«Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ պետք է իրականացնի Ադրբեջանի առաջ քաշած բոլոր կետերը, որպեսզի խաղաղություն լինի։ Կեղծ խաղաղության օրակարգ է, որն իրականում գոյություն չունի։ Խաղաղության օրակարգը կարող է ձեռնարկվել միայն այսօրվա կառավարող իշխանության հեռացնելուց հետո»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյան։
Անդրադառնալով ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն պնդումներին, թե առողջապահության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ են գործում, Հենրիխ Դանիելյանն ասաց․ «Առնվազն տարակուսելի է, որ նա, լինելով իշխանության ներկայացուցիչ, խոսում է այդ մասին, բայց հաղորդում չի տալիս, պատկան մարմիններին չի դիմում, որ գործ հարուցեն ու մեղավորներին կալանավորեն։ Վահագն Ալեքսանյանն ասում է՝ երբ քաղաքացիներից հիվանդանոցում պետպատվերի շրջանակում գումար են կորզում, այսինքն՝ քաղաքացուց վերցնում են գումար, բայց իրականում պետպատվերի տակ են անում և գումարը գրպանում են, խաբում են քաղաքացուն և պետությանը, բայց ինչպես տեսնում եք՝ որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում։ Հարց է առաջանում՝ դուք մոռացե՞լ եք, որ դուք իշխանության ներկայացուցիչն եք և պետք է պատասխանատվություն կրեք դրա համար։ Մենք գիտենք, որ ՀՀ-ում կոռուպցիա կա, որ կան մարդիկ, որոնք իրենց բարեկամների տենդերներ են տալիս․ հազարավոր են այդ դեպքերը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ