Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու հանգամանք կա, որ պայմանավորում է այս իշխանությունների վարքագիծը՝ վախը և Արցախի հարցը փակված համարելը. Հակոբ Հակոբյան. «Փաստ»

Փետրվար 04,2025 10:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվում մեր հայրենակիցների դատավարությունների նկատմամբ Հայաստանի իշխանությունների տոտալ անտարբերությունը կարծես նույն՝ Արցախը մոռացության տալու բանաձևի մեջ է տեղավորվում: Չխոսել դատավարությունների ու Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների մասին՝ տպավորություն ստեղծելով, թե այս հարցն առհասարակ գոյություն չունի:

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասում է. «Այս իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտություն և, ընդհանրապես, Արցախի հարց, որպես այդպիսին, համարում են, որ չկա, դրա հետ կապված նաև պատճառաբանում են, թե ինչու Մինսկի խումբը պետք է լուծարվի և այլն: Միևնույն ժամանակ, դատավարության մասին լուռ մնալը և, ընդհանրապես, որևիցե ձևով չարձագանքելը կապված է նրանց անվճռականության, Ադրբեջանի նկատմամբ վախի հետ: Դատավարության մասին խոսելու համար իշխանությունները պետք է ունենան բավարար համարձակություն, որպեսզի կարողանան դատապարտել այն բոլոր գործողությունները, որոնք կատարում է Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանությունը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսում հայտնում է, որ, մասնավորաբար, այնտեղ մեր գերիների նկատմամբ օգտագործում են հոգեներգործուն դեղամիջոցներ: Սրա մասին խոսում է ոչ թե այն կոնտեքստում, որ Ադրբեջանում կատարվում է միջազգային հանցագործություն, այլ այն կոնտեքստում, որ այդ մարդկանց ասածը հաշվի չառնեք: Երկու հանգամանք կա, որ պայմանավորում է այս իշխանությունների վարքագիծը՝ վախը և այդ հարցի փակված համարելը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Միջազգային և տեղական լրատվամիջոցները, կազմակերպություններն ու անհատները պարբերաբար անդրադառնում են անհիմն մեղադրանքներով կալանավորված և Բաքվում ապօրինաբար պահվող մեր քաղաքացիներին, Արցախի հիմնախնդրին ու տեղահանված մեր հայրենակիցների՝ իրենց բնօրրան վերադառնալու իրավունքին: Մյուս կողմում՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների անհաղորդությունն է տեղի ունեցողին: Սա կարող է պատճառ դառնալ, որ մարդիկ մի պահ դադարեն այս հարցերը բարձրաձայնել՝ եթե պետությունը չի պաշտպանում իր քաղաքացիների իրավունքները, ինչո՞ւ մենք պետք է դա անենք: «Կարծում եմ, որ ինչքան էլ միջազգային տարատեսակ կազմակերպությունները տարակուսանքի մեջ են այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարքագծից, իսկ տարաբնույթ անձինք ինչպես մեր երկրում, այնպես էլ մեր երկրից դուրս ուղղակի զայրացած են այս իշխանությունների վարքագծից, սակայն այս իշխանությունների վարքագիծը չի բերելու նրան, որ այդ մարդիկ և կազմակերպությունները դադարեցնեն ծավալել իրենց գործունեությունը: Անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը Ցեղասպանության մասին ինչ մտքեր է արտահայտում, Լեմկինի ինստիտուտը տալիս է իր համարժեք և շատ արագ պատասխանը: Չեմ կարծում, որ այդ ինստիտուտի աշխատանքը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի վարքագծով: Կարո՞ղ էր, արդյոք, Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարքագիծն էլ ավելի օգնել այդ կազմակերպություններին, որպեսզի այդ հարցի լուծումն ավելի արագ տրվեր։ Այո, կարող էր: Այս իշխանությունները կարող էին օգնել այդ կազմակերպություններին, անհատներին, ի վերջո, ոչ թե օգնել, այլ լինել առաջամարտիկը, և այս կազմակերպություններն օգնեին Հայաստանի Հանրապետության իշխանություններին: Ցավոք, այսօր այս իշխանությունները վարում են այսպիսի վարքագիծ ու քաղաքականություն: Կարծում եմ՝ բոլորս պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը չի արտահայտում այս իշխանությունների կարծիքը: Այս իշխանությունները հավերժ չեն, անկախ նրանց դիրքորոշումից, պետք է շարունակել բարձրաձայնել այս խնդիրների ու հարցերի մասին: Խոսքն այնպիսի երևույթների մասին է, որոնք համամարդկային բնույթ են կրում՝ ժողովուրդների էթնիկ զտում, ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք, ցեղասպանության հարց: Սրանք մեր ժողովրդին առնչվող հարցեր են, սակայն միայն հայ ժողովրդի հետ կապված չեն: Դրանք համամարդկային հանցագործություններ են, որոնց դեմ բոլորը պետք է խոսեն և դատապարտեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728