ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգը երգած օտարերկրացիների տեսանյութը համացանցում հրապարակած եւ Հայաստանի իշխանություններին այդ առիթով ամոթանք տված արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն:
«Կցանկանայի թարգմանել այդ, այսպես ասած, քրեական գործը, որը հարուցվել է եւ դեռ չի փակվել: Շատերը հարցնում են, թե որտեղի՞ց այդ նկարահանումը: Այդ հարցերը նախ եւ առաջ, ըստ երեւույթին, հենց ԱԱԾ-ն է դրել եւ ստացել է բավարար պատասխան:
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Ղարիբ Բաբայանը իր էջում տարածել է այն տեսանյութը, որտեղ փողոցի խուժանների մակարդակ ունեցող անձինք լկտի, գռեհիկ ձեւով հայերի ազգային արժանապատվությունը ուղղակի հողին են հավասարեցնում: Այնինչ, նրանք փողոցից չեն այնտեղ հայտնվել: Եթե որեւէ մեկը մինչեւ հիմա դեռ կասկածում է, որ դրանք հատուկ ձեռնարկվող ակցիաներ են, կարող եմ օրինակ բերել, որ երեկ տարածվեց նյութ, որ հիմա էլ Թիֆլիսի կենտրոնում էլի մի խումբ, կարծես թե, պատահական երիտասարդներ հայերին ձեռ առնելով երգում են ինչ-որ երգեր: Եվ մինչեւ անգամ ազգությամբ վրացուհի անջատել է այդ երաժշտությունը:
Այսինքն, սրանք այն գործողություններն են, որով Ադրբեջանը շարունակում է նսեմացնել հայերին եւ հայությանը: Տվյալ դեպքում անգամ զուտ պետականության մասին չէ խոսքը, այլ՝ հայության: Ինչո՞ւ եմ դա ընդգծում, որովհետեւ դա ցեղասպանության դրսեւորումներից մեկն է: Միշտ ցեղասպան կողմը ոչ միայն ոչնչացնում է ֆիզիկապես, այլեւ անում է ամեն ինչ, որ ողջ մնացածները ամաչեն ցեղասպանությանը ենթարկված ազգի պատկանելիությունից:
Կարդացեք նաև
Սա հայտնի ճշմարտություն է, ցեղասպանագետների դպրոցների՝ վաղուց հայտնաբերած ճշմարտությունը: Հիմա ԱԱԾ-ն իր պանծալի աշխատողներով, իրոք, պետք է հստակեցնի, թե ովքեր են նրանք: Այս դեպքում նրանք դեռ գտնվում են Հայաստանում: Ես մերժում եմ իրանցի արտահայտությունը: Իրանցի արտահայտություն չկա: Իրանի քաղաքացիներից Հայաստան այցելողների մեջ մեծ մասը ադրբեջանցի են: Ես որպես կենդանի վկա, դեռ 90-ականներին, երբ Իրանից եկած ինչ-որ քաղաքացիներ բացում էին ինչ-որ խանութներ, պարզ լսել եմ: Նրանք խոսում են ադրբեջաներեն, այլ ոչ թե պարսկերեն:
Այս առումով պետք է ասեմ, որ այն, ինչ անում են մեր ուժային ծառայությունները, իրականացումն է այս օրվա իշխանությունների քաղաքականության: Այն է՝ ամբողջովին սպասարկել հայերի հանդեպ ցեղասպանություն իրականացնելու թուրք-ադրբեջանական քաղաքականությունը եւ գործողությունները»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ