ԱԺ նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Աննա Կոստանյանը տարակուսած է՝ այս պահին Հայաստանի շուրջ ճակատագրական բանակցություններ են գնում «միջանցքի» շուրջ, մինչդեռ հայաստանյան, այսպես կոչված, տիտղոսակիր ընդդիմությունը զբաղված է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտով։ «Արդյոք սա արվում է միտումնավո՞ր, թե՞ կարծում են, որ սոցիալական խնդիրներն ավելի բարենպաստ միջոց են ժողովրդին փողոց դուրս բերելու` չեմ կարող ասել, բայց այն, որ միջանցքի թեման դուրս է մնում մեդիադաշտի օրակարգից եւ սոցհարթակներից, ակնհայտ է, ինչո՞ւ, չեմ կարող ասել»,- ասաց նա՝ հավելելով նաեւ, որ, ըստ էության, ակնկալելով նոր ընդվզում ՝ մենք գերագնահատում ենք թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության կարողությունները: «Մենք սպասում ենք, որ հեսա ինչ-որ մեկը հայտնվելու է կախարդական փայտիկով, դառնալու է այն փրկիչը։ Հետեւաբար, ես շատ վաղուց մեծ ակնկալիքներ չունեմ, փոխարենը ես, որպես քաղաքական գործիչ, պասիվացել եմ եւ փորձում եմ որոշակի գործողություններ ինքս պլանավորել, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ մեր սահմաններից դուրս, փորձել գտնել համակիրներ, որոնք պատրաստ կլինեն ավելի ըմբոստ քայլերով իշխանության դեմ պայքարել․․․ Որովհետեւ մենակ սոցիալական ցանցերում գրառումներ անելը դեռ չի նշանակում գործ անել»։ Կոստանյանի գնահատմամբ՝ ընդդիմության դաշտն այժմ ջլատված է, եւ այն անձը կամ ուժը, որը կարող է իշխանություններին այլընտրանք դառնալ, դեռեւս չի երեւում։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, Սրբազան պայքարի ակտիվիստ՝ դաշնակցական Գառնիկ Դանիելյանն ապշում է. «Մենք ակտիվ չե՞նք․․․ հարցազրույցները, ստատուսները, ամեն տեղ խոսելն աշխատանք չի՞, մենք ի՞նչ պիտի անենք, որ չենք անում, հո ասելով չի՞»: «Մենք անընդհատ մարդկանց կողքին ենք, պայքարող մարդկանց հետ ենք, Դաշնակցությունն էլ, բացի հայտարարություններից, գետնի վրա քայլեր էլ է անում»: Որտե՞ղ, ի՞նչ քայլեր։ «Երկու օր առաջ արցախցու հարցով նույն դատարանի բակում մարդկանց մոբիլիզացիան մեր պատգամավորների շնորհիվ եղավ` Քրիստինե Վարդանյանն առաջիններից էր, որ կապ էր հաստատել ընտանիքի հետ, կոչ ենք արել, որ հավաքվեն, եւ, իհարկե, ժողովրդի ճնշմամբ բաց թողեցին մեր արցախցի հայրենակցին։ Ո՞վ ասաց, որ տրանսպորտի թանկացումը կարեւոր չի, ո՞վ ասաց, որ մեր արցախցի պրոֆեսորին պաշտպանելու, կալանավորելը կանխելու պայքարը կարեւոր չի։ Ամոթ է նման բան ասելը, ես իմ արժանապատվությունը վիրավորված եմ համարում: Բոլորն էլ խնդիր են, այո, միջանցքն էլ է խնդիր, մյուսներն էլ։ Ինձնից ու իմ թիմից բացի ո՞վ է խնդիրների համար ավելի շատ պայքարել: Ախր, ասելը հեշտ է, գետնի վրա գործ անող մարդիկ են պետք, որ գան, մեզ պես չարչարվեն, գործ անեն, մենակ ասելով չէ։ Կարո՞ղ ա մենք հանգստանում ենք ծովափներին, որ գան, մուննաթ գան։ Ով ասում է, որ նախօրեի պայքարը դատարանի դիմաց կարեւոր չի եղել, սխալվում է, մեր արժանապատվության հարցն էր»։
Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու հայտարարությունն արժանապատվության հարց չէ՞ր, որ դաշնակցականները ոտքի չելան։ «Ուրեմն Դաշնակցությունն ազգային եւ սոցիալիստական կուսակցություն է, եւ մեր գրասենյակն այսօր զբաղվում է նաեւ սոցիալական խնդիրներով, դա կոմպլեքս մոտեցում է … թող մարդիկ գան հասնեն Դաշնակցության արածներին, նոր խոսեն, ինչ է՝ մեր Հայ դատի գրասենյակների հայտարարությունները չե՞ք կարդում, ո՞վ է առաջինն արձագանքել ու ասել, որ այս մարդիկ ուրացման ճանապարհով են գնում։ ․․․ Գործ անելն էլ․․․ մենք միշտ էլ արել ենք ու անում ենք»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: