Լրահոս
Օրվա լրահոսը

Նյու Յորքում քննարկում են դեմքի դիմակներն արգելելու պահանջը. «Ամերիկայի ձայն»

Փետրվար 03,2025 22:33

«Ամերիկայի ձայն». Հանրության մեջ դիմակ կրելը արգելելու կոչերը լուրջ քննարկումների պատճառ են դարձել Նյու Յորքում։ Արգելքի կողմնակիցներն ասում են, որ այն կարող է զսպել հանցավորությունն, օրինակ, մետրոյում, մինչդեռ քննադատները պնդում են, որ նման արգելքը կվտանգի քաղաքացիական ազատությունները։

Նյու Յորքում միլիոնավոր մարդիկ ամեն օր օգտվում են մետրոյից։

Թեև, ընդհանուր առմամբ, մետրոյում հանցագործությունների թիվը նվազել է, 2019 թվականից ի վեր աճել են ծանր հանցագործությունների և սպանությունների դեպքերը՝ փոխանցում է The New York Times-ը։

Հանցագործները հաճախ օգտագործում են դիմակներ՝ իրենց ինքնությունը թաքցնելու համար, և սա, բնականաբար, մտահոգության տեղիք է տալիս նյույորքցիների շրջանում։

«Անանուն մնալու հնարավորությունը թույլ է տալիս ավելի համարձակ գործել՝ հանցագործություններ կատարելիս։ Մարդիկ մտածում են, որ դիմակով ավելի դժվար կլինի իրենց գտնել ու բռնել»։

Տեղական քաղաքական գործիչներից ոմանք կոչ են անում ավելի խիստ միջոցներ ձեռնարկել։ Օգոստոսին Նյու Յորքի հարակից Նասաու շրջանը արգելեց հանրային վայրերում դիմակ կրելը։ Շրջանի ղեկավար Բրյուս Բլեյքմանը, որը գլխավորում էր նախաձեռնությունը, ստորագրել է օրենքը։

«Բազմաթիվ դեպքերում հանցագործները դիմակներ էին օգտագործում իրենց ինքնությունը թաքցնելու համար։ Եղել են իրավիճակներ, երբ նրանք մտել են խանութներ, կատարել գողություններ ու այլ տեսակի հանցագործություններ։ Անշուշտ, կան բացառություններ, երբ մարդիկ դիմակ են կրում բժշկական կամ կրոնական նկատառումներից ելնելով, բայց դրանից բացի, հանրային վայրերում դիմակ կրելու որևէ հիմնավոր պատճառ չեմ տեսնում»։

Մանհեթենի ինստիտուտի սահմանադրական իրավունքի փորձագետ Իլյա Շապիրոն համամիտ է, որ դիմակ կրելու արգելքը կարող է հզոր գործիք լինել հանցավորության դեմ պայքարում։

«Ինչպես դիմակների կրումը արգելող օրենքները եղել են պայքարի գործիք ընդդեմ Կու Կլուքս Կլանի, այնպես էլ կարող են կիրառվել ժամանակակից ահաբեկիչների և հանցագործների՝ «Անտիֆա» շարժման, աջաթևյան որոշ խմբավորումների, որոնք թաքցնում են իրենց դեմքերը, պարզապես սովորական հանցագործների և կողոպտիչների դեմ»։

Սակայն քաղաքացիական իրավունքների պաշտպանները նախազգուշացնում են, որ դիմակ կրելու արգելքը կարող է հատել սահմանները՝ վտանգելով անհատի ազատությունները։

«Ամեն անգամ, երբ կառավարությունը թելադրում է, թե մարդը ինչ կարող է կամ չի կարող անել հանրային տարածքում, և քրեականացնում է հագուստի որևէ պարագա կրելը, ծագում է սահմանադրական խնդիր։ Այն մտահոգություններ է առաջացնում մարդկանց կյանքին կառավարության անհարկի միջամտության առնչությամբ»։

Նյույորքցիների կարծիքները բաժանված են այս հարցում, թե արդյոք դիմակ կրելու արգելքը պետք է տարածվի մետրոյում։ Ոմանք պնդում են, որ նման քայլը հարկավոր է հանցագործների դեմ պայքարելու համար, մինչդեռ մյուսները մտահոգ են, թե այդ քայլը ծայրահեղ միջոց է։

«Չեմ կարծում, որ դիմակների արգելքը անհրաժեշտություն է։ Մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան»։

«Եթե դիմակ կրելու համար բժշկական ցուցում չկա, ընդհանրապես չպետք է այն կրել։ Կան մարդիկ, որոնք օգտագործում են դիմակը հանցագործություն կատարելու և իրենց ինքնությունը թաքցնելու համար, ինչը բերում է անկարգությունների»։

Քննարկումները շարունակվում են, և նյույորքցիները պետք է որոշում կայացնեն աշխարհի ամենածանրաբեռնված մետրոներից մեկում անվտանգության և անձնական ազատությունների միջև ճիշտ լուծում գտնելու վերաբերյալ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728