2 օր՝ հունվարի 31-ին եւ փետրվարի 1-ին, թատերասերները Երեւանում հնարավորություն ունեցան վայելելու Նոբելյան մրցանակակիր Օլգա Տոկարչուկի «Քշիր քո գութանը մահացածների ոսկորների վրայով» գործի հիման վրա բեմադրված նույնանուն ներկայացումը (պրոդյուսերեր՝ Եֆիմ Սպեկտոր եւ Սերգեյ Ցելիկով), որտեղ գլխավոր դերը խաղում էր անկրկնելի դերասանուհի Լիա Ախեջակովան: Փաստորեն, «Ոսկե դիմակի» եռակի մրցանակակիր Բորիս Պավլովիչի բեմադրած ներկայացման համաշխարհային պրեմիերան հենց Երեւանում կայացավ:
Մասշտաբային այս ներկայացումը, որտեղ երաժշտությունը եւս իբրեւ առանձին «դերակատար» է հանդես գալիս, մի շարք կարեւոր հարցեր է բարձրացնում, այն մարդկայնության, նմանին հանդուրժելու ու անարդարության դեմ պայքարի մասին է, օրինակ ինչո՞ւ են սպանում անզեն կենդանիներին, երբ վերջիններս նույնպես շնչավոր էակներ են, կամ ինչու կա ծննդյան հորոսկոպ, իսկ մահվան՝ չկա, եւ որ ամենակարեւորն է՝ դեմոկրատիայի մակարդակը որոշվում է կենդանիների հանդեպ մարդկանց վերաբերմունքով:
Կարդացեք նաև
Բարեբախտություն է Լիա Ախեջակովային մոտիկից տեսնել երեւանյան բեմի վրա՝ ինքնատիպ բեմադրության մեջ: 86-ամյա դերասանուհին կինոյի եւ թատրոնի լեգենդ է, բայց քաղաքացիական կեցվածքի համար, ցավոք, զրկված է Ռուսաստանում հանդես գալու հնարավորությունից:
Նախագծի պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ շուտով «Քշիր քո գութանը մահացածների ոսկորների վրայով» ներկայացումը կցուցադրվի նաեւ Կիպրոսում եւ Իսրայելում եւ շեշտել, որ հայաստանցիներն ավանդաբար առաջին հանդիսատեսներն են իրենց յուրահատուկ նախագծերի:
Նա նաեւ նշել է, որ մարտի 23-ին Երեւանում կրկին պրեմիերա է լինելու, այս անգամ Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը»՝ Ալեքսանդր Ֆեկլիստովի գլխավոր դերակատարմամբ, ներկայացումն էլ բեմադրում է Կոնստանտին Կամենսկին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի եւ Սերգեյ Ցելիկովի ֆեյսբուքյան էջից: