2024-ին ՈԱԱԿ գործունեությունը ուղղված է եղել հայաստանյան բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների կարողությունների միջազգային ճանաչմանը․ այս մասին փետրվարի 3-ին, «Արմենպրեսի» մամուլի սրահում ամփոփելով 2024-ի գործունեությունն, ասաց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։ Ասուլիսին մասնակցում էր նաև ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը, ով ներկայացրեց Հիմնադրամի հիմնական ձեռքբերումներն ու ընթացիկ տարվա առաջնահերթությունները։
Հավատարմագրման նոր շեշտադրումները
Պարոն Թոփչյանը շեշտեց, որ հիմնադրման պահից՝ 2008 թվականից, ՈԱԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրվել է միջազգայնացման ուղղությունը, որը նաև ընդգծվում է Կառավարության առաջնահերթություններում և ոլորտային օրենքներում։
«Առաջնորդվելով այդ իրողությամբ՝ նախորդ տարի թարմացրել ենք Հավատարմագրման հանձնաժողովի կազմը։ Եվ նոր Հավատարմագրման հանձնաժողովը շեշտադրում է միջազգային չափանիշներին համահունչ կրթության իրականացումը բուհերում և քոլեջներում, դասախոսական անձնակազմի շարունակական զարգացումը և ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև՝ որքանով են կառավարման օղակները բացահայտում այդ ուղղությունների խնդիրները և առաջնորդվում այդ տիրույթների բարելավման ռազմավարական ծրագրերով»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Պարոն Թոփչյանն ընդգծեց՝ ՈԱԱԿ-ը հավատարմագրման միջոցով շուրջ 10 տարի է՝ խթանում է բուհերում ռազմավարական, տվյալահենք կառավարումը, և այդ ուղղությամբ հաջողություններն արդեն ակնառու են․ «Հանձնաժողովի նախկին կազմը շեշտադրում էր որակավորումների արժանահավատ շնորհումը։ Հիմա խոսում ենք այն մասին, որ ուսուցման չափանիշները համապատասխանեն միջազգային պահանջներին, դասախոսական կազմը շարունակական զարգացում ապրի, և ՄՈՒՀ-ի կառավարող մարմինը խթանի բոլոր դասախոսների մասնագիտական ու մեթոդական վերապատրաստումները, նաև առկա լինի ռեսուրսների արդյունավետ օգտագործում։ Այսօր դժվար է պատկերացնել ռեսուրսով լիովին ապահովված որևէ ուսումնական հաստատություն, քանի որ արդյունաբերությունը շատ ավելի արագ է զարգանում, քան բուհերը կարողանում են փոփոխություններ իրականացնել։ Ուստի կարևոր է, որ գործատուներին ուսումնական գործընթացում ներառելը ռազմավարական առաջնահերթություն լինի ուսումնական հաստատության համար»։
Կրկնակի հավատարմագրումը՝ նոր միտում
Շարունակելով միջազգայնացման թեման՝ Ռուբեն Թոփչյանը նշեց, որ բուհերն այժմ ձգտում են կրկնակի հավատարմագրում ստանալ՝ ազգային և օտարերկրյա կառույցի կողմից։ ՈԱԱԿ-ը Ֆրանսիայի Հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման բարձրագույն խորհրդի (HCERES) հետ համատեղ հավատարմագրել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը։ 2024-ին համատեղ հավատարմագրումներ իրականացնելու վերաբերյալ հուշագիր է ստորագրվել գերմանական (AQAS) և բրիտանական (QAA) հավատարմագրման գործակալությունների հետ:
Ներկայացնելով համատեղ հավատարմագրումը՝ Ռուբեն Թոփչյանը նշեց․ «Այս պարագայում հավատարմագրող երկու կառույցների չափանիշներով է կազմակերպվում գործընթացը, երկու կառույցները փորձագետներ են ներգրավում, դիտարկվում են և ազգային, և միջազգային չափանիշները, իսկ արդյունքում բուհը կրկնակի հավատարմագրում է ստանում»։
Նրա խոսքով՝ համատեղ հավատարմագրումը կնպաստի հայաստանյան չափանիշների շարունակական զարգացմանը, իսկ մեր երկրի պահանջները և համատեքստը հաշվի կառնվեն հավատարմագրման գործընթացում։ «Դա կբերի նրան, որ միջազգային ուսանողների հոսք կառաջանա դեպի մեր երկիր»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՊՏՀ-ն ինստիտուցիոնալ և 3 ՄԿԾ-ների ծրագրային հավատարմագրման է դիմել, որն իրականացնելու են AQAS-ը և ՈԱԱԿ-ը։
Հավատարմագրման ազդեցությունը
Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը տեղեկացրեց, որ 2024-ին ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցել 22 քոլեջ և 3 բուհ, փորձագետները դիտարկել են 75 ՄԿԾ։ «Կրթական ծրագրերի բարելավումը մեր առաջնահերթությունների շրջանակում է եղել տարիներ շարունակ, և 2024-ին դա հատկապես շեշտադրվել է․ ուսումնասիրել ենք ուսուցման գործընթացը և բուհերի ու քոլեջների ուշադրությունը հրավիրել ուսանողակենտրոն ուսուցման վրա՝ կարևորելով, որ յուրաքանչյուր ուսանողի առաջընթացը լինի առաջնահերթություն։ Ուշադրության կենտրոնում է եղել նաև ձևավորող գնահատումը, և ուսանողին տրվող շարունակական, իր կարողություններին համապատասխան հետադարձ կապը »,- ասաց Վարդուհի Գյուլազյանը։
Նա շեշտեց, որ ՈԱԱԿ-ի կողմից շնորհված հավատարմագրման մասին տեղեկությունները, փորձագիտական զեկույցները հասանելի են Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանի (EQAR) Արտաքին գնահատման փորձագիտական զեկույցների բազայում (DEQAR)` հասանելի լինելով միջազգային փորձագետներին և ուսանողներին։
«Եվրոպական կառույցները ուշադրություն են դարձնում, թե արդյոք շրջանավարտը հավատարմագրված բուհից է։ Նրանք դիտում են այն ռեգիստրները, որտեղ մենք հրապարակում ենք մեր ուսումնական հաստատությունների հավատարմագրման արդյունքները։ Մենք թափանցիկ ներկայացնում ենք մեր երկիրը»,- նշեց ՈԱԱԿ տնօրենը։
Խոսելով հավատարմագրման ազդեցության մասին՝ Գյուլազյանը նշեց, որ բուհերն արդեն հիմնականում 3-րդ շրջափուլով են հավատարմագրում անցնում, իսկ 8 քոլեջներ՝ 2-րդ շրջափուլով․ «ՈԱԱԿ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավատարմագրումների արդյունքում կառավարման գործընթացները բարելավվել են։ Մի քանի շրջափուլ հավատարմագրում անցած ուսումնական հաստատություններում կա ռազմավարական կառավարում, դասախոսական կազմի համալրումը դարձել է համակարգված, բարելավվել է վերջնարդյունքահեն կրթությունը։ Որակի ապահովման մշակույթ է ներդրվել, և այժմ փորձում են այն տարածել ամբողջ հաստատությունում»։
«Նախկինում ռազմավարական ծրագիրը պարզապես փաստաթուղթ էր, որ պետք է լիներ։ Այսօր ռազմավարական ծրագիրը դարձել է գործող փաստաթուղթ. երբ ուսումնական հաստատությունը մշակում է ռազմավարական ծրագիր, այն կետ առ կետ կատարում է, քանի որ այդ կատարման արդյունքները հավատարմագրման ընթացքում ներկայացվում և վերլուծվում են,– ասաց ՈԱԱԿ տնօրենը։-Ռազմավարական կառավարումը շատ կարևոր է ցանկացած ուսումնական հաստատության կառավարման համար, և դա հավատարմագրման կիզակետում է գտնվում»։
Քայլեր ՄԿՈՒ ոլորտի միջազգայնացման ուղղությամբ
Անդրադառնալով ՄԿՈՒ ոլորտի միջազգայնացման ուղղությամբ աշխատանքներին՝ Վարդուհի Գյուլազյանը նշեց, որ 2024-ին ՈԱԱԿ նախաձեռնությամբ Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) միջազգային փորձագիտական խումբը ՀՀ ՄԿՈՒ համակարգի գործընկերային գնահատում է իրականացրել։
«ETF փորձագետները գնահատել են ձևավորող գնահատումը ՄԿՈՒ հաստատություններում: Նաև ETF-ի հետ սկսել ենք ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործիքի փորձարկումը, գործընթացի ավարտին ETF-ի հետ համատեղ ստանալու ենք գործիք, որը հնարավորություն կտա դուրս բերել համակարգի ուժեղ կողմերը և բարելավման ենթակա ուղղությունները»,- ասաց Գյուլազյանը՝ շեշտելով, որ միջազգային փորձագետները տպավորված էին ձևավորող գնահատման դրսևորումներով ՄԿՈւ հաստատություններում, բայց նաև բարելավման որոշակի խորհրդատվություններ են եղել, հատկապես գործատուների մասնակցությունը մեծացնելու և ֆորմալ հիմքերի վրա դնելու առումով։
2025 թվականի առաջնահերթությունները
Անդրադառնալով 2025-ի առաջնահերություններին՝ Վարդուհի Գյուլազյանը նշեց․ «Հավատարմագրման գործընթացում հատկապես կարևորում ենք գործունեության առանցքային ցուցանիշների ներդրումը, և 2025 թվականին դրանց նշանակությունն էլ ավելի կընդգծվի թե՛ բուհերի, թե՛ ՄԿՈՒ հաստատությունների կառավարման համակարգերում։ Մենք ունենք Էրազմուսի շրջանակներում իրականացվող ծրագիր, որի նպատակը բուհական մակարդակում համակարգային ցուցանիշների մշակումը և ներդրումն է։ Մեր առաջնահերթություններից է լինելու խրախուսել ուսումնական հաստատություններին, որ որոշումներ կայացնելիս հիմնվեն ԳԱՑ–երով (գործունեության առանցքային ցուցանիշներով) ստացված տվյալների վրա»։
Որպես 2025-ի երկրորդ կարևոր առաջնահերություն Գյուլազյանը մատնանշեց կարճաժամկետ կրթական ծրագրերի հավատարմագրումը և ճանաչումը․«Վերջին շրջանում շատ է քննարկվում նաև կարճաժամկետ կրթական ծրագրերի դերը։ Հաճախ մասնագետները վերապատրաստման կամ վերաորակավորման անհրաժեշտություն են ունենում։ Սակայն կարճաժամկետ կրթական ծրագրերը ճանաչման խնդիր ունեն։ Որպեսզի դրանք ճանաչվեն թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակներում, խիստ կարևոր է ապահովել դրանց որակի վերահսկման և ճանաչման գործընթացները»։
Հայկուհի Բարսեղյան
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու