Քաղաքացիների մի մասը երրորդ օրն է՝ բոյկոտում է տրանսպորտի թանկացումը: Հիշեցնենք․ Երեւանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղեւորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաեւ միասնական տոմսային համակարգի փաթեթները։ Զրուցել ենք ավագանու նախկին անդամ, «Նոր ուժ» կուսակցության անդամ Գրիգոր Երիցյանի հետ:
– Երեւանցիների մեծ մասը բոյկոտում է այս որոշումը` ոչինչ չվճարելով, ոմանք 100 դրամ են վճարում, սակայն կան նաեւ 150 դրամ վճարողներ: Շրջե՞լ եք քաղաքում, ի՞նչ պատկեր ունենք բոյկոտի առումով:
– Ես առավոտյան ժամը 11-ից շրջում եմ քաղաքով մեկ, նստել եմ տարբեր ավտոբուսներ եւ մետրո, իրոք՝ պատկերը բազմազան է, շատ տարբեր: Այնտեղ, որտեղ քաղաքացիներին բոյկոտի կոչ ենք անում, մարդիկ ուժ են գտնում իրենց մեջ եւ միահամուռ բոյկոտում են: Ինչպես նկատեցիք` բոյկոտի ձեւը տարբեր է, կա՛մ 100 դրամ են վճարում, կա՛մ էլ ընդհանրապես չեն վճարում: Ընդ որում՝ նկատել եմ, որ հիմնականում վարորդները դեմ չեն 100 դրամին եւ դրանք վերցնում են, սակայն կան նաեւ շատ քաղաքացիներ, ովքեր ընդհանրապես չեն վճարում կամ էլ չաշխատող տոմսն են մոտեցնում ու գնում են, լուռ նստում: Վարորդները բացի իրենց բուն աշխատանքը կատարելուց ոչինչ չեն անում, կոնֆլիկտներ գրեթե չեն հրահրում: Կան նաեւ մարդիկ, ովքեր վճարում են: Բայց, այնուամենայնիվ, քաղաքացիների մոտ կա բողոք, գրեթե ոչ ոք չի ցանկանում ավել վճարել: Մեծամասնությունը ոչինչ չի էլ խոսում, լուռ բոյկոտում է: Ամսի 1-ից մարդիկ անվճար երթեւեկում են: Սա բոյկոտի ամենատարածված ձեւն է: Մի քանի օրից այդ ամենը հստակ կերեւա նաեւ հաշվարկներում, կհրապարակվեն թվերը, կտեսնենք, որ շատ փոքր թվով մարդիկ են փաթեթներից օգտվում, իսկ 150 դրամ էլ քչերն են վճարում: Առավոտից մինչեւ ժամը 16-ը մետրոյում էի, ընդամենը մեկ երիտասարդ եմ տեսել, որ փաթեթից օգտվում էր: Մետրոյում ակցիա եմ իրականացրել, անսահմանափակ քարտ եմ գնել եւ անսահմանափակ մարդկանց ներս եմ թողել: Դա նշանակում է, որ իշխանություններն այնքան հիմար են, որ չեն հասկանում, թե ինչ են անում: Ընդամենը 9 հազար դրամանոց տոմսով անսահմանափակ թվով մարդկանց ներս եմ թողել: Հետո, չգիտես ինչպես, քարտը չաշխատեց: 600 քաղաքացու ներս եմ թողել անվճար: 600-ից 599-ը գոհ էին եւ ասացին, որ միանում են բոյկոտին, միայն մեկը հրաժարվեց: Այսօր կամփոփենք մեր ակցիայի արդյունքները, Մարությանի հետ կհստակեցնենք մեր հաջորդ քայլերը:
– Այս ամենի կուլմինացիան ինչպե՞ս եք տեսնում: Ի՞նչ պրոցեսներ կհաջորդեն դրան: Երեկ Ավինյանը հայտարարեց, որ 100 դրամին վերադարձ չի լինելու:
Կարդացեք նաև
– Քաղաքային իշխանությունը պետք է առաջարկի նորմալ պրոդուկտ, ինչը մենք բերելու ենք ավագանու նիստին՝ քաղաքացիները պետք է մեկ տոմսի համար վճարեն 100 դրամ: Մենք գալիս ենք դրան, համարյա մոտենում ենք հաղթանակին: Պետք է քաղաքային իշխանությունը տեսնի, որ մարդիկ չեն գնում տոմս: Եթե մեր քաղաքացիները լինեն միահամուռ եւ կազմակերպված, չընկրկեն, ապա 1 շաբաթ անց կունենանք հաջողություն: Այնուամենայնիվ, սա կախված է քաղաքացիներից, եթե համակերպվեն եւ վճարեն 150 դրամ, իշխանությունները հետքայլ չեն անի:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: