2025 թվականին լրանում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության տասը տարին. այս մասին ասել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:
Ամփոփելով տնտեսական ինտեգրացիայի արդյունքները եւ սահմանելով զարգացման հեռանկարները՝ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական վերահսկողության շրջանակում շարունակում է այդ ուղղությամբ ոլորտային թեմատիկ քննարկումները:
Փետրվարի 3-ին հանձնաժողովում քննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ոլորտում ռիսկերի կառավարման կառուցակարգերի ՀՀ օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջների ներդաշնակեցման հարցը ԵԱՏՄ շրջանակում:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ շրջանակում ակտիվ մասնակցել են ինչպես ինտեգրված տեղեկատվական համակարգերի զարգացման, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների ոլորտային օրենսդրությունների ներդաշնակեցման եւ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման վերահսկողական գործընթացների բարելավման ուղղությամբ լիազոր մարմինների կողմից կազմակերպվող քննարկումներին:
Կարդացեք նաև
2024 թվականին տեսչական մարմինը մասնակցել է 18 առցանց քննարկումների եւ հայտնել իր դիրքորոշումները քննարկվող հարցերի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունների արդյունավետ փոխգործակցության եւ աշխատանքային քննարկումներում ակտիվ մասնակցության համար ԵԱՏՄ-ի կողմից տեսչական մարմնի աշխատանքին տրվել է բարձր գնահատական:
Գարեգին Խաչատրյանը նշել է, որ քաղաքաշինության բնագավառում քննարկումների արդյունքում վերջնական տեսքի է բերվել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ շինարարության բնագավառում նախագծերի ղեկավարման համար ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման փոխադարձ ճանաչման միջպետական համաձայնագրի նախագիծը եւ ուղարկվել անդամ երկրներին վավերացման համար: Ծրագրի հաջող իրագործման համար տեսչական մարմնի կողմից առաջարկվել է ԵԱՏՄ անդամ երկրների որակավորման չափորոշիչ փաստաթղթերը համարել վավերական բոլոր երկրների համար՝ մինչեւ դրանց վերջնական ներդաշնակեցման հարցի կարգավորումը:
Տեխնիկական կանոնակարգերի մասով ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրություններում ընդհանուր սկզբունքների եւ մոտեցումների լավարկման եւ ներդաշնակեցման գործընթացի շրջանակում համատեղ նախապատրաստվում է Եվրասիական տնտեսական խորհրդի որոշման նախագիծ, որի ընդունման արդյունքում կսահմանվեն համատեղելի կարգավորումներ արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների, ինչպես նաեւ համապատասխանության գնահատման կարգերի եւ գործընթացների վերաբերյալ:
Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է իրականացվող վերահսկողության կառուցակարգը՝ նշելով, որ դեռեւս 2023 թվականին հաստատվել է ստուգումների, հետազոտությունների, շրջայցերի կազմակերպման, դրանց արդյունքում տրված կարգադրագրերի, որոշումների շարժի եւ դրանց վերլուծության գործողությունների ընթացակարգը:
Նա տեղեկացրել է, որ 2024 թվականին տեսչական մարմինն իրականացրել է շուրջ 1300 ստուգում եւ հետազոտություն, 55 հազարից ավելի վերահսկողական այլ միջոցառումներ, որոնց արդյունքում կայացվել է 8500-ից ավելի վարչական ակտ:
Գարեգին Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Մասնավորապես, նա նշել է, որ 8500 վարչական ակտերը վերաբերում են պատասխանատվության միջոցների կիրառմանը, օբյեկտների շահագործման դադարեցմանը: Անդրադարձ է կատարվել շինթույլտվությանը, հրդեհային անվտանգության պահպանմանը վերաբերող հարցերի:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ ԵԱՏՄ տարբեր երկրներում հարկման տրամաբանությունը նույնն է` քաղաքաշինության բնագավառում բնակարանաշինարարություն իրականացնող կառուցապատողների հարկումն իրականացվում է նույն կերպ: Սակայն, ըստ ՊԵԿ նախագահի, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում հարկային քաղաքականությունը քաղաքաշինության բնագավառում: «Մենք ԵԱՏՄ շրջանակում քննարկում ենք բոլոր ապրանքների ու բեռների տեղաշարժումը հետագծելի դարձնելու քայլերը: Համապատասխան համաձայնագիրը կա, առաջիկայում կքննարկվի Կառավարությունում: Մյուս ուղղությունը տվյալների օպերատիվ փոխանակումն է»,- ասել է Էդուարդ Հակոբյանը:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:
ՀՀ Ազգային ժողով