «ՀՀ-ն ոչ թե միջոց է այլ նպատակների հասնելու համար, այլ Հայաստանը ինքը նպատակն է, ամենաբարձր նպատակն է, հետեւաբար պիտի կենտրոնանալ Հայաստանի գործառույթային խնդրի վրա է՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու երջանկությունը»,-իր խոսքում նշել է Հայաստանի ղեկավարը։ Նրա համոզմամբ, այս գաղափարախոսությունը միակն է, որ Հայաստանի լինելիության շանս է տալիս։
«Մենք 44-օրյա պատերազմի պարտության միջով անցելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։ Ես չէի ուզի նաեւ վերլուծությունների արդյունքում գանք այն եզրակացության, որ մեր ընկած նահատակները, իրենց զոհողությունը ոչնչի համար է եղել։ Ես համաձայն չեմ այս տեսակետի հետ։ Այն համոզմունքին եմ եկել, որ այդ զոհողությունները Հայաստանի անկախության ու ինքնիշխանության համար են եղել»,-հանդիպմանն ասել է Փաշինյանը։
Կարդացեք նաև
Վարչապետի համոզմամբ՝ այդ ամենն հեշտ չի լինելու, քանի որ որոշակի հանգամանքների բերումով, մեր տարածաշրջանում նեգատիվ է ձեւավորվել Հայաստանի նկատմամբ ու պիտի կարողանալ նեգատիվը կառավարել։ «Ըստ իս՝ մենք փորձում ենք այդ նեգատիվը կառավարել հավասարակշռված, առանց էմոցիաների կառավարել»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի հարատեւությանը, ապա վարչապետի գնահատմամբ, դա հնարավոր է այն դեպքում, որ մեր տարածաշրջանում, մեր հարեւանների շրջանում կապրենք առանց արտաքին օգնության։
«Սա չի նշանակում, որ մենք տարբեր դաշինքների, ամենատարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ չենք համագործակցելու։ Խոսքը նրա մասին է, որ խնդիր պիտի դնենք մեր տարածաշրջանում ունենանք ապրելու հնարավորություն ՝ առանց արտաքին օգնության ու առանց արտաքին միջնորդության»,-ասել է Փաշինյանը։ Իսկ դրա բանալին, վարչապետի համոզմամբ՝ « ինքներս մեզ պիտի ընկալենք որպես մեր խնդիրների լուծման առաջին գործոն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ